Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 11:50 19-04-2024

Եթե արցախցիների հարցերը լուծելու համար պետք է լացել՝ լացե՛ք, բայց հարցերը լուծե՛ք

Տեղահանված արցախցիների մոտ առկա պրոբլեմները շարունակում են մնալ չլուծված։ Այդ առումով առանցքային է անձերի խնդիրը։

Կարծիք կա, և այդ կարծիքն ամրապնդվում է Հայաստանի ղեկավարության խոսույթով, որ եթե 2023 թվականի ամռանն Արցախում նախագահի փոփոխություն չլիներ՝ ՀՀ կառավարությունը կշարունակեր «հաճույքով» համագործակցել Արայիկ Հարությունյանի հետ։

Չենք վիճարկում, իսկապես Փաշինյան-Հարությունյան գործակցությունը բավական լայն էր, թեև նույն Փաշինյանն էր մի անգամ առիթ գտել և «մուննաթ եկել», որ Արցախ ուղարկված փողերով անգամ բադրիջանի արտադրություն չի կազմակերպվել։

Ինչևէ, հիմա Արայիկ Հարությունյանը, ցավոք, պատանդառված արցախցի պաշտոնյաների շարքում է, գտնվում է Բաքվում։ Ի դեպ, մենք սպասում ենք Հարությունյանի հարցազրույցին, որն անոնսավորվել էր Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ, բայց առայսօր չի հրապարակվել։

Արցախի իշխանությունը, անկախ այն բանից, կա՞ Հայաստանում երկրորդ կառավարություն, թե՝ ոչ, բայց գտնվում է Երևանում։ Եվ այդ իշխանությունն իր ժողովրդի նկատմամբ ունի չկատարած մի շարք պարտավորություններ, որոնց ապահովման համար պետք է դիմի Նիկոլ Փաշինյանին կամ վերջինիս ենթականերին։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի նախագահը, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իրենց հերթին փորձում են կապի դուրս գալ հայաստանյան գործընկերների հետ, սակայն ոչինչ չի ստացվում։ Նշվում է, որ «հավանաբար, ասելիք չունենալու պատճառով»։
Ասելիք չունենալը չի նշանակում, թե արցախյան մարմինների փորձերը պետք է դադարեցվեն կամ նվազեցվեն։ Հակառակը՝ պետք է բոլոր հնարավոր եղանակներով ՀՀ իշխանության օրակարգ մտցնել աղետալի դրությունում հայտնված ժողովրդի կարիքների լուծման հարցը։

Օրինակ, կուտակայինի գումարների վերադարձի հարցով Արցախի խորհրդարանն իրականացրեց օրենսդրական փոփոխություն՝ հնարավոր դարձնելով ֆորսմաժորային այս վիճակում արտահերթ ստանալու կուտակված դրամը։ Խորհրդարանի այդ նախաձեռնության մասին լուրերը տարածվելուց անցել է ամսից ավելի ժամկետ, բայց խնդիրը դրական լուծում առայժմ չի գտնում։ Մարտի վերջին ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետը զեկուցեց, որ Կենտրոնական բանկի առաջարկած՝ կուտակայինի գումարների վճարման միասնական կարգի նախագիծը դրվել է շրջանառության, բայց մի շարք մարմիններ, որոնց համաձայնությունն անհրաժեշտ է փաստաթղթի ընդունման և կիրարկման համար, դեմ են արտահայտվել առաջարկված սկզբունքին։ Այդպիսով, հարցը մնաց առկախված։

Ի՞նչ է ստացվում․ Արցախի խորհրդարանը, փաստորեն նախապես չպայմանավորվելով ՀՀ իշխանության շրջանակների հետ, ընդունում է գումարների վերադարձի մասին օրենսդրական փոփոխություն, որը ոչ մի հիմք չի հանդիսանում հայաստանյան բանկային համակարգի համար՝ վճարելու մարդկանց՝ տարիներով հարկ վճարելու արդյունքում հավաքված գումարները։ Իսկ ի՞նչ է անում նույն Արցախի խորհրդարանը, որևէ փորձ անու՞մ է ապահովելու իր իսկ ընդունած որոշման կատարումը, թե՞ Արցախի պատգամավորները միայն զբաղված են երկրից դուրս գալու թույլտվություն ստանալով կամ ՀԿ-ներ «սարքելով»։ Կամ՝ «ընդունելով»՝ հանուն ընդունման։

«Մինչև երեխան չլացի, մայրը չի կերակրի» սկզբունքը ոչ ոք չի չեղարկել, և ուրեմն, Արցախի իշխանությունները պետք է սկսեն «լացել», «բղավել»․․․

Եթե առայսօր օրակարգում տեղ գտած հարցերը չեն լուծվել (իսկ իրականում չեն լուծվել), դա նշանակում է, որ Արցախի իշխանությունները կա՛մ չեն լացել ու բղավել, կա՛մ իրենց լացը բավարար աստիճանի ազդեցություն չունի, ուրեմն պետք է ուժգին լացել։

Տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են բառի բուն իմաստով վատթար վիճակում՝ առանց ապագայի մասին որևէ դրական պատկերացման։ Եվ տեսնելով, որ իրենց հարցերով զբաղվող չկա՝ արտագաղթում են արդեն Հայաստանից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված