Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք Արտաքին 2 շաբաթ առաջ - 18:00 12-04-2024

Ալիևը կարող է միլիարդներ չծախսել․ ՔՊ-ականները լավագույնս տարածում են ադրբեջանական թեզերը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի գործող իշխանությունները և վերջիններիս աջակցող քաղաքական ու փորձագիտական շրջանակները առիթը բաց չեն թողնում պնդելու, որ իրենց ընդդիմախոսները ներքաղաքական պայքարի համատեքստում տարածում են թշնամու քարոզչական թեզերը, սպասարկում այլ երկրների (հիմնականում Ռուսաստանի) օրակարգը և այլն։ Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների մեղադրել էր, որ թարգմանում են ռուսական որոշ հաղորդումներում հնչեցվող ելույթները և դրանք ներառում իրենց ելույթներում։

Անկախ իշխանության ու ընդդիմության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, նման երևույթներն անընդունելի են, և դրանք ոչ մի կերպ չպետք է տեղ գտնեն Հայաստանի ներքաղաքական օրակարգում։ Եթե քաղաքական գործիչն իր գործունեության հիմքում դնում է այլ պետությունների ու աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի սպասարկումը, ապա դա ոչ միայն անընդունելի է, այլև նրանով լրջագույնս պետք է զբաղվեն Հայաստանի ուժային կառույցները՝ պարզելու համար՝ դա միտումնավո՞ր է արվում, թե՞ անգիտակցաբար։

Նկատենք՝ եթե որոշ ընդդիմադիր գործիչներ իրենց խոսույթում տուրք են տալիս պրոռուսական քարոզչությանը և սպասարկում Մոսկվայի օրակարգը, ինչը նույնպես անընդունելի, ապա գործող իշխանությունները շատ հաճախ երկրորդում են ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունները, կամ նպաստում այն քարոզչության տարածմանը, որի համար թշնամու բյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսվում․ օրինակ ամիսներ առաջ նույն Ալեն Սիմոնյանն արդարացրել էր Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը՝ պնդելով, որ 30 տարի շարունակ նույնն արել է Հայաստանը, երբ հաղթել էր Արցախյան առաջին պատերազմում։

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձրաստիճան հանդիպմանը հաջորդած օրերին Բաքուն հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններում սկսեց լարել իրավիճակը՝ կրակելով մի շարք հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։

Նախորդ տարվա սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական զինուժն օկուպացրել էր ողջ Արցախը, սրանք ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն էին, ընդ որում՝ պետական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով։ Հիշեցնենք նաև, որ Արցախի բռնազավթումից հետո թշնամին առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ Արցախի օկուպացմանը հաջորդած ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ամենախաղաղն է եղել՝ նախորդ 30 տարիների հետ համեմատած։

Հատկանշական է, որ մինչ խորհրդարանական ընդդիմությունը հստակ դատապատեց Ադրբեջանի գործողությունները, իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ փորձեցին հանրության ուշադրությունը շեղել դրանցից՝ տեղեկություններ տարածելով, որ կրակոցները լուրջ կորուստներ չեն պատճառել։ Մասնավորապես՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ ինտենսիվ կրակոցներ չկան, իսկ կրակոցների թիվը փոքր է եղել։ Անդրադառնալով բնակչությանը պատճառված վնասներին՝ իշխանական պատգամավորը պնդել էր՝ «գնդակը աչքեր չունի, ինքը գնում է, ինչ ընկավ դեմը…բայց փառք Աստծո, մարդկային կյանքերի չի առնչվել»:

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը սահմանային իրավիճակը լարելու մտադրություն չի ունեցել, պարզապես այդ երկրի զինծառայողները անկանոն կրակոցներ են արձակել, որոնցից հայկական կողմը զգալի կորուստներ չի ունեցել։ Քոչարյանի այս հայտարարությունները արագորեն թարգմանվեցին և տարածվեցին ադրբեջանական մամուլում, իսկ թշնամին դրանք լավագույնս օգտագործեց միջազգային հանրության քննադատություններից, ինչպես նաև իր պատասխանատվությունից խուսափելու համար։

Նշենք՝ Անդրանիկ Քոչարյանն առաջին պաշտոնյան չէ, ով փաստացի սպասարկում է ադրբեջանական քարոզչական թեզերը։ Դեռևս 2022-ի սեպտեմբերին Ջերմուկի նկատմամբ թշնամու ագրեսիայից հետո, որի ժամանակ ադրբեջանական զինուժը թիրախավորել էր նաև Ջերմուկ տանող ճանապարհը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպմանը պնդել էր, որ թշնամու զինուժը ճանապարհի ուղղությամբ սխալմամբ է կիրառել։

Նմանաբովանդակ հայտարարություններն անուղղակիորեն հիմնավորում են պաշտոնական Բաքվի այն պնդումները, որ ադրբեջանական զինուժը ռազմական գործողությունների ընթացքում հարվածում է միայն ռազմական օբյեկտներին, իսկ խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական օբյեկտները երբեք չեն թիրախավորվում։ Այս պնդումը բնականաբար աղերս անգամ չունի իրականության հետ, ինչի մասին գիտեն անգամ միջազգային դերակատարները, սակայն եթե պաշտոնական Երևանն է երկրորդում Բաքվին, պնդում, որ ադրբեջանական զինուժի կրակոցները եղել են անկանոն ու ոչ նպատակային, նման իրավիճակում այլևս ոչ մի երկիր, կամ միջազգային կազմակերպություն չի դատապարտի ադրբեջանական ագրեսիան և ավելորդ անգամ չի սրի այդ երկրի հետ հարաբերությունները։

Զավեշտալի է, որ Հայաստանի անվտանգության համար պատասխանտու երկու պաշտոնյաները՝ ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես են գալիս պրոադրբեջանական խոսույթով, երկրորդում թշնամու քարոզիչների թեզերը․ այս իրավիճակում ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներից ու ընդդիմադիր գործիչներից չենք կարող հակառակը ակնկալել, կամ պահանջել։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քարոզչության համար միլիարդավոր դոլարներ ծախսելու կարիք այլևս չունի, քանի որ ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պատվով կատարում են այդ առաքելությունը։ Եթե նման դրսևորումները խստորեն չտապարտվեն ու շարունակվեն, ապա Ալիևը առաջիկայում կարող է աշխատանքից ազատել իր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ու նրանց ավելորդ աշխատավարձ չվճարել՝ վերջիններիս պարտականությունները պատվիրակելով Անդրանիկ Քոչարյանին ու Էդվարդ Ասրյանին։