Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
copy image url

Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է

Ներքին Միտք 21 ժամ առաջ - 15:15 18-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գյումրին ընդդիմադիր համայնքապետ ունի։ Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը մի կողմ դրեցին ներքին տարաձայնությունները և քվեարկեցին ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օգտին։ Ապրիլի 19-ին կկայանա Վարդան Ղուկասյանի երդմնակալության արորողությունը, ինչից հետո նա կստանձնի համայնքի կառավարումը։

Ընտրություններից շաբաթներ անց էլ ՔՊ-ականները չեն կարողանում շոկից դուրս գալ և առերեսվել պարտության հետ։ Որքան էլ իշխանականները հայտարարեն, որ ՔՊ-ն գյումրեցիների շրջանում ամենամեծ թվով ձայներն է ստացել, միանշանակ է, որ Գյումրիում հաղթել է նախևառաջ հաղթել է կոնսենսուս մինուս մեկը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության։ Այլ կերպ ասած՝ գյումրեցին մերժել է Նիկոլ Փաշինյանին և նրա առաջարկած «իրական Հայաստան»-ի այսպես կոչված «գաղափարախոսությունը», որը, վերլուծաբանների գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության լուծարումն է։ Գյումրիում ստեղծված իրավիճակն ազդելու է հետագա քաղաքական պրոցեսների վրա, ինչը գիտակցում են նաև իշխանական կաբինետներում։ Բոլորովին այլ քննարկան հարց է, թե ինչ գործոնների՝ վարչական ռեսուրսի կիրառում, ռեպրեսիներ, կեղծիքներ և այլնի արդյունքում է կառավարող կուսակցությունը մոտ 17 հազար քվե ստացել, երբ 4 տարի առաջ ընդամենը 7786 ձայն էր ստացել, սակայն այս մասին, ինչպես ասում են՝ հաջորդ դասին։

Իշխանության ներսում առկա խուճապն առաջինը ի ցույց դրեց պարտված թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը։ Նա ապրիլի 16-ին՝ Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստի օրը, որը ՔՊ-ն և անձամբ ինքը բոյկոտում էին, ֆեյսբուքյան գրառմամբ «գուժեց», որ համայնքի կառավարումը դատապարտված է ձախողման, իսկ ճգնաժամն անխուսափելի է։ Որպես լուծում՝ Սարիկ Մինասյանն առաջարկում էր արտահերթ ընտրություններ անցկացնել։ Զարմանալիորեն ՔՊ-ն նույնը չէր առաջարկում Երևանում, երբ 2023-ին ստացել էր երևանցիների միայն 9%-ի աջակցությունը, սակայն սեփական թեկնածուին քաղաքագլուխ կարգեց՝ ընդդիմադիր դաշտում դիրքավորված մի կուսակցության հետ համագործակցելու, իսկ մյուսից մանդատներ խլելու ճանապարհով։ Երեկ երեկոյան՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստից հետո Մինասյանը վերահաստատեց իր կանխատեսումը՝ դա հիմնավորելով այն իրողությամբ, որ ընդդիմադիր 4 ուժերը չեն կարող երկար աշխատել, հատկապես այն դեպքում կոալիցիա չեն կազմում և, ըստ իրեն, կառավարման համար պատասխանատվություն չեն կիսում։

Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա, գոնե՝ այս պահին։ Աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրներում, որոնց շարքին արտաքուստ ձգտում է դասվել նաև Հայաստանի Հանրապետությունը, գործում է ՏԻՄ համամասնական մոդելը, ինչը ավագանի անցած ուժերին թույլ է տալիս միավորվել և իշխանություն ձևավորել։ Նման երկրներում իշխանությունը հաշվի է նստում ժողովրդի կամքի հետ և զարտուղի ճանապարհներով ու արհեստական ճգնաժամեր առաջանցնելով՝ մանդատագողություն, ընդդիմադիրների ճնշումներ ձերբակալություններ և այլն, համայնքներում չի զավթում իշխանությունը։ Նախորդ տարիների դառը փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը նախընտրում է շարժվել երկորրդ ճանապարհով, ինչը թույլ է տալիս կասկածի տակ առնել ժողովրդավարությանը նվիրավածության մասին իր հավաստիացումների անկեղծությունը։ Նախորդող տարիներին բազմաթիվ համայքներում՝ Գյումրի, Վանաձոր, Փարաքար, Վարդենիս, Վեդի, Ալավերդի և այլն, իշխանությունը չհանդուրժեց իր պարտությունը և ՏԻՄ-երը զավթելու փորձեր կատարեց, որոնք երբեմն հաջողության հասան, երբեմն էլ՝ ձախողվեցին։

Դատելով Սարիկ Մինասյանի ու մյուս ՔՊ-ականների նմանբովանդակ կանխատեսումներից՝ ողջամիտ կասկած է առաջանում, որ Գյումրիում ևս կառավարող կուսակցությունն այս սցենարն է խաղարկելու։ Այս պահի դրությամբ Գյումրիում ընդդիմությունը գիտակցում է ճնշումներին չտրվելու և ՔՊ-ին համապետական մակարդակով իշխանազրկելու կարևորությունը, ուստի մանդատագողությամբ Վարդան Ղուկասյանին անվստահություն հայտնելու սցենարը քիչ հավանական է թվում։ Բացի այդ, ընտրված համայնքապետին անվստահություն հնարավոր է հայտնել նրա ընտրությունից 1 տարի անց, այսինքն՝ 2026 թվականի ապրիլի 16-ից ոչ շուտ, իսկ սա համընկնում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանի, ուստի ենթադրվում է, որ Փաշինյանն առնվազն այդ շրջանում կխուսափի դրանից՝ կրքերն էլ ավելի չբորբոքելու համար։

Այսպիսով՝ Գյումրիի կառավարումը ձախողելու և քաղաքում ճգնաժամ ստեղծելու միակ տարբերակը մնում է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, ինչից հետո ընդդիմությունը հավանաբար չպետք է կարողան նոր համայնքապետ ընտրել։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «ստիպված կլինի» ժամանակավոր պաշտոնակատար նշանակել և արտահերթ ընտրությունների գնել։ Սարիկ Մինասյանի և մյուս ՔՊ-ականների «լավատեսությունը» թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանական կաբինետներում այս սցենարն առնվազն քննարկվում է, իսկ կգնա՞ իշխանությունն այս ճանապարհով, թե՞ ոչ ցույց կտան ժամանակն ու իրողությունները։

Կարճ ասած՝ «մեր Սարիկ»-ը, սպառնում է, որ Վարդան Ղուկասյանը կարող է ձերբակալվել, եթե իհարկե գյումեցիները դա հանդուրժեն։

Այս իրավիճակում ընդդիմությունը, այդ թվում՝ Ղուկասյանին ներկայացնող քաղաքական ուժը, պետք է պատրաստ լինեն նաև սցենարին, որպեսզի անգամ Ղուկասյանի հնարավոր ձերբակալությունից հետո Գյումրիում իշխանությունը չզավթվի և ընդդիմության հաջողվի այլ համայնքապետ ընտրել։ Եթե մանդատագողության սցենարը բացառում ենք, ապա անգամ Ղուկասյանի հնարավոր ձերբակալությունից հետո ընդդիմության մանդատները բավարար են՝ նոր համայնքապետ ընտրելու համար։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին