Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 40 հասցեում բնակվող 11 հոգանոց ընտանիքը կանգնած է բնակության վայրից զրկվելու վտանգի առաջ։ Տարեց բնակչուհու՝ Անուշ Զաքարյանի խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրենց հայտնել են, որ տարածքում գտնվող տնակը պետք է քանդվի և պահանջել են դուրս գալ, սակայն իրենց չի ներկայացվել որևէ լուծում այն հարցի վերաբերյալ, թե քանդումից հետո որտեղ պետք է ապրեն։ Ընտանիքն այս տարածքում բնակվում է շուրջ 30 տարի։
Տանը ապրում են երեխաներ, այդ թվում՝ նորածիններ, ինչպես նաև տարեցներ և սոցիալական աջակցության կարիք ունեցող անձինք։
«30 տարի է՝ կլոր, շուրջ 30 տարի ապրում ենք այստեղ։ Երեխեքիս, թոռնիկներիս հետ ենք ապրել։ Այսքան տարի խնդիր չի եղել»,- պատմում է ընտանիքի անդամը։
Տիկին Անուշը նշում է, որ տարիներ առաջ իր բազմանդամ ընտանիքը բնակվելու տեղ չի ունեցել։ Ինքն աշխատել է Կարմիր բլուրի գերեզմանատանը, որտեղ ծառայողական պայմաններում բնակվելու հնարավորություն է ունեցել, իսկ հետագայում բարերարի օգնությամբ ընտանիքի համար տնակ է ձեռք բերվել։
«Ես այն ժամանակ տուն չեմ ունեցել, աշխատել եմ Կարմիր բլուր գերեզմանատանը։ Երեխեքը փոքր էին, էնտեղ էլ մնում էինք։ Ինձ մի բարերար գտնվեց, մեզ մի հատ տնակ առավ, էդ տնակը բերեց, տեղավորեց»։
Անուշ Զաքարյանը նշեց, որ տարիների ընթացքում բնակության պայմանները նույնպես բարելավվել են բարերարների օգնությամբ։ Մոտ երկու տարի առաջ ընտանիքին ևս մեկ տնակ է տրամադրվել։ Սակայն, նրա խոսքով, տարածքում առկա կեղտաջրերի և խոնավության խնդիրը երկար ժամանակ լուրջ խնդիրներ է առաջացրել։
«Կեղտաջրերը լցվել են էդ տնակի մեջը։ 4-5 տարի է՝ ձև ապրում ենք խոնավության մեջ։ Հիմա եկել, փակել են էդ կեղտաջրերը։ Ու հիմա, երբ ուզում ենք նորմալ կյանքով ապրել, էլի եկել են, ասում են՝ հրատապ դուրս եկեք, գալու են քանդեն»։
Վերջինիս ամենամեծ մտահոգությունն այն է, որ քանդման դեպքում իրենք պարզապես չեն ունենա գնալու տեղ։ «Էրեխեքին վերցնեմ՝ ո՞ւր գնամ։ Փոքր անչափահաս, դպրոցական էրեխեք են։ Նորածին էրեխեք կան՝ երեք ամսական զույգ էրեխեք։ Մեկը դիրքերում հիմա ծառայում է։ Սաղ մանր-մունր էրեխեք են, հիվանդ, թոշակառու մարդիկ կան։ Երեք հատ թոշակառու մարդ կա։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներ կան։ Վերցնեմ, ո՞ւր գնամ նրանց»։
Քաղաքապետարանից
Oragir.News-ին հայտնեցին, որ Շենգավիթի համայնքապետը պատրաստ է պարզաբանում տալ խնդրի վերաբերյալ, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։
Հասմիկ Մովսիսյան