ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը լրջորեն քննարկվում է ոչ միայն ՀՀ-ում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, այլև Ռուսաստանում: Վերաբերմունքն այնպիսին է, կարծես՝ ՀՀ-ն արդեն փաստացի քաղաքակրթական ընտրություն է կատարել: Մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արդեն խոսում է Հայաստանի կատարած քաղաքակրթական ընտրության մասին:
«Գիտե՞ք ինչն է ինձ ապշեցնում։ Ինչո՞ւ են երևանյան ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներն այդքան արժեզրկում։ Ինչո՞ւ են նրանք հնագույն հայկական քաղաքակրթությունն՝ իր մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, որոնք եղել են եվրոպականից շատ ավելի վաղ, համեմատում այժմ փակուղում գտնվող ԵՄ-ի հետ»,- հայտարարել է Զախարովան։
«Այնպիսի տպավորություն է, կարծես հնագույն քաղաքակրթության ներկայացուցչին հայելի են ցույց տվել՝ ալմաստի կամ զմրուխտի դիմաց»,- հեգնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Մեր երբեմնի բախտակից երկրները, որոնք ՀՀ-ի հետ գրեթե նույն ժամանակահատվածում են ազատագրվել խորհրդային բռնավազթումից, խզել են ռուսական կապվածություններն ու ինտեգրվել ԵՄ-ին: Այս ընթացքը անվանվել է քաղաքակրթական ընտրություն: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայի սահմանադրության նախաբանի 5-րդ պարբերությունում նշված է քաղաքակրթական ընտրության մասին: Հիմա ՀՀ-ն է անցնում նույն տրորված արահետով: Ու չնայած դեռ չկա ԵՄ-ին անդամակցության հայտ, անդամակցելու մասին հայտարարություն, նույնիսկ օրենսդրական փոփոխություններ չկան, բայց ռուս պաշտոնյաներն արդեն խոսում են ՀՀ-ի քաղաքակրթական ընտրության մասին:
Նկատենք, որ Ռուսաստանը մեծ մասամբ՝ Եվրոպա է, իր մշակույթով, պատմությամբ: Այս երկիրը զարգացել է Եվրոպայի հետ զուգահեռ, ընդօրինակել եվրոպական նորմերն ու նորաձևությունը, եվրոպական մշակույթի ազդեցությունը: Ի վերջո՝ քրիստոնեական պատկերացումներն են միավորում ռուսներին և եվրոպացիներին: Բայց ներկայում նրանք հակաքաղաքակրթական դիրքում են: Թատրոնի լեզվով ասած՝ բացասական կերպար է բաժին ընկել այս պետությանը: Եվ նրանք, դերի մեջ մնալով, ասում են բաներ, որոնք համարժեք են հեքիաթի չար կերպարին:
Ինչ վերաբերում է հայկական հնագույն քաղաքակրթության մասին դիտարկմանը, ապա տեղին է նշել, որ հին Հայաստանը Եվրոպայի, կամ ինչպես ասում են՝ Հին աշխարհի հարազատ մասն է կազմել երկար դարեր, մինչև թուրք-պարսկական բաժանումները: Հայաստանը եղել է Եվրոպայի արևելյան դարպասը և այդպիսին է նաև ներկայում:
Ավելին՝ հայերի երբեմնի ռուսական կողմնորոշումը պայմանավորված է եղել նրանով, որ հայերը ռուսներին վերաբերվել են որպես եվրոպացիների, իսկ Ռուսաստանն ընկալել են որպես Բյուզանդիայի ժառանգորդի, արևելաքրիստոնեական քաղաքակրթության կրողի: Ու եթե մոսկովյան իշխանությունները փորձում են պահել երկիրը մարդկության, ժողովրդավարության, քաղաքակրթության թշնամու կերպարի մեջ, դա չի նշանակում, որ այս երկիրը վաղը չի հետևի Հայաստանի օրինակին:
Ուշագրավ է նաև հայտնի հեքիաթի հայելու մասին հիշատակումը ՌԴ ԱԳՆ խոսնակի կողմից: Այսպես ակամա ակնարկվում է, որ հայերը եվրոպացիների հետ ոչ միայն արժեքային, մշակութային, պատմական ընդհանրություններ ունեն, այլև իրար շատ նման են վարքով, ճաշակով և աշխարհահայցքով ու դեմքով: Եվ ինչքան էլ մոսկովյան իշխանությունները փորձեն հեռվից ապշել հայ ժողովրդի քաղաքակրթական ընտրությունից, այս ճանապարհն այսօր այլընտրանք չունի անվտանգային, արժեքային, տնտեսական, սոցիալական առումներով:
Թաթուլ Մկրտչյան