Երևան +13°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 20:00 22-04-2024

Ալիևի վրա նոր ճնշումներ կլինեն․ Ռուբեն Վարդանյանը գերիների հարցը միջազգայնացնում է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ավելի քան 7 ամիս ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս հացադուլ է հայտարարել։ Նա Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն ու Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի վերջին ապօրինաբար ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով:

Վարդանյանի հացադուլը համընկնում է նաև Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց՝ կարևոր է հասկանալ, թե որքան կտևի Ռուբեն Վարդանյանի հացադուլը, որքան նա կդիմանա։ Նրա խոսքով՝ Վարդանյանի այս քայլն ավելի շատ նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։


/Արա Ղազարյան, միջազգային իրավունքի մասնագետ/

Ղազարյանը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ բանտարկված մարդու վրա ազդելու բազմաթիվ տարբերակներ կան, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին։ «Այս առումով դժվար է ասել, թե Ռուբեն Վարդանյանի հացադուլն ինչ ելք կունենա, ինչով կավարտվի։ Գուցե պահման ռեժիմի խստությունը մի փոքր թուլացնեն, կամ ավելի հաճախ թույլ տան զանգել հարազատներին, բայց բոլոր դեպքերում շատ դժվար է ասել, թե ինչ կլինի»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանի նպատակը հարցն էլ ավելի միջազգայնացնելն է, որովհետև վերջինս առանց այդ էլ միջազգային ֆիգուր է։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ նա հուսահատ, բայց ոչ ընկճված վիճակում է, հետևանքով նման ծայրահեղ քայլի է դիմել։

«Պարզ է, որ Վարդանյանն իրավական պաշտպանության միջոցներն անարդյունավետ է համարում։ Ադրբեջանի պարագայում առհասարակ ավելորդ է խոսել իրավական պաշտպանության մասին խոսելը»,- նշեց նա։

Արա Ղազարյանի համոզմամբ՝ մանիպուլյացիան Ադրբեջանի իշխանությունների սիրելի գործելակերպն է։ Նա նկատում է, որ վերջիններս ցանկացած իրավիճակում տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են կիրառում, որոնք կարող են կիրառել նաև Վարդանյանի նկատմամբ։

Միջազգային իրավունքի մասնագետը չի բացառում, որ Վարդանյանի նկատմամբ կարող են նաև ֆիզիկական բռնություն կիրառել, որովհետև նա արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չունի։ «Կարելի է ասել, որ նա նույնիսկ փաստաբան չունի։ Եթե նույնիսկ Ռուսաստանում փաստաբանը կարող էր բարձրաձայնել օրինակ Նավալնու նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքի մասին, սակայն Ադրբեջանի դեպքում փաստաբանը դա էլ չի կարող անել, սա է իրավիճակը»,- նշեց նա։

Արա Ղազարյանը հավելում է՝ հասկանալի է, որ Ալիևի նկատմամբ նոր ճնշումներ կլինեն, ընդ որում ոչ միայն Ռուբեն Վարդանյանի ու Արցախի մյուս ղեկավարների հարցով։

«Մենք տեսանք, թե ինչպես էին ադրբեջանցի փաստաբանները կաշվից դուրս գալիս, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանում ապացուցեին, որ իրենք ռասիստ չեն։ Ալիևի նկատմամբ դեռ շատ ճնշումներ կլինեն, և այս հացադուլն էլ երևի նպատակ է հետապնդում հարցն էլ ավելի միջազգայնացնելու, ինչպես նաև իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան