Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 30-03-2024

Պաշտոնյաները քաղաքում չեն զբոսնում, իսկ մեզ զրկում են մաքուր օդից. բնապահպան

Երեկ Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Երևանը զրկվում է բնական թոքերից՝ ստանալով արհեստական շնչառություն, և նշել այն մասին, որ այսօրվանից կսկեն բողոքի ակցիաներ:

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքների շուրջ Oragir.News-ը զրուցել է «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Թեհմինե Ենոքյանի հետ, ով վստահեցրեց՝ Երևանը կտուժի ծառափոխման հետևանքով.

«Կանաչապատումը նման մակարդակով չի իրականացվում: Տարբեր մասնագետներ են խոսում, թե Երևանին ինչպիսի ծառատեսակներ են պետք շնչելու համար՝ հաշվի առնելով՝ Երևանի շուրջ կան 10 և ավել բաց հանքեր, և ամբողջ փոշին լցվում է քաղաք: Կառուցապատումը, Երևանի ամենամեծ խնդիրը՝ Նուբարաշենի աղբավայրը, պարբերաբար այրվում է, թունավոր նյութերը լցվում են քաղաք. ամենը շատ բացասաբար է անդրադառնում մեր բնակչության առողջության վրա: Ծառերը կտրելով՝ մեզ զրկում են մաքուր օդից: Ճիշտ է, կան ծառեր, որոնք պետք էր փոխարինել: Պարզապես պետք էր գործընթացը աստիճանաբար իրականացնել, որ այդ նույն շարքից չվնասվեին ու չհանվեին նաև առողջ ծառերը: Խնդիր է նաև, թե ինչ տեսակի ծառատեսակներով են դրանք փոխարինվում»:

Մեզ հետ զրույցում մասնագետը խիստ բացասաբար գնահատեց գործընթացը.

«Առանց որևէ նորմալ մասնագետի կարծիք լսելու՝ որոշում է կայացվել՝ դրանք փոխարինելու»:

Դիտարկմանը՝ հատվում են ծառեր, որոնք վաղուց կորցրել են իրեն կենսունակությունը, և փոխարենը տնկվում են նորերը, Ենոքյանը այսպես մեկնաբանեց.

«Պատճառաբանությունը ինչ-որ չափով կարող էր տեղին լինել, եթե բոլոր ծառերը ստուգված լինեին, հստակ ասեինք՝ այս ծառը հիվանդ էր, պարոն Բեգոյանը ճիշտ էր, կամ մյուսը հիվանդ էր: Բայց մենք տեսնում ենք նաև առողջ կոճղեր, որոնք կտրված են և հստակ երևում է, որ այդ ծառերը ոչ էլ հիվանդ էին: Նման պաշտոնյաները իրենց թանկարժեք մեքենաներից չեն իջնում ու քաղաքում չեն զբոսնում: Իրենք չեն էլ պատկերացում՝ Երևանում ինչ կարգի շոգ է: Աղքատ բնակչությունն է, որ ամռանը մի ստվեր չի գտնում՝ պատսպարվելու. ամառն ենք հիշում, որ ծառի կարիք ունենք:

Հարցին՝ արդյոք բնապահպանները քաղաքապետարանի գործունեությանը զուգահեռ չե՞ն կարող ծառատնկման աշխատանքներ իրականացնել, Ենոքյանը պատասխանեց.

«Ցավոք, բնապահպանները չեն կարող ծառատունկ կազմակերպել Երևանի պողոտաներում, որովհետև դրանք կոնկրետ վերահսկողության տակ գտնվող տարածքներ են: Ծառ տնկելը ինքնանպատակ չէ. դրանք ջրել է պետք: Եթե դու ծառ ես տնկել, ու քեզ ջուր չեն տալիս, դու ինչպե՞ս ես դա ջրելու, կամ եթե ծառ ես դրել, ու համայնքապետարանը դեմ է, որ այդտեղ ծառ ես դրել, գալու է՝ քաշի, պոկի, թափի: Այստեղ նաև կոռուպցիոն հարցեր են ի հայտ գալիս»:

Մեր հարցին՝ արդյոք քաղաքապետարանը չի՞ դիմել ոլորտի մասնագետների՝ կարծիք լսելու նպատակով, կազմակերպության նախագահը ասաց.

«Բոլորի անունից խոսել չեմ կարող, ինձ հետ որևէ մեկը չի խորհրդակցել: Ես պարոն Տիգրան Ավինյանի և իր թիմի հետ աշխատելու հեռանկար չեմ տեսնում՝ հաշվի առնելով պետական պաշտոններ ստանձնելուց հետո իր անպատասխանատու հայտարարությունները բնապահպանների, Ամուլսարի թեմայով:

Ենոքյանն իր խոսքում հիշեցրեց այն մասին, որ իրենք տասնյակից ավել քաղաքացիներով դատական հայց են բացել՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի:

«Այս տեսակ մարդու հետ չգիտեմ՝ ինչ քննարկել: Երբ տեսնում ես, որ իրավունք է ոտնահարվում, պետք է դատարանով հղում անել գործընթացի վրա»,- եզրափակելով խոսքը՝ արձանագրեց «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահը: