copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 09:06 17-04-2024

Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հրապարակի» զրուցակիցը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նարեկ Մալյանն է, ում նկատմամբ օրերս առաջին ատյանի դատարանը դատավճիռ արձակեց։

- Դատարանը Ձեզ 1 տարվա ազատազրկման դատապարտեց, որից 7 ամիսն արդեն կալանավայրում եք, 5-ը դեռ առջեւում է։ Ձեզ նախկինում էլ են նման մեղադրանք առաջադրել, սակայն արդարացվել էիք, այս անգամ ինչո՞ւ դատապարտեցին, իշխանությունները Ձեզ պատժո՞ւմ են, թե՞ ցանկանում են չեզոքացնել՝ հնարավոր նոր զարգացումներից առաջ, հաշվի առնելով, որ գարուն է, իսկ գարնանը քաղաքական կյանքն ակտիվանում է։

- Որքան եմ նստել, որքան է մնացել... մաթեմատիկան ինձ բացարձակ միեւնույն է: Ինձ իմ ապօրինի ազատազրկումն այդքան չի հետաքրքրում, որքան այս իշխանավորների ապօրինի ազատությունը: Ինձ չեն կարող նեյտրալիզացնել: Կալանքները կանխատեսելի էին, գնալով իշխանությունն ավելի է կոշտացնելու իր մեթոդները: Բոլոր քաղբանտարկյալների հիմնական ձեռքբերումը համարում եմ իշխանությունների «ժողովրդավար» դիմակի պատռումը, ինչն իշխանության համար անդառնալի հետեւանք է: Ռեպրեսիան ցանկացած իշխանության ամենավերջին գործիքն է: Մի քիչ ցինիկ է հնչում, բայց որքան շուտ իշխանությունը ձեւական դեմոկրատիայից անցում կատարի ռեպրեսիաների, այնքան շուտ կավարտվի: Քաղբանտարկյալներն իրենց գոյությամբ հասան այդ վերջնական եւ անջնջելի արձանագրմանը: Իշխանությունն այլ ելք չունի, քան շարունակել ռեպրեսիաները` հընթացս ավելացնելով դրանց կոշտության եւ ապօրինության դոզան: Սա իր հերթին գեներացնում է հանրային ատելություն եւ իրական հակազդեցություն: Այս պահին իշխանությունը պատմականորեն ամենաատելին է, եւ այդ ատելությունը գնալով խորանում է: Ես ՔՊ-ականների փոխարեն լինեի, խորապես կմտահոգվեի այս հեռանկարից: Ատելության գերդոզավորումը կարող է անկառավարելի դարձնել հանգուցալուծումը: Ինչ վերաբերում է գարնանը, պայքարի համար բոլոր եղանակները հարմար են: Ֆիդել Կաստրոն Ամանորի գիշերն իրականացրեց Կուբայի հեղափոխությունը:

- Ի՞նչ եք պատրաստվում անել 5 ամիս անց, երբ ազատության մեջ լինեք։ Ակտիվ քաղաքական-հասարակական կյանքո՞վ եք ապրելու, թե՞ արձակուրդ կվերցնեք։

- Երբ ինձ բանտարկեցին, Արցախը հայկական էր: Ես բանտում այդպես էլ չադապտացվեցի այդ կորստին: Տպավորություն է, որ սա մղձավանջ է, եւ արթնանալուն պես ցավը կանցնի: Առաջին հերթին բանտից դուրս գալուց պետք է ադապտացվել նոր ու ցավալի իրականությանը: Ես, անկեղծ, չգիտեմ՝ նման տեմպերով 5 ամսից իմ հայրենիքից ինչ մնացած կլինի: Արդյոք ես 5 ամիս անց ընդհանրապես հայրենիք կունենա՞մ: Դատարանի վճռից բոլորին ակնհայտ դարձավ իշխանության կոշտ եւ բացահայտ միջամտությունը դատավորների վրա: Ինքնավստահ իշխանությունը երբեք նման գռեհիկ ապօրինությունների չի գնա: Հետեւաբար փաստենք, որ այս իշխանությունն այլեւս անվերադարձ զրկված է հանրային աջակցությունից, եւ հույսը ռեպրեսիաներն են: Սա խոսում է իշխանության դիրքերի թուլության մասին, եւ, հավատացնում եմ՝ արժեր անցնել հալածանքների եւ բանտարկության Գողգոթան, որպեսզի այդ ճանապարհին քո աչքերով տեսնես իշխանության սարսափը: Հանրային կյանքն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Ինձ համար դա հանրության առաջ հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունների ծանր բեռ է, որի ծանրությունը համբերատար կրում են նաեւ իմ հարազատներն ու իսկական ընկերները: Երբեք չեմ հասկացել այն գործիչներին, ովքեր մեկ հատ ավել հարցազրույցի համար իրար գլուխ են ջարդել: Ասելիքի բացակայության պայմաններում խոսում են միայն զավզակները: Ինձ համար պայքարի ֆորմատը միշտ եղել է երկրորդական: Նման պայքարների ժամանակ բանտը հարկադիր արձակուրդն է:

- Հետեւո՞ւմ եք քաղաքական զարգացումներին` օրակարգում Տավուշի 4 գյուղերի հանձնումն է, ի՞նչ հանգուցալուծում կստանա հարցը, հանրային-քաղաքական դիմադրություն կլինի՞։

- Տարածքներ՝ իշխանության դիմաց: Սա այս իշխանության կարգախոսն է: Սրանք հանուն մի քանի օրով իրենց իշխանության երկարացման, պատրաստ են թշնամուն հանձնել ամեն ինչ: Իշխանությունը պահելը սրանց համար դարձել է կյանքի նպատակ: Դիմադրությունը եւ բողոքի ցույցը պայքարի լրիվ տարբեր մեթոդներ են: Դա սահմանվել է 1970 թ., Գերմանիայում: Երբ մարդիկ ինչ-որ երեւույթի հետ համաձայն չեն լինում, իրականացնում են բողոքի ցույցեր: Երբ մարդիկ հասկանում են, որ բողոքի ցույցերով անհնար է կանխել անցանկալի երեւույթը, անցնում են գործնական քայլերի կազմակերպման, այսինքն՝ դիմադրության: Մեր երկրում առայսօր հստակություն չկա պայքարի մեթոդիկայի մասով: Արդյունավետ դիմադրություն կլինի այն ժամանակ, երբ այդ դիմադրությունը կազմակերպեն վճռական առաջնորդներ:

- Ընդդիմությունը վերջին շրջանում Ոսկեպարում է, հանրահավաք տեղի ունեցավ, գո՞հ եք ընդդիմության գործողություններից: Եթե ազատության մեջ լինեիք, ի՞նչ կանեիք:

- 6 տարի է, ինչ իշխանության է այս ազգակործան խմբակը: 6 տարվա պայքարի ընթացքում ընդդիմությունը նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը: 6 տարվա ընթացքում այդպես էլ հանրությանը չի ներկայացվել նույնիսկ ամենատարրական հարցի պատասխանը` արդյոք կա՞ Նիկոլին փոխարինող կոնկրետ մարդ: Այս 6 տարիների ընթացքում մեր բոլորի աչքի առջեւ ընդդիմադիր զավզակներն իրարից միկրոֆոն էին խլում հարթակում, իսկ երբ գալիս էր վճռական առաջնորդության պահը, տարբեր պատճառաբանություններով հրապարակում հավաքված մարդկանց ցասումը փոխակերպում էին իշխանությանը ձեռնտու անիմաստ գործողությունների: Օրակարգ, Ծրագիր, Վճռականություն․․․ Այս 3 պարտադիր բաղադրիչներից նույնիսկ մեկի բացակայությունը հարթակում կանգնած խրոխտ ելույթ ունեցողին դարձնում է զավզակ, շառլատան: Սիրելի հայեր, եթե ձեզ փողոց դուրս գալու եւ առաջնորդելու կոչ անողն այս 3 բաղադրիչներից նույնիսկ մեկը չունի, ձվերով ու պոմիդորներով հարվածեք այդ սրիկային, մի թողեք, որ ամեն պատահական մարդ առաջնորդության հայտ ներկայացնի: Անվճռական, անօրակարգ եւ անծրագիր առաջնորդներն ուղղակի գանձ են այս իշխանության համար: Եթե ես լինեի ազատության մեջ, կանեի այն, ինչ արել եմ վերջին 6 տարում: Կփորձեի ձեւավորել գրագետ եւ իրապես հայրենասեր առաջնորդություն: Երեւանում, այլ ոչ թե Ոսկեպարում ստեղծել արդյունավետ դիմադրության օջախներ: Հանրությունը պատրաստ է, պակասում են իմ թվարկած 3 կետերով առաջնորդները: Ի դեպ, հանուն արդարության ցանկանում եմ շեշտել, որ արդյունավետ առաջնորդների փայլուն թեկնածուներ կան նաեւ այսօրվա ընդդիմության ներսում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մեջ:

- Դուք Սորոսի գրասենյակի դեմ էիք պայքարում, գուցե նաեւ դրա հետեւա՞նքն է, որ այսօր բանտում եք:

- Ես պայքարում էի, պայքարում եմ եւ պայքարելու եմ ՀՀ-ում օտարերկրյա գործակալական ցանցի եւ դրա քայքայիչ գործունեության դեմ: Մենք պարզեցինք, որ ՀՀ-ում Սորոսի գրասենյակը գրանցված էր օֆշորում, այսինքն՝ սորոսականները հայրենիքը վաճառելու դիմաց իրենց ստացած գումարները ստանում էին երրորդ երկրից, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայից: Այսօր բանտում ավարտին եմ հասցնում «Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը եւ դրա դեմ արդյունավետ պայքարի մեթոդիկան» գիրքը, որը մասերով հրապարակվում է համացանցում: Ինձ պատժելու եւ լռեցնելու համար գործակալական ցանցի պատվերով նույնիսկ հատուկ հոդված ավելացրին ՀՀ քրեական օրենսգրքում՝ 226.2 հոդվածը: Այսօր փաստենք, որ մեր պետությունն ամբողջությամբ զավթված է լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կողմից եւ որպես հետեւանք` այլեւս հայկական պետություն չէ: ՀՀ-ն չի սպասարկում իր քաղաքացի հայերի շահերը, թշնամաբար է տրամադրված այն անձանց հանդեպ, ովքեր իրենց որպես հայ են իդենտիֆիկացնում: Թշնամի պետության քաղաքացիները պաշտպանված են եւ շրջապատված են պետական հոգատարությամբ: Հետեւաբար, մեր պայքարն արդեն ոչ թե քաղաքական է, այլ ազգային-ազատագրական: Այո, իմ 6 տարվա գործունեության համար են այսօր ինձ ապօրինի պատժում, բայց, իհարկե, դա որեւէ արդյունք չի կարող տալ: Ես ինչ-որ մի օր դուրս կգամ բանտից, իմ հայացքները, սկզբունքներն ու վճռականությունն անփոփոխ են: Վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին…