Երևան +24°
copy image url
Մշակույթ 3 շաբաթ առաջ - 20:10 04-04-2024

Թնդանոթներ էլ որ պատռին, Արծիվը անոնցմե չի՛ վախենար․ այսօր Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է

«Խրիմյանը իր ժամանակից դուրս էր, չեմ ասում վեր կամ վար, այլ դուրս: Նա ուրիշ աշխարհի և ուրիշ շրջանի մարդ էր: Քրիստոսի ժամանակ նա կլիներ մեկը նրա առաքյալներից, Սոկրատի շրջանում նա կլիներ փիլիսոփա: Նրա միակ զենքն էր իր հոգին, իր միտքը, իր հեզությունը և ներողամտությունը»,-Խրիմյան Հայրիկին այսպես է բնութագրել Ալեքսանդր Շիրվանզադեն:

Այսօր կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է։

Կաթողիկոսի աշակերտներից մեկը պատմում է, որ երբ Հայրիկը սկսել է մաքրել «ավգյան ախոռները», միաբանությունը թշնամությամբ է լցվել նրա նկատմամբ: Սկսվել են ինտրիգներ, մատնություններ, անանուն սպառնալից նամակներ, բայց Հայրիկը ոչ մի ուշադրություն չէր դարձնում դրանց վրա և առած իր աշակերտներին՝ գյուղից գյուղ էր գնում, այցելում ժողովրդին, քարոզում և նորից վանք վերադառնում:



Աբո անունով աշակերտը պատմում է, թե ինչպես է Հայրիկի նկատմամբ մահափորձ իրականացվել․ «Մի երեկո՝ քնելուց առաջ, երբ մենք` նրա աշակերտներս պատրաստվում էինք անկողին մտնելու, Հայրիկը, առած ձեռքը վառած ճրագը, դուրս եկավ: Անցավ մի հինգ-վեց րոպե, հանկարծ լսվեց հրացանի ձայն, և գնդակը եկավ մտավ մեր ննջարանի արտաքին պատին: Մենք իրարանցով ընկանք և այն էր առած վրաներս ով ինչ կարող էր, դուրս էինք գալիս սենյակից, որ մեկ էլ դուռը բացվեց, և նրա շեմքին երևաց Հայրիկի հսկայական մարմինը, բռնած ձեռքին ճրագը. փոքր-ինչ գունատ, մոտեցավ մեզ. մենք շրջապատեցինք նրան հարց ու փորձով, վախենալով՝ չլինի թե մեր ուսուցիչը վիրավորված լինի:

-Հը, թշվառականներ,- ասաց հանգիստ Հայրիկը,- անոնք կուզեն ինձ գնդակներով թռցնել, չգիտեն որ թնդանոթներ էլ որ պատռին, Արծիվը անոնցմե չի՛ վախենար»:

Մենք հանգստացանք: Հետո միայն իմացվեց, որ այդ մի դավ էր սարքված Հայրիկի հակառակորդ թշնամիների կողմից՝ նրան սպանելու կամ գուցե ճիշտ որ վախեցնելու. և այդ արված էր՝ կաշառելով մի քրդի, որը հաջորդ օրը մեղայականով եկավ զղջալու իր հանցանքը: Հայրիկը դավադիրներին ոչ միայն չպատժեց, ոչ միայն հանդիմանություն չարեց նրանց, այլ որ զարմանալին էր, բոլորովին մոռացության տվեց այդ դեպքը»:



Խրիմյան Հայրիկը նաև շատ ազատամիտ մարդ էր։ Նրա նախորդները կես դարի ընթացքում ընդամենը 6-7 ամուսնալուծություն էին թույլատրել: Խրիմյանն առաջին իսկ տարում թույլ էր տվել 57 ամուսնալուծություն: Մի անգամ Էջմիածին է գալիս մի պատանի՝ բողոքարկելու, որ Խրիմյանն իր կնոջը թույլ է տվել բաժանվել և ամուսնանալ ուրիշի հետ:

- Սիրո՞ւմ էիր կնոջդ, - Հայրիկը զայրացած հարցնում է պատանուն:
- Ոչ:
- Ան ալ քեզի չէր սիրում: Ուստի բաժանեցի:
- Բայց, Վեհափառ, Դուք նրան իրավունք եք տվել ամուսնանալ մեկ ուրիշի հետ՝ ինձ զրկելով այդ իրավունքից: Ռուսական օրենքի ուժով ամուսնալուծվողներից միայն մեկը կարող է ամուսնանալ, ինչո՞ւ այդ մեկը կինս է եւ ոչ ես:
- Ըշտե դու էլ գնա ամուսնացիր։
- Ուրեմն թույլ եք տալիս:
- Հարկավ:
- Բայց օրե՞նքը:
- Օրենքն իմ խոսքն է, բալես:



Նա գնալով ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում՝ ձեռք բերելով նորանոր թշնամիներ կղերական հոգևորականների շրջանում։

«Եթե Ադամյանի միայն գլուխն էր գեղեցիկ, Խրիմյանը ոտքից մինչև գլուխ մարմնացած գեղեցկություն էր և առնական գեղեցկություն: Ոչ մի լուսանկարով չի կարելի պատկերացնել Խրիմյանի դեմքը, մանավանդ խոշոր կապտագույն աչքերի արտահայտությունը: Ցավալի է, որ չգտնվեց այնչափ տաղանդավոր նկարիչ, որ կարողանար տալ այդ աննման պատկերը»,-այսպիսին էր հայ ժողովրդի սիրելի Հայրիկը․․․