Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 3 շաբաթ առաջ - 09:00 11-04-2024

Փաշինյանը պահում է պարտավորությունները, Պուտինը՝ Փաշինյանին

Հանրության և քաղաքակիրթ աշխարհի հույսերը, թե ՔՊ-ական իշխանությունը կարող է համարժեք քայլեր անել անկախության և ժողովրդավարության ամրացման ուղղությամբ, առայժմ չեն արդարանում։ Եվ կասկած կա, որ առաջիկայում էական բան չի փոխվելու։ Ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ Եվրասիական տնտեսական միության մայիսի 8-ի նիստին իրենց մասնակցությունը քննարկում են: Երբ որոշում կլինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարեն: Նշենք, որ մայիսի 8-ին ՌԴ-ում գումարվելու է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, տեղի է ունենալու նաև Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:

Նույն հույսերը կային նաև անցյալ տարի։ Եվ շատերն են հիշում, թե ինչ անհարմար դիրքում էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը 2023-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված շքերթի ժամանակ։ Անցյալ տարի ևս կային ուժեր, որոնք հորդորում էին վարչապետին չգնալ Մոսկվա, ցույց տալով, որ ՀՀ-ի իշխանության հայտարարությունները անկախության և ժողովորդավարության վերաբերյալ լուրջ են։

Իհարկե, տրամաբանական կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսվող միջոցառումներին, ակնարկելով, որ չի ուզում ասոցիացվել Պուտինի հետ։ Այդպես ազնիվ կլինի ոչ միայն ժողովրդի, այլև իրական դաշնակիցների նկատմամբ։ Հարկ է նկատել, որ ժողովրդավարական աշխարհը լուրջ է ընդունել Նիկոլ Փաշինյանի՝2023-ի հոկտեմբերի 17-ի ելույթը։ Մարտի 13-ի Եվրախորհրդարանի բանաձևը և ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը դրա վկայությունն են։

Ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ իրենք իսկապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չեն արել, չկա մի տեղ, որտեղ իրենց ռուս գործընկերները կարող են մեղադրել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը պարտավորությունները չկատարելու մեջ։ «Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են»,- ասել էր վարչապետը և հավելել,- «Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»:

Այս հայտարարությունը հավելյալ վկայում է, որ հայ-ռուսական անարդար և անհավասար հարաբերություններում ոչինչ չի փոխվելու։ Հայաստանը լիարժեք չի ազատվելու ռուսական ազդեցությունից, ինչպես հուսադրում են բամաթիվ ՔՊ-ականներ։ Մասնավորապես՝ ՀՀ-ն դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից և ռուսական դոմինանտությամբ գործող մյուս կառույցներից։ Ռուս սահմանապահները մնալու են իրենց տեղերում և անվտանգային սպառնալիքներ են ստեղծելու։ Նույնիսկ կասկած կա, որ նրանք դուրս կգան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից։

Ավելի մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին, որ ՌԴ-ի հետ վիճելու հնարավորություն և ուժ չունեն։ Այսպիսով ակնարկվում է, որ եթե վաղը Մոսկվան Երևանին առաջարկի հակահայկական կամ հակաքաղաքակրթական քայլ անել, ապա մերժում չի ստանա, քանի որ Փաշինյանը չի ուզում վիճել Ռուսաստանի հետ։

Ուշագավ է նաև պարտավորությունների մասին ակնարկը։ Ենթադրելի է, որ խոսքը ոչ թե հայ-ռուսական պայմանագրերին է վերաբերում, այլ Կրեմլի առջև ստանձած պարտավորություններին, որոնց մի մասը քննարկվել է 2018-ին, Թավշյա հեղափոխության ժամանակ։ Այն ժամանակ հայտարարում էին, որ չեն փոխելու արտաքին քաղաքականությունը։ Հետևաբար՝ եթե այսուհետ ևս պահպանելու են այդ պարտավորությունները, ապա որևէ դրական առաջաց ակնկալելն անիմաստ է։ Կասկած նաև նաև, որ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան ու դրա հետևանքով ՀՀ տարածքից որոշ հատվածների զավթումը ևս այդ պարտավորությունների ծիրում կամ տրամաբանության մեջ են։ Նույնիսկ եթե այդպես չէ, ապա խորհրդային բռնազաթման տարիներին և անկախությունից ի վեր հայ ժողովուրդն այնքան է տուժել ռուսների պատճառով, որ խիղճ ունեցող իշխանությունն ի սեր ժողովրդի՝ կվերանայեր և՛ պարտավորությունները, և՛ հայ-ռուսական չգործող պայմանագրերը։ Ավելին՝ կարող են փոխհատուցում պահանջել պատճառված վնասների և կորուստների դիմաց։

Հանրության շրջանում, սակայն, այլ վարկած է շրջանառվում։ Ասում են, թե պարտավորությունների պահպանումը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երաշխիքն է։ Պարզ ասած՝ Փաշինյանը պահում է պարտավորությունները, իսկ Պուտինը պահում է Փաշինյանին և չի խրախուսում իշխանափոխության ձգտող հակակառավարական ուժերին։ Թե արդյունքում ինչքա՞ն է տուժում ժողովուրդը, հավանաբար, չի հետաքրքրում ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ, առավել ևս, Պուտինին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին