Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:20 16-07-2021

Օրենքի հակառակ կողմում կանգնած մարդիկ նոր ու արդիական ճանապարհներ են գտել իրենց հարցերը լուծելու. Հովիկ Աղազարյանը՝ պետհամարանիշների վերաբերյալ նոր օրինագծի մասին

Հուլիս 15-ի կառավարության որոշմամբ՝ կորած զույգ համարանիշների փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի առաջարկվող նախագծով զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի (12 հազար դրամ) դիմաց կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը:

«Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի խոսքով, օրինագիծն, իհարկե դրական քայլ է խնդրի լուծման համար, սակայն պետհամարանիշների կրկնօրինակները քաղաքացուն պետք է տրամադրվեին անվաճար:

«Իհարկե շատ լավ է, որ վերջապես նման նախագիծ ընդունվեց, բայց վատ է, որ վարորդը պետհամարանիշի կրկնօրինակը ստանալու համար պետք է կրկին պետտուրք վճարի: Ես կարծում եմ, որ այն պետք է անվճար տրամադրվեր քաղաքացուն: Ի վերջո, քաղաքացին մեղավորություն չունի, որ իր պետհամարանիշը գողացվել է: Ուստի ծախսերը պետք է պետությունը հոգա, քան որ շարքային քաղաքացին հարկեր է վճարում իր գույքի համար պահպանման և անձեռնամխելության համար»,- Օրագիր.news-ի հետ զրույցում նշեց Տիգրան Քեյանը:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ գտնում է, որ տվյալ ծառայությունը ծախսեր է նախատեսում, չնայած պետությունը պետք է հոգա քաղաքացու կարիքները. «Դե, բոլոր դեպքերում այդ ծառայությունը ծախսեր է ենթադրում: Այսօրվա գործող օրենքով, եթե գողանում են, կարծեմ, էլի վերականգնում են սիմվոլիկ գումարի դիմաց: Դա էլ է խնդիր, իհարկե, պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացու գույքի անձեռնմխելիությունը: Այս ամենը պետք է հավասարակշռվի, թե պետության պատասխանատվության, թե քաղաքացիների պատրաստակամության իմաստով»:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշումը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

«Օրենքն ուժի մեջ է մտնելու 3 ամիս հետո, սակայն այն հետադարձ ուժ է ունենալու նաև նախորդ տարվա ընթացքում կատարված դեպքերի համար ույնպես: Այսինքն, եթե իմ մեքենայի համարներն այսօր գողանան, ես կարող եմ 3 ամիս մեքենան չշահագործել, հետո վճարել ու ստանալ պետհամարանիշներս: Իհարկե չի բացառվում, որ այս ամիսների ընթացքում գողությունները չեն շատանան, ամեն դեպքում մինչ օրենքի ուժի մեջ մտնելը դրանք կշարունակվեն»,- նշեց Քեյանը և հավելեց, որ չի կիսում այն տեսակետը, որ կառավարությունն օրենքն ընդունել է հանցագործությունները բացահայտելու անարդյունավետ գործունեության արդյունքում:

«Ի վերջո, անհնար է ամեն մեքենայի կողքը մեկ ոստիկան-պահակ կանգնեցնել: Եթե մեկն ավելի արդյունավետ մեխանիզմ գիտի հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու վերաբերյալ, թող աջակցի ոստիկանությանը: Պետք էր մի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ այդ գողություներն անիմաստ լինեին, ինչ էլ արվել է: Եթե ժամանակին քաղաքացին չէր կարողանում վերականգնել իր սեփական պետհամարանիշը, պիտի նորը գներ, ստիպված գործարքի էր գնում հանցագործների հետ, այսուհետ պարզապես պետական տուրք կվճարի և կստանա իր համարները»,- ավելացրեց Քեյանը:

Հովիկ Աղազարյանը, զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ-ի հետ, նշեց, որ ամբողջ աշխարհում նման խնդիրներ կան, ուստի տարբեր մեխանիզմներ են մշակվում: «Օրենքի հակառակ կողմում կանգնած մարդիկ նոր ու արդիական ճանապարհներ են գտել իրենց հարցերը լուծելու, դե կառավարությունն էլ այս տարբերակն է ճիշտ համարել: Սա մի գործընթաց է, որ անընդհատ դեռ ճշտկվելու է, փոխություններ են ու նոր զարգացումներ են լինելու: Այսօրվա դրությամբ էլ ԱՄՆ-ում, որտեղ օրինականության ամրապնդման մի քանի 100 տարվա պատմություն գոյություն ունի, տարբեր բնույթի խախտումներ են լինում, երբ քաղաքացու իրավունքը ոտնահարվում է, բայց իրենց մոտ իհարկե քաղաքացու նկատմամբ պետության պարտավորությունները, պետք է ընդունել, որ ավելի բարձ մակարդակի են, ավելի պատասխանատու է պետությունը, քանի մեր մոտ: Դե մենք էլ այդ ճանապարհը պետք է անցնենք, իհարկե ոչ 100-ամյակիների ընթացքում, այլ, հաշվի առնելով միջազգային փորձը, ավելի արագ»,- ասում է Աղազարյանը:

Նրա խոսքով, թեմային բավականին լուրջ և զգոն է պետք մոտենալ. «Պետհամարանիշները տարբեր պատճառներով են կորում. կարող է չարակամ դրսևորում լինել, երբ պետհամարանիշը մեկը վերցնի, տեղադրի իր մեքենայի վրա, օրինազանց քայլ կատարի ու մաքրի իր հետքերը: Օրինագիծը դրական եմ համարում, բայց պետք է հաշվի առնել իրավապահ մարմինների այն կարծիքը, թե ինչ պետք է արվի հենց այդ դեպքերի համար: Եթե այդ հարցը կարգավորվի, մնացածը նորմալ է: Մյուս տարբերակն էլ այն է, որ գողանում են ու վճար պահանջում վերադարձնելու համար: Սրանք բավականին լուրջ հարցեր են, որոնք պետք է հաշվի առնել»: