copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 09:00 13-04-2024

ՊԵԿ-ում հայտնաբերում, համտեսում և գնահատում են թմրանյութերը

Թմրանյութերի դեմ պայքարը նոր բնագծեր է նվաճում։ Ինտենսիվ հայտնաբերում են ոչ միայն մեծ քանակությամբ թմրամիջոցներ, այլև միանգամից, տեղում որոշում դրանց տեսակն ու գինը։ Այս ինտենսիվությունն ու օպերատիվությունը հանրային կասկածներ են առաջացնում։ Ինչպե՞ս են այդպես արագ որոշում հայտնաբերված թմրամիջոցների տեսակն ու գինը։

Մասնավորապես՝ ապրիլի 12-ին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում, մաքսային զննման ենթարկելով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները, դրանցից 2-ում հայտնաբերել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2-ական տարրա, որոնց մեջ եղել է 1195 գրամ «հաշիշի յուղ»։ Դրանից զատ հայտնաբերվել է ևս 2 պոլիէթիլենային տոպրակ՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, 105 գրամ քաշով։ ՊԵԿ-ը նշում է նաև, որ հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 70 մլն դրամ:

Օրեր առաջ էլ ՊԵԿ-ը ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցի մեջ, բացի հագուստից և կոշիկից, հայտնաբերել էր 1148 գրամ քաշով փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ զանգված: Այն ստուգվել է նյութի քիմիական բաղադրությունը պարզող դյուրակիր սարքի միջոցով, որի էկրանին արտացոլվել է «կոկաինի հիդրոքլորիդ» գրառումը: Հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը կազմել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար:

Համեմատելով այս երկու հաղորդագրությունները, նկատելի է, որ ՊԵԿ-ը կոկաինի ստուգման սարք ունի, իսկ հաշիշի յուղը ճանաչում են առանց հատուկ սարքի, աչքով զննելով։ ԱՄՆ-ից ուղարկված կոկաինի գինը հաշվարկում են դոլարով, իսկ նույն ԱՄՆ-ից ուղարկված հաշիշի յուղինը՝ դրամով։ Ենթադրելի է՝ հաշիշի յուղը դոլարային գին չունի, քանի որ ԱՄՆ-ում չի իրացվում, իսկ ՀՀ-ում իրացվում է, ուստի՝ գինն արտահայտվում է դրամով։

Տպավորություն է, թե ՊԵԿ-ում կան թմրանյութի արտադրության, վաճառքի, կիրառման փորձառու մասնագետներ, շուկայագետներ, համտեսողներ, որոնք ոչ միայն օպերատիվորեն որոշում են թմրանյութի տեսակն ու որակն, այլև գինը։ Անհասկանալի է նաև, թե տարածվող մամուլի հաղորդագրությունների մեջ ինչու են նշվում դրանց գները։ Մտավախություն կա, որ ազատ միջոցներ, քրեական հակումներ և իշխանական կապեր ունեցողները կարող են գայթակղվել թմրանյութի այսօրինակ թաքնված գովազդից և բարիք ստեղծելու փոխարեն զբաղվեն շահութաբեր թմրավաճառքով։

Oragir.News-ն օրեր առաջ հարցում է ուղարկել ՊԵԿ, խնդրելով պատասխանել, թե ինչպե՞ս են որոշում թմրանյութերի տեսակը, որակն ու գինը։ Եվ ՊԵԿ-ում կա՞ն փորձագետ-համտեսողներ, որոնք տեղում որոշում և գնահատում են առաքանիներում հայտնաբերված թմրամիջոցների որակն ու գինը։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն այս հարցերի վերաբերյալ, Oragir.News-ը ՊԵԿ-ից պատասխան ստանալուն պես անմիջապես կհրապարակի դրանք։

Նշենք նաև, որ հանրային խոսույթում շրջանառվում է կասկած, թե թմրամիջոցների հայտնաբերման մասին հաղորդագրություններն ինտենսիվ կշարունակվեն առաջիկա ամիսներին և կընդհատվեն օգոստոսի 1-ից, երբ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս կգան ռուսներն, ու նրանց կփոխարինեն ԱԱԾ սահմանապահները։

Թաթուլ Մկրտչյան