copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:57 18-04-2024

Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը

Արցախում 2020 թվականի նոյեմբերին 5 տարով տեղակայված ռուսական զորակազմն 2024 թվականի ապրիլի 16-ից սրընթաց արագությամբ լքում է տարածաշրջանը։

Գործունեությունը վաղաժամ դադարեցնում է նաև 2021 թվականի հունվարից Ակնա (Աղդամ) քաղաքում գործարկված՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը։

Այսպիսով, տարածաշրջանում ռուսական զինվորական ներկայությունն ավարտվում է՝ ի տարբերություն թուրքականի։

Ո՞րն է, արդյոք, ռուսական կոնտինգենտի հեռանալու իրական պատճառը։ Այս հարցն, իհարկե, պատկանում է պետական կամ գոնե ծառայողական գաղտնիքի կարգավիճակ ունեցող տեղեկությունների դասին և դժվար թե երբևէ ուղիղ պատասխան գտնի, սակայն ռուսական զինվորական ներկայության հեռացմանը նախորդել են մի քանի՝ բավական նշանակալի իրադարձություններ։

Դրանցից է, օրինակ, իրանա-իսրայելական կոնֆլիկտի կտրուկ սրացումը, որը ցանկացած պահի սպառնում է վերաճել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։ Այդ առիթով նշենք, որ նաև Իսրայելի գործուն աջակցությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացնելով, մասնավորապես, Արցախի հարավային թևը, Ադրբեջանը թույլ էր տվել արաքսամերձ տարածքներում տեղակայել իսրայելական հետախուզական բջիջներ։ Դրանք, «խելացի գյուղատնտեսական գոտու» ստեղծման քողարկմամբ, լրտեսական գործունեություն են իրականացնում տվյալ տեղանքով անցնող Իրանի սահմանի երկայնքով։ Սրա մասին Իրանում վաղուց են տեղյակ, և նրանց բավական նյարդայնացնում է դա, ինչի կապակցությամբ իրանական պաշտոնական շրջանակները՝ հատկապես ԶՈւ ԳՇ-ն և ԱԳՆ-ն, բազմաթիվ անգամ հանդես են եկել հայտարարություններով։

Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ռուսական կոնտինգենտի դուրսբերմանն անմիջապես նախորդել է Պուտին-Ռայիսի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, ապա հնարավոր է, որ ՌԴ զորախմբի հեռանալը տարածքից նախորդում է հարևան Իրանի շուրջ ակտիվ գործողությունների սկսման փուլին։

Դիտարկման արժանի է նաև այն վարկածը, որ երկար չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մեծ հաշվով փակուղի մտնելով՝ դարձել է անիրականանալի։ Ըստ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Ադրբեջանի հիմնական և նախիջևանյան հատվածների հաղորդակցության ապահովման համար պետք է Հայաստանի տարածքով տրվեր ճանապարհ, որը կգործեր ՌԴ ԱԴԾ հսկողությամբ։ Ադրբեջանա-թուրքական տանդեմն այդ ճանապարհին փորձում էր տալ սուվերեն միջանցքի կարգավիճակ՝ որպես Լաչինի միջանցքի «փոխհատուցում», սակայն այդ աստիճանի անկախ հաղորդակցությունը ձեռնտու չէ հատկապես Իրանին, որը դրանով, միանգամայն իրավացիորեն, իր անվտանգության նկատմամբ սպառնալիք է տեսնում և քանիցս բացահայտ հակառակ խոսույթ է կիրառել այդ ճանապարհի կամ «միջանցքի» ստեղծման նկատմամբ։ Այդօրինակ ուղիղ արտահայտված իրանական մտահոգությունները չէին կարող հաշվի չառնվել տարածաշրջանային խաղացողներ Թուրքիայի և Ռուասատանի կողմից, ինչի արդյունքում, փաստորեն, Հայաստանի տարածքով անցումը դեպի Նախիջևան և հակառակ ուղղություններով, կարելի է ասել՝ չեղարկված կամ անորոշ ժամկետով հետաձգված է։ Եվ, քանի որ ռուսական կոնտինգենտն Արցախի տարածք էր մտել որպես խաղաղապահ, իսկ այդ առաքելությունը ջախջախիչ և վերջնական պարտություն կրեց անցած սեպտեմբերին, ինչպես նաև հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցք» նախագծի չեղարկումը կամ սառեցումը, տարածաշրջանում ՌԴ զորքերի հետագա մնալն ամբողջությամբ իմաստազրկվում է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայությանը, ապա հայտնի է, որ համաձայն Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագրի, Ադրբեջանի ռազմական համակարգում՝ պաշտպանության նախարարությունում, ԶՈւ գլխավոր շտաբում, պետական սահմանապահ ծառայությունում, պետական անվտանգության ծառայությունում և հնարավոր է՝ նաև այլ ուժային կառույցներում թուրք բարձրաստիճան զինվորականները զբաղեցնում են ղեկավար դիրքեր՝ տեղակալների, խորհրդականների, հրամանատարների կարգավիճակներով։ Այլ կերպ ասած, Ադրբեջանում և նրա կողմից օկուպացված Արցախում շարունակում են իրենց գործունեությունը թուրքական, այսինքն՝ ՆԱՏՕ-ական զինվորականները։ Պետք է նշել, որ Իրան-Իսրայել հակամարտության վերաճումը պատերազմի՝ գնալով, դժբախտաբար, ավելի ու ավելի իրական է դառնում, և քանի որ Իսրայելն օգտվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությունից, ուրեմն հիմնազուրկ չէ այն կարծիքը, որ մոտալուտ պատերազմի ընթացքում միանգամայն հնարավոր է թուրք-ադրբեջանական զինվորականների և օկուպացված Արցախի տարածքում ներդրված ռազմական ենթակառուցվածքների ներգրավումն Իրանի դեմ հնարավոր հարվածներին։ Հարկ է նշել մի շարք իրանական լրատվամիջոցների՝ վերջին օրերի հաղորդումներն առ այն, որ Իսրայելն ու Ադրբեջանը պայմանավորվել են Իրան-Ադրբեջան սահմանային հատվածում գործող մի քանի ռազմական օբյեկտների կառավարումն Իսրայելին հանձնելու մասին։

Հետևելով իրադարձություններին փաստենք, որ Ադրբեջանի տարածքը կարող է այդպիսով դառնալ ակտիվ և լայնամասշտաբ պատերազմական գործողությունների թատերաբեմ՝ որոշակի զարգացումների դեպքում ընդլայնվելով դեպի հայաստանյան հատված։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
09:18 Մյասնիկյան պողոտայում Kia-ն կոտրել է արագաչափն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
16:40 Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս պայթյունից վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել. shamshyan.com
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
08:07 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ Հրապարակ
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
21:33 Հովհաննես Դավթյանը` որպես ուղիղ ճանապարհ. արցախցի հայտնիներն էլ քաղաքականությամբ չէին զբաղվում
13:30 Հերոսների ծնողներին քարշ տալը «մարսած» Հայկազ Ջոմարդյանն անցել է լրագրողներին 
19:57 Երևանը պետք է ոտքի կանգնի․ Ժիրայր Սեֆիլյան
15:40 Փաշինյանը վտանգավոր շեշտադրումներ է անում. Մայիսի 1-ն ի՞նչ տոն է