Երևան +15°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 19:00 04-04-2024

Ոչ մահաբեր զենքերը հայտնաբերում են, բայց չեն խոցում. ինչ է տալու Եվրոպան Հայաստանին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր հայտարարել է, որ ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ին տրամադրել ոչ մահաբեր զենքեր ու նոր փաստաթուղթ ստորագրել։ Դիվանագետն ուրախությամբ արձանագրել էր, որ Հայաստանն ու ԵՄ-ն անվտանգային ոլորտում համագործակցության հարցում առաջընթաց են արձանագրել։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը նշեց, որ ոչ մահաբեր են կոչվում այն զենքերը, որոնց կիրառումից զոհեր չեն լինելու։ «Օրինակ զինատեսակներ, որոնք միայն հայտնաբերում են հակառակորդի թռչող օբյեկտները՝ ի տարբերություն ՀՕՊ համակարգերի, որտեղ նաև խոցող զենքեր կան։ Հիմա տվյալ դեպքում այդ խոցող զենքերը չկան»,- ասաց նա։

Նահապետյանը հիշեցրեց՝ Ֆրանսիան հայտարարել էր, որ Հայաստանին 3 ռադար էր տրամադրելու, որը ոչ մահաբեր զինատեսակ է ու չունի խոցող զենք։

Հարցին, թե ռազմական ու պաշտպանունակության բարձրացման առումով նման զինատեսակները Հայաստանին ինչ կարող են տալ, մեր զրուցակիցը նշեց, որ հստակ չէ, թե ինչ զինատեսակներ են տրամադրվելու Հայաստանին, ուստի դժվար է ասել, թե դրանցով որքանով կնպաստեն վերոհիշյալ խնդիրների լուծմանը։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ ՀՀ-ին տրամադրվող զինատեսակներն ամենայն հավանականությամբ եվրոպական կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության են, որի պարագայում մի շարք հարցեր են առաջանում.

«Հարց առաջին. տեխնիկայի վրա առկա նշումներն ու կառավարման գրականությունը հայերենով չեն, ինչ լեզվով էլ որ լինի, հայ սպաները պետք է տիրապետեն այդ լեզվին, չէ՞։ Երկրորդ. եթե այդ զենքը հակառակորդի հարվածից հետո մասնակիորեն շարքից դուրս է գալիս, որը հնարավոր է վերանորոգել, արդյոք մենք ունե՞նք համապատասխան պահեստամասեր, վերանորոգման արհեստանոցներ և մասնագետներ։ Սրանց հարցեր են, որոնց պատասխանները մեզ համար ուրախություն չեն պարունակում, քանի որ մեր սպաների կրթությունը չի համապատասխանում հիշյալ կետերին»։

Հայկ Նահապետյանն ընդգծում է, որ սպաներին այլ լեզուներով, տերմինաբանությամբ նորագույն տեխնիկաների վրա ուսուցանելու համար ժամանակ, մասնագետներ ու հրահանգիչներ են պետք, իսկ խնդիրները ցանկությամբ և կենացներ ասելով հնարավոր չէ լուծել։ «Քանի որ Հայաստանն այնպիսի անձինք են կառավարում, ովքեր միայն շատ լավ կենացներ ասել գիտեն, դրա համար մեր երկիրը հայտնվել է անդունդի եզրին։ Նույնը զենքի պարագայում. եթե խոցող զենքը չկա, մեզ ինչ՝ տա՞ք է, թե՞ սառն է։ Նման ռադարներ շատ ունենք»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց՝ քանի որ տրամադրվող զենքի մանրասները հայտնի չեն, չի կարող գնահատել՝ որոշումը քաղաքակա՞ն է, թե՞ չէ։ «Կարող է բավականաչափ զենք են տվել, մասնագետներ են տվել, արհեստանոցները վաղուց կառուցված են, բայց ես իրազեկ չեմ։ Այս ամենն իրենց մեջ նաև գաղտնիության բաղադրիչ է պարունակում, ուստի չեմ կարող գնահատել՝ որոշումը քաղաքական բաղադրիչո՞վ է, շոո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց Նահապետյանը, ով հիշեցրեց նաև Հայաստանին թեթև զրահապատ մեքենաների՝ Բաստիոնների տրամադրման օրինակը՝ համոզմունք հայտնելով, որ ռազմական գործողությունների ժամանակ դրանք օգտագործող անձնակազմը 100%-ով խոցվելու է։

Ռազմական փորձագետը ենթադրում է, որ այս որոշումն ավելի շատ քաղաքական շոուների շարքից է, քանի որ ԵՄ անդամ որոշ երկրներ Հայաստանի անվտանգությունն, այդ թվում ռազմական բաղադրիչով բարձրացնելու հայտ են ներկայացրել։ Նա տվյալ երկրներին կոչ արեց՝ եթե նման հնարավորություններ ունեն, ապա թող գնան և Ուկրաինայի անվտանգության մակարդակը բարձրացնեն, որտեղ ընթացող պատերազմի վերջնարդյունքն արդեն գաղտնիք չեն։

«Երբ մեկուկես տարի առաջ ես ասում էի, թե վերջնարդյունքում ինչ է լինելու, շատերը տարակուսանքով էին վերաբերվում իմ գնահատականներին։ Իսկ հիմա նույնիսկ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ անվտագային ու ռազմական ոլորտից, մեծ հաշվով գնահատում են, որ հակամարտության վերջաբանն արդեն տեսանելի է, պարզապես ժամանակի խնդիր է։ Դրա համար էլ Ուկրաինան ու իր դաշնակիցներն այդ պարտությունից ուշադրությունը շեղելու նպատակով որպես գործիք որդեգրել են ահաբեկչությունը, ընդ որում խաղաղ բնակչության դեմ»,- կարծում է նա։

Նահապետյանը հավելում է, որ Մոսկվայում կատարված ահաբեկչությունը նպատակ ուներ այդ երկրում ազգամիջյան և կրոնական թշնամանք հրահրել, և պատահական չէ, որ դրանում տաջիկներն էին ներգրավվել։ Նա ասաց նաև, որ դրա վերաբերյալ նաև կեցվածք է դրսևորել Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ հայտարարելով, որ ահաբեկչության միակ նպատակը երկրում առկա բազմազգ ու բազմակրոն իրականությունը խարխլելն էր, որը չի հաջողվել իրականացնել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված