Թուրքիան մերժեց Էրդողանին. ինչու նա ձախողվեց, ինչ կփոխվի նրա հեռացմամբ
copy image url

Թուրքիան մերժեց Էրդողանին. ինչու նա ձախողվեց, ինչ կփոխվի նրա հեռացմամբ

Արտաքին Միտք 1 տարի առաջ - 20:30 01-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Թուրքիայում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։ Ընտրությունների արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է հիմնական ընդդիմադիր քեմալական «Հանրապետական-ժողովրական» կուսակցությունը, իսկ գործող նախագահ Էրդողանի գլխավորած և երկիրը ավելի քան 21 տարի միանձնայա կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրորդն է. երկու ուժերի միջև տարբերությունը ավելի քան 2% է։

Հատկանշական է, որ Էրդողանի և ԱԶԿ-ի կառավարման ողջ ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իշխող կուսակցությունը ոչ միայն ընտրությունների բացարձակ առաջատարը չէ, այլ նաև նրան չի հաջողվել զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Նախորդ բոլոր ընտրություններում եթե անգամ ԱԶԿ-ն իշխանություն էր ձևավորում կոալիցիոն համագործակցության ճանապարհով, այնուամենայնիվ վերջինս ամենաշատ քվեներն էր ստանում, իսկ երկրորդ տեղը զբաղեցնող ՀԺԿ-ին գերազանցում էր ձայների շոշափելի առավելությամբ։

Նախորդ շաբաթ գրել էինք, որ այս ընտրություններում, որոնց Էրդողանի թիմը սկսել էր պատրաստվել բավականին վաղ՝ նախորդ մայիսին կայացած համապետական ընտրություններից անմիջապես հետո, գործող նախագահը ձգտելու է ամեն գնով վերադարձնել հատկապես Ստամբուլի և Անկարայի կառավարումը, որոնք ԱԶԿ-ն ընդդիմադիր ՀԺԿ-ին էր զիջել դեռևս 2019-ին։ Նախօրեին կայացած ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն խայտառակ պարտություն կրեց ոչ միայն այս 2 քաղաքներում, այլև Թուրքիայի մի շարք այլ կարևոր շրջաններում, որտեղ 2019-ին հաջողվել էր հաղթել։ Ասվածը վերաբերում է հատկապես Թուրքիայի 4-րդ ամենամեծ քաղաքին՝ Բուրսային, որտեղ Էրդողանը և ԱԶԿ-ն մշտապես բարձր տոկոսներ են ստացել, սակայն այս անգամ խայտառակ ֆիասկո արձանագրեցին և քաղաքի կառավարումը զիջեցին ՀԺԿ-ին։

Ընտրությունների արդյունքներով ՀԺԿ-ն հաղթել է Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Անթալիայում, Ադանայում, Էգեյան և Միջերկրական ծովի տարածաշրջանների բազմաթիվ կարևոր քաղաքներում. կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 37.76%-ը։ Իշխող ԱԶԿ-ին հաջողվել է հաղթել Թուրքիայի կենտրոնական, արևելյան և Սև ծովի տարածաշրջանի որոշ քաղաքներում՝ ստանալով ձայների 35.48-ը։

Մյուս կուսակցություններից որոշակի հաջողություններ ունի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, որը ստացել է ձայների 5.70 տոկոսը և հաղթել պատմական Արևմտյան Հայաստանի ներկայիս քրդաբնակ քաղաքների մեծ մասում։ Որոշակիորեն բարձր քվեներ են ստացել ազգայնական «Կրկին բարօրություն» կուսակցությունը՝ 6.19%, որն այս անգամ դաշինք չկազմեց իշխող ԱԶԿ-ի հետ, և Էրդողանի կոալիցիոն գործընկեր, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 4.99%։ ԱՇԿ-ից դեռևս 2017-ին անջատված ազգայնական «Լավ» կուսակցությունը, որն այս անգամ հրաժարվել էր դաշնակցել ՀԺԿ-ի հետ, ստացել է քվեների 3.77%-ը։

Այսպիսով՝ ընտրությունների արդյունքներն ուսումնասիրելիս հարց է առաջանում, թե որոնք են ԱԶԿ-ի խայտառակ ձախողման, ՀԺԿ-ի շռնդալից հաջողության պատճառները, ընտրությունների արդյունքներն ինչպիսի ազդեցությու կունենան Թուրքիայի հետագա զարգացումների, հայ-թուրքականհ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Հետաքրքրաշարժ է նաև, թե ընտրությունների արդյունքներն ինչպես կազդեն գործող նախագահ Էրդողանի և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հետագա կառավարման վրա.

Նախևառաջ նշենք, որ Թուրքիայի բնակչությունն արդեն հոգնել է Էրդողանի ավելի քան 2 տասնամյակ շարունակվող իշխանությունից և երկրում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներից, որոնք իշխանությունները վերջին տարիներին չեն կարողանում լուծել, չնայած տրված բազմաթիվ խոստումներին։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունում, ի տարբերություն ԱԶԿ-ի, նախորդ տարի համապետական ընտրություններում կրած ձախողումից հետո քաղաքական սերնդափոխության գործընթաց է մեկնարկել, որի արդյունքներն արդեն տեսանելի են։

Չափազանց կարևոր է, որ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը՝ ՀԺԿ-ն, Ստամբուլի և Անկարայի գործող ու արդեն վերընտրված քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի գլխավորությամբ երկիրի գրեթե բոլոր շրջաններում առաջադրել է իր լավագույն թեկնածուներին, որոնց հաջողվել է ստանալ ժողովրդի համակրանքը։ Այս ընտրություններում տարած հաղթանակը հատկապես հիշյալ երկու գործիչների համար կարևոր էր, քանի որ այն ճանապարհ է բացում վերջիններիս ավելի մեծ քաղաքական հավակնությունների համար. հենց այս 2 թեկնածուներն են, որ համարվում են 2028 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության ֆավորիտները, իսկ նրանց վերընտրությունը, ընդ որում ձայների նկատելի տարբերությամբ, միայն մեծացնելու է վերջիններիս շանսերը։

Միևնույն ժամանակ նկատենք, որ չնայած ընդդիմությունը փաստացի հաղթել է ընտրություններում, այնուամենայնիվ սրանք ոչ թե համապետական, այլ ՏԻՄ ընտրություններ էին, և Թուրքիան առնվազն մինչև 2028 թվականը շարունակելու են ղեկավարել Էրդողանն ու իր գլխավորած ԱԶԿ-ն, որոնք նախորդ տարի վերընտրվել էին։ Թեև ընդդիմության այս հաղթանակը բավականին թուլացնելու է Էրդողանի դիրքերը, վերջինիս համար չափազանց դժվար է լինելու իր իշխանության անցնցում փոխանցումը, սակայն գործող նախագահն առաջիկա 4 տարիներն ամենայն հավանականությամբ կօգտագործի՝ իր դիրքերը վերականգնելու և իշխանությունն անցնցում փոխանցելու համար։

Առաջիկա տարիներին՝ առնվազն մինչև 2028 թվականը, Թուրքիայի տարածաշրջանային և գլոբալ քաղաքականությունում զգալի փոփոխություններ չենք ակնկալում, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, երկիրը շարունակելու է ղեկավարել Էրդողանը։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա նույնպես այս ընտրությունների արդյունքները էական ազդեցություն չեն ունենա։ Ցանկանում ենք վերահաստատել՝ Թուրքիայում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը սահմանվում է պետական մակարդակով, և որ ուժն էլ այդ երկրում իշխանության գա շարունակելու է առաջնորդվել պետական քաղաքականությամբ, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է բացառապես ՀՀ-ին ներկայացված բոլոր նախապայմանների անվերապահ կատարմամբ։

Նկատենք, որ եթե անգամ Թուրքիայի հաջորդ նախագահը լինի Էքրեմ Իմամօղլուն, կամ Մանսուր Յավաշը, ապա այս Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում վերջիններիս դիրքորոշումն առնվազն չի զիջում Էրդողանի մոտեցնումներին և անգամ այս պարագայում առանցքային փոփոխություններ պետք չէ ակնկալել։

Այպիսով, կարող ենք փաստել, որ Թուրքիայի հասարակությունը նախօրեին մերժեց գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ողջ քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ սրանք իր քաղաքական կյանքի վերջին ընտրություններն են։ Էրդողանն իր հետընտրական ելույթում, որոնցում ընտրությունները որակեց որպես ժողովրդավարության հաղթանակ, ընդունեց իր կուսակցությանը պարտությունը՝ նշելով, որ ինքնաքննադատությամբ կվերլուծեն արձանագրված արդյունքները։

Թուրքիայի իշխանամերձ շրջանակները չեն կարող հայտարարել նաև, որ սա ոչ թե գործող նախագահի, այլ իշխող կուսակցության պարտությունն է, քանի որ Էրդողանը անձամբ է առաջնորդել ողջ քարոզարշավը։ Ավելին՝ ԱԶԿ-ի կուլիսային քննարկումները վկայում են այն մասին, որ իշխող կուսակցության ներսում կարծում են, որ հենց Էրդողանի ակտիվ մասնակցությունն է նման անհաջողության պատճառ դարձել։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինիս հաջողվեց վերականգնել նախորդ տարվա համապետական ընտրություններից հետո կորցրած դիրքերը և գրագետ, համակողմանի աշխատանքի դեպքում «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը հնարավորություն կունենա կրկին իշխանության գալ Թուրքիայում, ինչը տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում։ Այս ընտրությունները վկայեցին, որ չափազանց կարևոր է տեղերում ճիշտ թեկնածուների առաջադրումը, ինչը նախորդ ընտրություններում ձախողման գլխավոր պատճառներից էր, եթե ոչ ամենագլխավորը։

Դեռևս նախորդ տարի Oragir.News-ը պնդել էր, որ եթե ընդդիմության միասնական թեկնածուն լիներ ոչ թե ՀԺԿ նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, այլ Էքրեմ Իմամօղլուն, կամ Մանսուր Յավաշը, ապա ընտրությունների արդյունքները բոլորվին այլ կլինեին։ Թուրքիայի ընդդիմությունը հավանաբար դասեր կքաղի այս ընտրություններից, ճիշտ ռազմավարություն կորդեգրի, որը թույլ կտա հաջողության հասնել 2028-ի համապետական ընտրություններում։

Դավիթ Գույումջյան