Երևան +30°
copy image url
Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 22:00 26-03-2024

Էրդողանի իրավահաջորդի ընտրությունը. Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների առանձնահատկությունները

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախորդ մայիսին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից շուրջ 10 ամիս անց՝ կիրակի օրը՝ մարտի 31-ին, այդ երկրում կրկին ընտրություններ կկայանան, սակայն այս անգամ ոչ թե համապետական, այլ տեղական ինքնակառավարման մարմինների։ Ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի ամբողջ տարածքում ՏԻՄ ընտրությունները կայանում են միևնույն օրը, իսկ ձևավորված իշխանությունը գործում է 5 տարի ժամկետով։

Չնայած մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններն առավելապես վերաբերում են այդ երկրի ներքին քաղաքականությանը, սակայն մի շարք առումներով դրանք ուշագրավ են նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Ընտրությունների արդյունքներով տեղական իշխանություններ են ձևավորվելու Թուրքիայի 81 նահանգներում, սակայն հիմնական քաղաքական ուժերի միջև հիմնական պայքարն ընթանում է երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլն, իշխանությունը պահպանելու, կամ վերադարձնելու համար։

Մասնավորապես գործող իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ձգտում են ոչ միայն հերթական անգամ վերարտադրվել, այլև ամեն գնով վերադարձնել երկրի ներկայիս և պատմական մայրաքաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի կառավարումը, որոնք 2019 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում անփառունակ կերպով զիջել էին ընդդիմությանը։ Էրդողանի համար առավել կարևոր նշանակություն ունի հատկապես Ստամբուլի «վերանվաճումը», քանի որ նա իր քաղաքական գործունեությունը սկսել էր հենց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում և տարիներ առաջ հայտարարել՝ ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է ողջ Թուրքիայում։

Այլ կերպ ասած՝ Թուրքիայի գործող նախագահը փորձում է վերախմբագրել ինքն իրեն, քանի որ Ստամբուլի ներկայիս քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի աճող հեղինակությունը անհանգստացնում է Էրդողանին և չի բացառվում, որ տարիներ առաջ իր հնչեցրած հայտարարությունը կարող է իրականություն դառնալ և խորհրդանշել սեփական իշխանության ավարտը։ Էրդողանի համար պակաս կարևոր չէ նաև երկրի մյուս խոշոր քաղաքներում սեփական իշխանության վերահաստատումը, քանի որ նախորդ ընտրություններից դրանց մեծ մասում իշխանության է եկել ընդդիմությունը։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ այս ընտրությունները, ինչպես նաև խոշոր քաղաքների կառավարումը վերադարձնելը Էրդողանի համար կարևոր են ոչ միայն սեփական իշխանությունը վերարտադրելու, այլ նաև այն իր քաղաքական իրավահաջորդներին փոխանցելու համատեքստում։ 2003 թվականից Թուրքիան վարչապետի, իսկ 2014-ից արդեն նախագահի պաշտոնում Թուրքիան ավելի քան 2 տասնամյակ ղեկավարող Էրդողանի համար սրանք վերջին ընտրություններն են, և նրա համար սրանցում հաղթելն առանցքային նշանակություն ունեն ինչպես սեփական քաղաքական կարիերան հաղթական կերպով ավարտելու, այնպես էլ իշխանությունն անցնցում փոխանցելու համատեքստում։

Քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է անձամբ Էրդողանը դեռևս մարտի սկզբին՝ «Թուրքիայի երիտասարդների հիմնադրամի» ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը։ Էրդողանն այս հանդիպմանը նշել էր, որ սա իր համար վերջին ընտրություններն են, որոնցում հաղթանակը կնշանակի իշխանության էստաֆետի փոխանցումն իր հաջորդներին։ Իսկապես, Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում այլևս չի կարող իր թեկնածությունն առաջադրել, եթե իհարկե առաջիկա տարիներին սպասվող սահմանադրական փոփոխություններում, որոնց շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել են, համապատասխան փոփոխություններ չկատարվեն, ինչպես նաև նրա առողջական վիճակը թույլ տա շարունակել քաղաքական գործունեությունը։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինս նախորդ տարվա համապետական ընտրություններում արձանագրած ֆիասկոյից հետո որոշակիորեն թուլացել էր և այս ընտրություններին մասնակցում է անհամեմատ ավելի թույլ մեկնարկային վիճակում, քան նախորդներին։ Բացի այդ, Թուրքիայի երկու հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Հանրապետական-ժողովրդական» և «Լավ» կուսակցություններն այս անգամ դաշինքով չեն մասնակցում, ինչը 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում նրանց արձանագրած շռնդալից հաջողությունների հիմնական գրավականներից մեկն էր, և երկու քաղաքական ուժերը երկրի գրեթե բոլոր նահանգներում առանձին թեկնածուներ են առաջադրել։

Նման իրավիճակը միանշանակ բխում է Էրդողանի շահերից, քանի որ ընդդիմության ձայները պառակտվելու են, և վերջինիս առաջնորդած «Ժողովուրդ» դաշինքը բազմաթիվ նահանգներում կարողանալու է օգտվել իրավիճակից։ Սակայն եթե այս սցենարը իշխանություններին կարող է անգամ հաջողություն բերել երկրի այլ խոշոր քաղաքներում, Ստամբուլում և Անկարայում պատկերը միանշանակ չէ.

Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը բնակչության շրջանում շարունակում են պահպանել իրենց բավականին բարձր վարկանիշը և մի շարք հարցումների արդյունքներով գերազանցում են իրանց հետ պայքարող իշխանական թեկնածուներին։ Թեև նախորդ տարվա համապետական ընտրություններում, երբ հիշյալ գործիչները Էրդողանին հաղթելու իրական հնարավորություն ունեին, չառաջադրեցին իրենց թեկնածությունները, ինչը որոշ չափով վնասեց հենց իրենց վարկանիշին, այնուամենայնիվ Թուրքիայի ողջ ընդդիմադիր դաշտում նրանք շարունակում են մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչները, որոնց շուրջ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան ամենահավանական է։

Այլ կերպ ասած՝ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշն այս ընտրություններով յուրօրինակ քննություն են հանձնելու, և եթե վերջիններիս հաջողվի վերընտրվել իրենց պաշտոններում, ապա հենց նրանցից մեկն էլ հաջորդ նախագահական ընտրություններում կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, ով ամենայն հավանականությամբ կհաղթի և վերջ կտա Էրդողանի քաղաքական և նրա քաղաքական ուժի՝ 2028 թվականին արդեն ավելի քան քառորդ դար տևած իշխանությանը։ Ինչ վերաբերում սոցհարցումների արդյունքներին, ապա չնայած որոշ դեպքերում դրանց արդյունքներն իրարամերժ են, այնուամենայնիվ դրանց մեծամասնության արդյունքներով Ստամբուլում և Անկարայում, առաջատարը ընդդիմությունն է։

Ստամբուլի պարագայում հատկապես իշխանամետ հետազոտական կազմակերպություններն ու լրատվամիջոցները երբեմն պնդում են, որ առաջատարը իշխանության թեկնածու Մուրադ Քուրումն է, սակայն անգամ այդ տվյալներով՝ Իմամօղլուի նկատմամբ վերջինիս առավելությունը 1-2%-ի սահմաններում է, ինչը տեղավորվում է վիճակագրական սխալի սահմաններում։ Նշենք նաև, որ օրեր առաջ թուրքական մամուլը նախընտրական սկանդալի մասին էր գրել՝ նշելով, որ Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածու Մուրադ Քուրումը չի արդարացնում նախընտրական արշավում կուսակցության ունեցած սպասելիքները, և նման զարգացման պարագայում կուսակցության ռազմավարությունը կարող է ձախողել, պարտություն բերել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:

Բացի այդ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կուլիսային լուրերի համաձայն՝ Քուրումը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է վնասում նախընտրական արշավի որակին՝ պարբերաբար հարթակ դուրս գալով: Նման նախընտրական սկանդալները, որոնք եզակի չեն այս շրջանում, վնասում են իշխանությունների վարկանիշը և հանգեցնում ընդդիմության վարկանիշի բարձրացմանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այս ընտրությունների արդյունքները դրա վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Թուրքիայում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը սահմանվում է պետական մակարդակով, և որ ուժն էլ այդ երկրում իշխանության գա շարունակելու է առաջնորդվել պետական քաղաքականությամբ, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է բացառապես ՀՀ-ին ներկայացված բոլոր նախապայմանների անվերապահ կատարմամբ։

Նկատենք, որ եթե անգամ Թուրքիայի հաջորդ նախագահը լինի Էքրեմ Իմամօղլուն կամ Մանսուր Յավաշը, ապա այս Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում վերջիններիս դիրքորոշումն առնվազն չի զիջում Էրդողանի մոտեցնումներին և անգամ այս պարագայում առանցքային փոփոխություններ պետք չէ ակնկալել։ Բացի այդ, անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, առնվազն մինչև 2028 թվականը Թուրքիայում շարունակելու է իշխել Էրդողանը և նրա գլխավորած «Ժողովուրդ» դաշինքը, որն էլ վարելու է պետության արտաքին քաղաքականությունը։

Այսպիսով՝ ամփոփելով կարող ենք փաստել, որ Թուրքիայում այս կիրակի սպասվող ՏԻՄ ընտրությունները կարևոր են ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության համար։ Առաջինը ձգտելու է ամեն գնով պահպանել իշխանությունը, վերադարձնել 2019-ին կորցրած խոշոր քաղաքների կառավարումը, գործող նախագահը՝ իշխանությունն անցնցում փոխանցել, իսկ ընդդիմության համար գերխնդիր է լինելու 2019 թվականի ընտրություններում արձանագրած հաջողությունները պահպանելը, ինչպես նաև հնարավորինս լավարկել սեփական դիրքերը՝ 2028 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ։

Հավելենք, որ եթե հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության շրջանում Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը բացարձակ առաջատար են, ապա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում իրավիճակը միանշանակ չէ և հստակ չէ, թե ով է լինելու գործող նախագահի իրավահաջորդը։

Իշխանության կուլիսներում շրջանառվում է արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի, Էրդողանի փեսա և «Բայքար» ընկերության ղեկավարների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարի, նախկին ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և մի քանի այլ թեկնածուների անուններ։ Առավել հավանական է, որ Էրդողանի ընտրությունը կանգ կառնի հենց արտգործնախար Հաքան Ֆիդանի վրա, ով նախքան այս պաշտնում նշանակվելը 13 տարի շարունակ՝ 2010-2023թթ. Թուրքիայի ամենակարևոր ուժային կառույցի՝ Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը և լավագույնս կարող է ղեկավարել երկիրը՝ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված