Գյումրիի բնակիչ 49-ամյա Գագիկ Մկրտչյանը
Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է, որ Ոստիկանությունը կազմակերպել է իր 10-ամյա որդու առևանգումը՝ իրականացված երեխայի մոր և Շիրակի մարզպետարանի աշխատակցի մասնակցությամբ։
«Մեկ տարի է՝ ամուսնալուծված ենք, իսկ երեխան իմ խնամակալության տակ էր։ Նախորդող տարիներին մոր կողմից ծեծը հանգեցրել էր նրան, որ երեխաս վախենում էր դուրս գալ տնից, շփվել մարդկանց հետ և դպրոց գնալ։ Արդեն 8 ամիս է՝ դպրոց չէր հաճախում, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ մարզպետարանի օժանդակությամբ կազմակերպվեր երեխայիս առևանգումը»։
Հոր խոսքով՝ մարտի 11-ին՝ դեպքի օրը, իրեն միտումնավոր կանչել են Ոստիկանություն, ինչի ընթացքում էլ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արիգա Ռաֆայելյանը երեխայի մոր հետ ներխուժել են տուն և բռնի ուժով տարել երեխային․
«Տեսախցիկներ կան, որ ֆիքսել են դեպքը։ 20 օր է ՝ լուր չունեմ երեխայիցս․ ինձ զրկել են երեխայիս հետ որևէ կերպ կապի դուրս գալու հնարավորությունից»։
Oragir.News-ը զրուցել է նաև Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանի հետ՝ պարզելու՝ ում հրամանով է մարտի 11-ին՝ դեպքի օրը, աշխատանքային ժամին իր վարչության գլխավոր մասնագետը՝ Արիգա Ռաֆայելյանը, եղել դեպքի վայրում։
«Ոչ ոք չի ստիպել, ոչ մի տեղից հրաման չի եղել։ Խնդիրն այն է, որ ամուսնալուծված ծնողների երեխան ապրել է հոր հետ և կրթությունից դուրս է մնացել։ Մենք ահազանգ ենք ստացել դպրոցի տնօրենից, որ երեխան 2023 թվականի նոյեմբեր ամսից չի հաճախում դպրոց՝ 360 ժամից ավելի բացակայություններ ունենալով։ Երեխան համարվում է կրթությունից դուրս մնացած։ Այս տեղեկությունը մեզ փոխանցվելուց զատ՝ տրվում է համայնքի Խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողով, նաև Ոստիկանության, և այս բոլոր տեղերում աշխատանք է տարվում։ Փաստ է, որ հոր հետ բնակվելու ամիսների ընթացքում երեխան չի ներկայացել դպրոց՝ դասի»։
Մեր հարցին՝ տարվե՞լ են հետազոտություններ՝ պարզելու՝ ինչն է եղել դպրոց չներկայանալու պատճառը, Ասլանյանը նշեց․
«Երբ ահազանգ ենք ստացել դպրոցից, սկսել են հետազոտել։ Փետրվարի 20-ին հարցը տրվել է Խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովին՝ քննարկման, ինչին մասնակից է լինում նաև մեր վարչության մասնագետը, ոստիկանության ներկայացուցիչներ, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը առաջարկել է ծնողներին միավորվելու, որպեսզի ընտանիքը լիարժեք լինի, և կարողանան ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը։ Հայրը, սակայն, խոչընդոտել է։ Հենց մարտի 11-ին Ոստիկանության կողմից հոր հանդեպ անհետաձգելի կանխարգելիչ միջոցառում է իրականացվել որպես երեխայի հանդեպ բռնություն գործադրած անձ, իսկ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի ներկայացուցչի, մոր և իմ ներկայացուցչի հետ երեխային տարել են ապաստարան։ Երեխան հոգեբանական բավական լուրջ խնդիրներ ունի, որտեղ մասնագետները աշխատում են՝ դրանք շտկելու»։
Ասլանյանի խոսքով՝ գործընթացը իրականանում է մարզպետի անմիջական հսկողության ներքո։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև երեխայի հանրակրթական դպրոցի տնօրենի հետ, որը, սակայն, հրաժարվեց ոչ աշխատանքային ժամի հարցազրույց տալ․ «Եթե դպրոցին է վերաբերում, խնդրում եմ զանգահարել վաղը»։
Մանրամասները՝ տեսանյութում։