copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 08:44 20-04-2024

Փաշինյանը գոհ չի եղել բրյուսելյան հանդիպման արդյունքներից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բրյուսելյան հանդիպումից ավելի քան երկու շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը նախօրեին միայն որոշել է թիմի հետ կիսվել իր տպավորություններով, գնահատականներ տալ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը եւ արդյունքներին։

Հիշեցնենք․ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանը հանդիպեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որի արդյունքում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն 300 մլն եվրոյից մի քիչ ավելի աջակցություն խոստացան Հայաստանին՝ առաջիկա 4 տարվա համար, գրանտային ծրագրերի իրականացման տեսքով։ Մինչ հանդիպումը, սակայն, ՔՊ-ում շաբաթներ շարունակ քննարկում էին Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնելու հարցը եւ մեծ ակնկալիքներ ունեին, որ բրյուսելյան հանդիպումը վճռորոշ կդառնա իրենց համար, եթե տրվեն հստակ երաշխիքներ, որ Արեւմուտքը կդիվերսիֆիկացնի Հայաստանի տնտեսությունը, 1-2 միլիարդ փող կտա՝ այդով երաշխավորելով նաեւ մեր անվտանգությունը: Եվ իշխանությունն առանց վարանելու հայտ կներկայացնի, իսկ եթե ոչ, ապա պետք չէ շտապել։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը չէր շտապել լուսավորել կուսակիցներին, որոնց ոգեւորությունը՝ Ռուսաստանից պոկվելու եւ Եվրոպայի գիրկը նետվելու հետ կապված, ակնհայտորեն կոտրվել է Բրյուսելից հետո, եւ որոնք հասկացել են, որ Հայաստանին խոստացված չնչին դրամական աջակցությամբ անգամ մի գործարան հնարավոր չէ կառուցել, ուր մնաց՝ ողջ տնտեսությունը դիվերսիֆիկացնել։ Իսկ նախօրեին ՔՊ գրասենյակում, Փաշինյանի մասնակցությամբ, կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել, որին, պատգամավորներից բացի, շարքային կուսակցականներ էլ են ներկա գտնվել։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց եւ պատասխանել մասնակիցների հարցերին։ Իսկ Փաշինյանն ընդամենը 3 րոպեանոց ելույթ է ունեցել՝ իր գնահատականների եւ տպավորությունների վերաբերյալ, մյուս ելույթների ժամանակ երբեմն-երբեմն տեղից ռեպլիկ-դիտարկումներ է արել։ Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։

ՔՊ-ում Փաշինյանի կարճատեւ ելույթից տպավորություն են ստացել, որ նա այնքան էլ գոհ չէ բրյուսելյան արդյունքներից, չնայած ասել է, որ չի կարելի հանդիպման մասին կարծիք կազմել թվերով, այսինքն՝ այն գումարով, որը որպես աջակցություն են մեզ խոստացել, քանի որ դա միայն այսբերգի երեւացող մասն է, իսկ խորքում հավաքական Արեւմուտքն այդ համաձայնագրով պատրաստակամություն է դրսեւորում լայն եւ երկարատեւ համագործակցության: Միեւնույն ժամանակ հասկացրել է, որ երաշխիքներ էլ չի ստացել, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի գործընթացում առաջացած ցանկացած խոչընդոտ պատրաստ են հարթել, վերացնել անցանկալի հետեւանքները։

Դիցուք, եթե Ռուսաստանը փակի Լարսի ճանապարհը կամ այլ խոչընդոտներ առաջացնի, Եվրոպան չի խոստանում, որ նույն րոպեին կառաջարկի այլընտրանք, ընդամենը ասվել է, որ Հայաստանի տնտեսության եւ անվտանգության հետ կապված բոլոր խնդիրներն իրենց համար քննարկելի են, եթե մեզ ինչ-որ բան է պետք, իրենք պատրաստ են նստել ու քննարկել, կտա՞ն, թե՞ չեն տա, կլուծե՞ն, թե՞ չեն լուծի որեւէ խնդիր, դա արդեն մեծ հարցական է։ Այդուհանդերձ, Փաշինյանն այն կարծիքին է, որ պետք է շարունակել համագործակցությունն Արեւմուտքի հետ։ ՔՊ-ականներից մի քանիսը հետաքրքրվել են արեւմտյան համագործակցության անցանկալի հետեւանքների մասին, ներկայացրել հանրության շրջանում առկա խոսակցությունները, որ Հայաստանին հենց այնպես չեն օգնելու, եւ հարցրել՝ արդյոք մեր երկիրն ինչ-որ պարտավորություննե՞ր է ստանձնել եվրոպական արժեհամակարգի մաս կազմող մերժելի փոխհարաբերությունների առաջ Հայաստանում կանաչ լույս վառելու հարցում: Ասվածը կոնկրետացրել են ԼԳԲՏ համայնքի շահերն առաջ մղելու, Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան վավերացնելու հետ կապված: Նիկոլ Փաշինյանը հումորով փորձել է շրջանցել հարցը՝ ասելով, թե, հա, եղել է նման պահանջ, էն, որ ասում են՝ «գաղտնի պայմանավորվածություններ», այդ պայմանավորվածությունների ժամանակ ենք քննարկել այդ հարցերը, սակայն իր պատասխանով միեւնույն ժամանակ հասկացրել է, որ կոնվենցիան վաղուց է մեր օրակարգում, եւ այն վաղ թե ուշ պետք է վավերացնել։

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան պարբերաբար բերվում է օրակարգ, այն միշտ եղել է ՀՀ-ին պարտադրվելիք ԵՄ ճանապարհային քարտեզի առանցքային կետերից մեկը, չնայած փորձ է արվում շահագրգիռ շրջանակների կողմից ներկայացնել որպես ընտանիքում բռնությունը կանխարգելելու միջոց: Ոմանց գնահատմամբ, այդ կոնվենցիայի իրական նպատակը հայկական ավանդական ընտանիքի արժեհամակարգը քանդելն է, անհասկանալի հարաբերությունների օրինականացումը:

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը, ապա այն փոփոխության չի ենթարկվել, բրյուսելյան հանդիպումներից առաջ կուսակցական փակ ֆորմատով քննարկումների ժամանակ, հիշեցնենք, որ ԱԽ քարտուղարը, կուսակիցների պատմելով, վստահություն է հայտնել, որ Հայաստանի զարգացումը չի կարող տարածաշրջանից դուրս լինել: Իսկ նախօրեի հանդիպմանը Գրիգորյանի ամփոփ տեսակետը եղել է այն, որ իր կանխատեսումներն ըստ էության հիմնովին իրականացել են` ինքը չէր էլ ակնկալում, որ Արեւմուտքն ավելին կառաջարկի, քան առաջարկել է։


Ամենից շատ դիտված

08:53 Ալավերդին ջրի մեջ է. Դեբեդ գետի վարարած ջրերը քանդել են ճանապարհները, քշել, տարել ամեն բան
17:28 Արարատի մարզում ռեստորանի տերը այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն. հրկիզողը հայտնաբերվել է. shamshyan.com
22:59 Հայտնի է Բագրատ սրբազանի սենյակը գաղտնալսելու փորձ արած կնոջ ինքնությունը
15:01 Գեղարքունիքի մարզի պարեկները շրջանավարտներին շնորհավորել են ծաղիկներով. shamshyan.com
11:42 Ինչու է Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք կատարել Վանաձորում
19:38 Բագրատ Սրբազանի սենյակում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել․ տեսանյութ
21:20 Արարատի մարզում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. քոլեջի 3 ուսանողները տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
18:55 Կոտայքում խմած տղամարդը հայհոյել է ոստիկանին, կրակոց արձակել ու հեռացել. shamshyan.com
12:05 Փաշինյանի այցին ընդառաջ ուժայինները լրագրող Անի Գևորգյանին բռնությամբ հեռացրել են Բաղանիսի դպրոցից
21:47 Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը մեկ շրջանավարտ ունի