Ներքին Միտք 50 րոպե առաջ - 13:14 30-08-2026

Ըստ ԵՊՀ գիտնական Հրանտ Ավանեսյանի՝ բանակում ինքնասպանությունների համար ամեն ինչ պատճառ է՝ բացի բանակի ղեկավարությունից

Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ծանոթացե՛ք՝ Հրանտ Ավանեսյան, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար։
ՊՆ-ն ինչ-որ մրցույթ է հայտարարել ինքնասպանության հետ կապված թեմաների սոցիալ-հոգեբանական վերլուծության/հետազոտության համար, ու պարոն Ավանեսյանը կամ շահել է այդ մրցույթը, կամ եկել էր այդ մրցույթը շահելու հարցազրույցին՝ Պետրոս Ղազարյանի մոտ։

Փաստորեն, ըստ գիտնականի՝ բանակում ինքնասպանությունների համար ամեն ինչ պատճառ է, բացի բանակի ղեկավարությունից։ Ամեն ինչ՝ օրինակ, որ երիտասարդները չեն ուզում կրթվել ու «գողական» են գնում, կամ որ բանակում «սպա-հոգեբան» չկա, որովհետև միայն կանայք են այդ մասնագիտությունն սովորում, ընդհուպ «Նիվա» ու «Լադա» քշողները․ բայց բանակի ղեկավարությո՞ւնը․ դե, գիտեք ոնց, դե հա էլի, ինչ-որ խնդիրներ կան։

Ավելին, այս մեր գիտնականը ջղայնացել է լրատվականների վրա, որ ինքնասպանության թեմայով անթույլատրելի/անգրագետ հրապարակումներ են անում։ Հիշո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ ամբիոնից, որ եթե ինքնասպանություններից խոսես, դա ինքնասպանության քարոզչություն է ու մարդկանց, ովքեր եզրին են, դրդում ես ինքնասպանության։ Փաստորեն էս մեր գիտնականն է եղել, որ առաջինն ասել է Սուրեն Պապիկյանին, ով դրա մեջ հասկացել է այն, ինչ ձեռնտու է, հետո դա պատմել է Նիկոլ Փաշինյանին, ով էլ, բնականաբար, իր փայն է հասկացել ու ելել, ԱԺ ամբիոնից հայտարարել է։
Տղերքը պետական մասշտաբով էս կարևոր հարցում փչացած հեռախոս են խաղում։

Ես, բնականաբար, չվստահեցի ո՛չ էս գիտնականին, ո՛չ էլ առավել ևս երկրի վարչապետի հայտարարությանը, ու որոշեցի հասկանալ, թե դա ինչ ինքնասպանությունների մասին չքարոզելու կանոն է։ Պարզվեց հետևյալը. խնդիրն այն չէ, որ ինքնասպանությունների մասին պետք չէ խոսել, լուսաբանել կամ քննադատել, խնդիրն այդ ինքնասպանությունների բովանդակությունը ներկայացնելու մեջ է (ինչ պատճառով, ինչ ձևով)։ Բովանդակությունը՝ հատկապես պարզեցված, խորհուրդ չի տրվում ներկայացնել, որովհետև դա կարող է նպաստել նրան, որ նույն կամ նման իրավիճակում գտնվող խոցելի մարդն իրեն նույնացնի ինքնասպան եղած մարդու հետ, ինչը կարող է ուժեղացնել նրա ինքնասպանության մտքերն ու զգացումները։

Ու հիմա այս մեր գիտնականը, լրագրողներից բողոքելիս, մոռանում է բողոքել մի ամբողջ պաշտպանության նախարարից՝ պաշտոնյայից, ով առաջիններից է եղել, որ ինքնասպանության թեմայով բովանդակություն է ներկայացրել՝ այն էլ պաշտոնական. «Ե՞ս եմ զինվորներին սովորեցրել զուգարանում գետնից բան վերցնել կամ չվերցնել»։

Հարգելի՛ գիտնական, բա եթե Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ուղեցույցներն այդպես լավ կարդացել եք, բա ինչո՞ւ նախ և առաջ չեք քննադատում Պաշտպանության նախարարի պաշտոնական դիրքից արված՝ ինքնասպանության բովանդակությունն ակնարկող տեղեկատվությունը, այլ քննադատում եք ինչ-որ գոյություն չունեցող, վերացական լրագրողների կամ ինչ-որ հատիկով ընտրված փնթի/անգրագետների։ Բա Պաշտպանության նախարա՞րը։ Էլ չեմ ասում, որ ըստ էդ նույն գայդլայնների, հա՛մ Սուրեն Պապիկյանն է կոպիտ խախտել դրանք, հա՛մ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ ինքնասպանությունների հիմնական պատճառը դա պոստում քնելն է։

Ի՞նչ են զգալու էդ հարցերով արդեն ընկճված վիճակում գտնվող զինվորները, երբ պաշտպանության նախարարի կամ վարչապետի բերանից լսեն, որ զուգարանի թեմայով կամ պոստում քնելու թեմայով մարդիկ կան, որ իսկապես ինքնասպան են եղել։

Իսկ ես գիտեմ, թե ինչու դուք այս դեպքերին չեք անդրադարձել, այլ անդրադարձել եք վերացական լրատվականներին։ Որովհետև, ինչպես գրել էի գրառման սկզբում, դուք չէիք եկել գիտական վերլուծություններ կամ հետազոտություններ լուսաբանելու, և առավել ևս չէիք եկել խնդիրների մասին գիտահեն ու փաստարկված խոսելու։ Դուք եկել էիք երկրում տիրող տոտալ անպատասխանատվությունը իշխանության ձեռքերից մաքրելու։ Ու դրա դիմաց ակնկալում էիք մեծացնել այդ մրցույթը շահելու ձեր շանսերը, կամ եթե արդեն շահել եք՝ ուղղակի վերևներին յուրօրինակ շնորհակալություն էիք հայտնում։

Ամենից շատ դիտված