Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 17-04-2024

Նիկոլ Փաշինյանը հովանավորո՞ւմ է դավաճանությունը 

ՔՊ-ական իշխանության ձախողումների և ապաշնորհության վերաբերյալ քննադատությունները ակնկալվող արդյունքը չեն տալիս։ Լավատեսությունը, թե ազգային պարտությունները նրանց անփորձության, անիրազեկվածության, թերկրթության հետևանք են, և ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձառություն, գիտելիք ձեռք կբերեն և ազգային շահերի դեմ չեն գործի, ևս չի արդարանում։ Հակառակը, մեծամասնական պաշտոնյաները կարծես՝ ավելի են ոգևորվում և օրեցօր ավելի մեծ ու գիտակցված սխալներ են գործում, արհամարհում ոչ միայն ազգային շահերն ու օրենքներն, այլև ազգային և մարդկային արժանապատվությունը։

Հայոց Ցեղասպանության զոհերի անվանացանկը կազմելու ՔՊ-ական նախաձեռնությունը այդպիսի վառ օրինակ է։ Այն վկայում է, որ այս գործիչները քաղաքական պատասխանատվություն չունենալուց զատ, չեն հարգում նաև ցեղասպանության զոհերի մարդկային արժանապատվությունը, միտումնավոր գործում են ազգային շահերի դեմ, սպասարկում օտար շահեր, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի և չբարեկամ այլ երկրների շահերը։ Օտար ազգային շահեր սպասարկողները որակվում են դավաճան, լրտես, օտարերկյա գործակալ։ Հետևաբար՝ եթե ՔՊ-ն ու ԱԺ ՔՊ խմբակցությունը միանան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերի անունները պարզելու և հրապարակելու մասին նախաձեռնությանն և այդ ուղղությամբ գործնական քայլեր անեն, ապա կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ առկա է դավաճանության, լրտեսության, ազգային շահերի դեմ գործելու հանցակազմ պարունակող հանցագործության փաստ։

ՀՀ-ի, հայ ժողովրդի իրավունքների և ազատության նկատմամբ ոտնձգություն կամ ոտնձգության փորձ անողները թշնամի են։ Հայ ժողովրդի իրավունքների կամ ազատության վերաբերյալ կասկած հայտնողները նույնպես թշնամի են։ Օրինակ՝ Թուրքիան, Ադրբեջանը և նրանց դաշնակիցները կասկածի տակ են առնում ՀՀ ինքնիշխան իրավունքները, տարածքային ամբողջականությունը, Հայոց Ցեղասպանության փաստն ու միլիոնուկես զոհերի թիվը։ Եթե ՔՊ-ական պաշտոնյան այսօր կասկածի տակ է առնում Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, ապա վաղը կարող է կասկածի տակ առնել նաև Ցեղասպանության փաստը, մյուս օրը՝ ՀՀ անկախությունը։

Նկատենք, որ աշխարհի շատ երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլն ճանաչել են Հայոց Ցեղասպանության փաստը։ Նույնիսկ ժխտելը քրեականացնող նախաձեռնություններով են հանդես եկել։ ՀՀ պաշտոնական արարողակարգով ՀՀ այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցում են Ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի սկզբունքերի 11-րդ կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Հետևաբար՝ ՔՊ-ական պաշտոնյայի նախաձեռնությունը Ցեղասպանության զոհերին հաշվառելու վերաբերյալ հակասում է հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական և այլ միջազգային հարաբերությունների ոգուն, հակասում է ՀՀ պաշտոնական արարողակարգին, ՀՀ Սահմանադրությանը, վերջապես՝ հայ մարդու սոցիալ-հոգեբանությանը, որի ձևավորման վրա ազդեցություն է թողել Ցեղասպանության փաստը։

Այս հակասությունը հնարավոր չէ ծածկել անփորձության, թերկրթության, անտեղյակության արդարացումներով։ Անհնար է պատկերացնել, որ ՔՊ-ական պաշտոնյան այս ամենի մասին չգիտի, կամ չի գիտակցում Ցեղասպանության զոհերի անունները հաշվառելու քաղաքական, իրավական, միջազգային հետևանքները պետության, հասարակության նկատմամբ։ Հետևաբար՝ հիմնավոր կասկած է առաջանում, որ ՔՊ-ականի այս նախաձեռնությունը գիտակցված հակահայկական, այլ կերպ ասած՝ դավաճանական քայլ է, որով սպասարկում է Թուրքիայի, Հայոց ցեղասպանության փաստն ու զոհերի թիվը ժխտող այլ երկրների շահերը։

Ի վերջո՝ այստեղ կա քաղաքակրթական նորմ։ Մարդու իրավունքների պաշտպանության ջատագով ժողովրդավար աշխարհում մարդկային արժանապատվության խնդիրը բարձր է դրված։ Այս առումով՝ բարոյական նորմի խախտում է համարվում մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերի անունները հրապարակելը։ Հայոց ցեղասպանության զոհերի անունները հրապարակելով, ոչ միայն ոտնահարվում է միլինուկես ժողովրդի արժանապատվությունը, այլև խախտվում է քաղաքակրթական նորմ։ Հետևաբար՝ եթե Ցեղասպանության զոհերի անունները հաշվառելու նախաձեռնությամբ հանդես եկած ՔՊ-ական պաշտոնյան պաշտոնանկ չարվի, ապա հիմնավոր կասկած կառաջանա, որ Նիկոլ Փաշինյանը հովանավորում է ՀՀ ազգային շահերի դեմ, ՀՀ սահմանադրության դեմ, Անկախության հռչակագրի դեմ, ժողովրդի արժանապատվության դեմ, քաղաքակրթական նորմերի դեմ ոտնձգությունները, մեծ հաշվով՝ դավաճանությունը։

Թաթուլ Մկրտչյան