Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 4 շաբաթ առաջ - 16:30 03-04-2024

Տվողից վերցնելու են. Փաշինյանը հասկացել է՝ որքան էլ զիջի, Ալիևը «ստոպ»-ը չի սեղմելու

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակված տեսանյութում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ իր համար ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու։ Նրա խոսքով՝ դա իր համար ամենակարևոր բանն է։

«Ընդ որում, ես ինքս ինձ համար էլ եմ այդ հաշվարկը անում, ես ասել եմ, որ պետք է նայել այն տարբերակը, որ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք այս ճանապարհը: Դա էլ է պետք դիտարկել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ այ դա կլինի իսկական դավաճանություն»,- պնդել է Փաշինյանը։

Oragir.News-ի զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր (2007-2021), «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ հասկանալի է, որ ի վերջո գալու էր այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանն էլ էր հասկանալու, որ որքան ինքը զիջեց, այնքան Ալիևը «ստոպ»-ը չի սեղմելու.

«Ես զարմանում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նման տրիվյալ, պրիմիտիվ ու կենցաղային ճշմարտությունը, որը դաբլվում է, դուբլիկացվում է նաև քաղաքականության մեջ, չէր հասկանում, որ տվողից, կներեք կոպիտ ձևակերպման համար, անընդհատ վերցնելու են, զիջողից անընդհատ վերցնելու են։ Նույն Նիկոլ Փաշինյանն ինքն էր 2 տարի առաջ Ազգային ժողովից հայտարարում, որ տանք, բայց ուզում էր իմանալ այն գիծը, որից այն կողմ Ալիևը չի պահանջելու։ Այդ գիծը ամբողջ Հայաստանն է»։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է՝ հասկանում է, որ որոշ քաղաքական, լրատվական ու վերլուծական շերտեր Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շատ են ուրախացել, սակայն պետք է հասկանալ, որ սա հայտարարություն է՝ թակարդի մասին։ «Հայտարարություն է այն մասին, որ ես Հայաստանը գցել եմ այնպիսի թակարդի մեջ, որ որ կողմ էլ գնա երկիրը, բոլոր մուտքերն ու ելքերն ականապատված են, նռնակապատված են, ու Հայաստանը պայթելու է։ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված ցանկացած որոշում Հայաստանի համար ծանրագույն հետևանքներ է ունեցել, և եթե այս որոշման արդյունքը լինելու է պայմանավորված պատերազմը, ու ինքն այս հայտարարությամբ իր ալիբին է ապահովում, ապա սա ընդամենը ժողովրդի թիկունիքից խփված հերաթան դանակն լինելու»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը վստահ է՝ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանն ապագա չունի, քանի որ վերջինս այնպես է ՀՀ-ն գցել թակարդի ու փակուղի մեջ, որ դրանում հայտնվել է ոչ միայն ինքը, այլև ողջ երկիրը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի անձը վաղուց արդեն ոչ մեկին չի հետաքրքրում, հանրությանը հետաքրքրում է՝ մնացե՞լ են սողանցքներ Հայաստանը փրկելու համար, թե՞ ոչ։

Նաիրա Զոհրաբյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ մեկ սողանցք դեռևս կա, որը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է։ Նրա համոզմամբ՝ որքան Նիկոլ Փաշինյանն ուշացնում է իր հրաժարականը, այնքան ինքը փակում է Հայաստանի պետականությունը փրկելու շատ բարակող վերջին թելը։

Քաղաքական գործիչը համաձայնեց այն դիտարկումների հետ, որ այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ հանրության շրջանում կասկածներ կան առ այն, որ եթե նոր պատերազմ լինի Նիկոլ Փաշինյանը հանձնվելու է, ու նման հայտարարությամբ նա փորձում է փարատել այս կասկածները։ Զոհրաբյանը նշեց, որ ինքն ավելի վատ կանխատեսում ունի, որ այս հայտարարությունն իր ալիբին է՝ հնարավոր պատերազմի դեպքում պատասխանատվությունից խուսափելու համար։

«Սա իր ալիբին է, որ առաջիկա հնարավոր պատերազմից հետո, երբ Ալիևը պատերազմով կվերցնի այն, ինչ հիմա Նիկոլն ասում է, որ որոշել է չհանձնել, հայտարարի, որ ես այս որոշումը կայացրել էի, ինչի մասին ձեզ տեղեկացրել էի, բայց արդյունքում պատերազմ եղավ, և մենք պատերազմում պարտվեցինք։ Բացի այդ, նա փորձելու է հերթական անգամ պատերազմի ու պարտության պատասխանատվությունը գցի սրա-նրա ջեբը, օրինակ՝ հրամանատարների»,- շեշտում է նա։

Քաղաքական գործիչը նշում է՝ հենց սրա համար էլ կոչով դիմել է բոլոր հրամանատարներին. չկատարել Նիկոլ Փաշինյանի ոչ մի բանավոր հրաման և բոլոր հրամանները պահանջել գրավոր։ Նա նշեց՝ երկիրը կանգնած է իսկապես ծանրագույն լուծումների առջև, որից հետո սկսվելու մեղավորների ու դավաճանների փնտրտուքի երկրորդ փուլը, որը եղավ նաև 44-օրյա պատերազմից հետո։

Զոհրաբյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, կամ չանի, այլևս չի կարող Հայաստանի անունից արժանապատիվ բանակցող լինել, ով երկրի համար գոնե նվազագույն կորուսնտերով ելք կապահովի։ «Մենք պետք է ժամերի, օրերի ընթացքում փոխենք բանակցողին, և նոր բանակցողը հրաժարվի Նիկոլ Փաշինյանի բոլոր գրավոր ու բանավոր պայմանավորվածություններից։ Ելքը սա է, կգնա՞ ինքը այդ լուծմանը, մեծապես կասկածում են՝ ճանաչելով իրեն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված