Երևան +10°
copy image url
Միտք Արտաքին 2 շաբաթ առաջ - 13:00 02-05-2024

Պատրաստվեք, գալիս են․ ի՞նչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան»

Բաքվում երեկ հանդիսավոր մթնոլորտում գործարկվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսության» շենքը։

Պետպատվերով աշխատող այս հեռուստատեսությունը հեռարձակելու է 3 լեզվով՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն, որոնք պետք է «ներկայացնեն ադրբեջանցիներին և աշխարհին՝ գրավված Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտություններն ու այնտեղ հետվերադարձի հայեցակարգը»։

Համացանցում տեղադրված է «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրությունը» կոչվող պատմա-քաղաքական փաստաթուղթը։ Այն հրատարակվել է 1998 թվականին՝ Բաքվում, համաձայն Հեյդար Ալիևի «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագրով նախատեսված գրականության ստեղծման։ Փաստաթուղթը կազմել է պատմաբան Սաբիր Ասադովը, այն կազմված է 560 էջից։ Ունի «Պատմություն», «Աշխարհագրություն», «Ցեղասպանություն», «Հայաստանի ադրբեջանցի գիտնականները» և «Հուշարձաններ ու սրբավայրեր» գուխները։

Ըստ այդ փաստաթղթի, «ազերի» կամ «ադրբեջանցի» անվանումը շրջանառության է մտել 1936 թվականից, փոխարինելով 11-րդ դարից տարածաշրջան մտած «թյուրք»-ին․ «թյուրքերի» պատմական հայրենիք այս փաստաթղթով համարվում է Դաղստանի Դերբենտից մինչև Իրանի Ղազվին և Համադան տարածքը՝ մոտ 350 հազար քառ․ կմ մակերեսով և ավելի քան 50 մլն բնակչով։

Պատմվում է, որ հատկապես ներկայիս Հայաստանի տարածքում «ադրբեջանցի բնիկները» սկսել են ճնշումների ենթարկվել դեռևս 19-րդ դարի առաջին քառորդից, իսկ հալածանքները շարունակվել և ահագնացել են խորհրդային ընթացքում։

«Ցավալի է, բայց 1918 թվականին՝ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ հատկապես 1905թ․, Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իշխանությունը համաձայնեց ադրբեջանաբնակ Իրևանը Հայաստանի մայրաքաղաք դարձնելուն՝ այն բանից հետո, երբ նախապես տեղի էր ունեցել բնիկ ադրբեջանցիների վտարումն այդ պատմական ադրբեջանական հողից», գրված է աշխատությունում։

Անդրադարձ է կատարվել 1905, 1918-20, 1948-53 թվականների «ադրբեջանցի բնիկ ժողովրդի՝ ներկայիս Հայաստանի տարածքից վտարմանը, կոտորածին, արտաքսմանը և պատմամշակութային ժառանգության բարբարոսական ջախջախմանը»։

Ներկայացվում է նաև «Արևմտյան Ադրբեջանի» աշխարհագրությունը՝ Իրևանի նահանգի «Դարալագյազի գավառ», որտեղ ադրբեջանցիները կազմում էին ընդհանուր բնակչության 73%, հայերը՝ 27%, «Ազիզբեկովի գավառ»՝ համապատասխանաբար 1903 ադրբեջանցի և 872 հայ բնակիչներով (1831թ․, 1873թ․՝ 6507 ադրբեջանցի, 6254 հայ, իսկ արդեն 2022թ․՝ հայերի կողմից իրականացված «ջարդերի» արդյունքում՝ 7925 հայ և 2271 ադրբջանցի), «Քեշիշքենդի գավառ» (Եղեգնաձորի «ադրբեջաներեն» կեղծ անվանման տարբերակ – հեղ․)՝ համապատասխանաբար 1897թ․՝ 12970 ադրբեջանցի և 10914 հայ, իսկ «դաշնակցական ջարդերից» հետո արդեն՝ 3200 ադրբեջանցի և 13000 հայ։ Այնուհետև խոսվում է «Արևմտյան Ադրբեջանի» մյուս գավառների մասին՝ Ղազախ-Դիլիջանի, Քարվանսարայի, Կրասնոսելսկի, Ենի Բայազետի, Բասարքեչարի, Աշաղը Գարանլըղի, Ելենովկայի, Զանգեզուրի, Գյորուսի, Ղափանի, Ղարաքիլսայի, Ղամարլվի, Զանգիբասարի, Կոտայքի (Աբովյանի շրջանին պատմաքաղաքական այս կեղծիքի հեղինակներն «այլընտրանքային ադրբեջանական անվանում, ըստ երևույթին, այդպես էլ չեն հորինել – հեղ․), Լոռի-Փամբակի, Ղարաքիլիսայի, Ալլահվերդիի, Կալինինոյի, Նոյեմբերյանի (այս տարածքն էլ չի «արժանացել» ադրբեջանական անվանման – հեղ․), Համամլուի, Ջալալօղլիի, Շորագյալի, Աղբաբայի, Ալագյոզի, Վաղարշաբադի, Բաշ-Աբարանի, Աշդարագի, Ղուրդուղուլուի, Թալինի, Սահաթլվի, Դարաչիչագի, Գյոյչայի։

Փաստորեն, ամբողջ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է, որպես երբեմնի «դարավոր» ադրբեջանական հողերի ամբողջություն, որի հավաքական անվանում է տրված «Արևմտյան Ադրբեջան»-ը։

«Բարոյական ցեղասպանություն» գլխում ներկայացված է թյուրքական տեղանունները Հայաստանի իշխանությունների կողմից փոխելու պատմությունը և ժամանակագրությունը, աղյուսակով տրված են այդ գյուղանունները և դրանց ներկայիս անվանումները․, ինչպես նաև անվանափոխության տարեթվերը։
«Հայաստանի ադրբեջանցի գիտնականներ» գլխում տրվում են ակադեմիկոսների, գիտությունների դոկտորների, գիտության թեկնածուների հարյուրավոր անուն-ազգանուններ՝ ըստ շրջանների։ Այդ մարդիկ ներկայացվում են, որպես Խորհրդային Հայաստանի առաջընթաց ապահովող գործիչներ։
«Հուշարձաններ, սրբավայրեր» գլխում ներկայացվում են «Իրեվանի,Զանգեզուրի, Գյոյչայի մահալներում» հին ալբանական և մահմեդական հուշարձանների անվանումներ, այդ թվում մզկիթներ, «սարայներ», «ղալաներ»։

Վերջաբանում խոսելով «ադրբեջանական դարավոր էթնոսի և մշակույթի» ոչնչացման հայկական քաղաքականությունից, գրված է․ «Ադրբեջանում, որտեղ մեր հայրենակիցներն օթևան են գտել ցեղասպան հայերից, պետք է ստեղծվի պայքարի կազմակերպություն՝ այն հաշվառմամբ, որ վաղ թե ուշ, բայց գալու է մեր իրական հայրենիքի յուրացման ժամանակը։ Այդ գողերը մերն էին և մերը կլինեն կրկին։ Հավատում ենք և վստահ ենք, որ 1905, 1918-20, 1948-53 և 1987-91 թվականներին Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիները վերադառնալու են իրենց դարավոր հայրենիք ու շենացնելու են այն ստեղծարար աշխատանքով։ Ինչպես ասել է մեծ պոետ Շահրիարը՝ «Կգա օրը, կկործանվեն մեզ իրարից բաժանող լեռները»։

Համառոտակի ներկայացնելով Ադրբեջանում ստեղծված և տարածված այս պատմա-քաղաքական կեղծիքի բովանդակությունը՝ փաստենք, որ Բաքվում գործունեություն ծավալող «Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը» վստահաբար օգտագործելու է այս փաստաթղթով նշված այն բոլոր կեղծ տվյալները, որոնցով Հայաստանի ներկայիս Հանրապետությունը ներկայացվում է, որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Տիգրան Աթանեսյան