Ներքին 2 տարի առաջ - 21:30 23-03-2024

Դեմ ենք, որ մեր մարզում բուհեր չլինեն, և միանանք ակադեմիական քաղաքին. ՇՊՀ ՈՒԽ նախագահ

«Ինքս դեմ եմ, որ մեր մարզում բուհեր չլինեն, և միանանք ակադեմիական քաղաքին, քանի որ Շիրակի մարզում գոնե միասնական բուհ պիտի լինի: Չեմ կարող հստակ ֆորմատ նշել, բայց մարզում բուհ ունենալը անհրաժեշտություն է»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում նշեց Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Նյուռա Մուրադյանը:

Հարցին՝ ակադեմիական քաղաքի կառուցման և դրանով պայմանավորված՝ ուսանողների կարծիքն ինչպիսին է, Նյուռա Մուրադյանը նշեց. «Ուսխորհրդի կողմից դեռևս հստակ նախագծով առաջարկների քննարկում չի եղել: Ինչ կապված է մեր ժողովի քննարկումներին, կարող եմ ասել, որ թե՛ ֆակուլտետների շրջանում, թե՛ մեր ընդհանուր նախագահության շրջանում բարձրացվել է հարց, թե ինչ ճակատագիր ունի մեր մարզի «մայր բուհը»՝ որպես ուսանողության թվաքանակով և մասշտաբներով մեծ համալսարան:

Ուսանողների առաջարկն այն է եղել, որ մշակենք օրակարգային ինչ-որ հարցեր և փորձենք այդ ձևով բարձրացնել մեզ հուզող հարցերը. տեսնել, թե ինչ մոտեցում կցուցաբերվի, և առհասարակ՝ թե՛ ռեկտորի, թե՛ կառավարման մարմինների կողմից ինչ արձագանք կստանանք և հետագայում մարզում բուհ ունենալը որքանով հավանական կլինի»:

Նախագահի խոսքով՝ ՇՊՀ-ն պետք է պահպանի իր ֆակուլտետները՝ հաշվի առնելով, որ թողարկում է տարբեր մասնագիտություններ:

«Եթե դիտարկենք մասնաճյուղային կարգավիճակով այլ բուհերի հարցը, կարող ենք ասել, որ իրենք ավելի մասնագիտացված են, բայց մենք բազմակողմանի՝ տարբեր ուղղություններով մասնագետներ ենք թողարկում և մեծ խնդիր կունենանք հատկապես մանկավարժության ոլորտում, երբ տարբեր համայնքներից Շիրակի մարզ եկածների հնարավորությունը, այսպես ասած, փակենք: Մենք դուռ կփակենք և կճնշենք գյուղական համայնքներին, հնարավարությունից կզրկենք և մեծ խնդիր կունենանք կրթական ոլորտում: Այն մանկավարժները, որ վերադառնում են իրենց մարզեր և դպրոցներ են ընդունվում, խնդրի առջև կհայտնվեն: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Շիրակի մարզում մենք պարտադիր պիտի ունենանք համալսարան»:

Հարցին՝ արդյոք չկան մտավախություններ, որ ուսանողները, բարձրագույն կրթությունն ստանալով, չեն վերադառնա մարզ, բուհի ՈՒԽ նախագահն այսպես պատասխանեց.

«Եթե մարդը ի վիճակի լինի հասնելու ակադեմիական քաղաք, ավելի մեծ հնարավորությունների շրջանակ, հոսքը կլինի մայրաքաղաք, որտեղ թե՛ աշխատավարձի, թե՛ բարելավված պայմանների հետ կապված մեծ են հնարավորությունները»:

Oragir.News-ի հարցին՝ ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը՝ կապված ակադեմիական քաղաքում հստակ տրանսպորտային ցանց ունենալուն, որքանով կնպաստի ուսանողության վերաբերմունքի փոփոխությանը արդեն իսկ ունեցածից, Մուրադյանը նշեց՝ բարձրացված հարցը երկրորդական է.

«Կարծում եմ՝ հարցն այս պահին երկրորդական է, ինչքան էլ այն կարևոր է: Արդեն քննարկեցինք այն գլոբալ հարցերը, որ գյուղերից հոսք կունենանք, հետագայում՝ աշխատանքի կանցնեն այնտեղ, այդ քայլով կդատարկենք գյուղերը»:

Նյուռա Մուրադյանի խոսքով՝ ՇՊՀ-ն՝ որպես մարզային ամենամեծ բուհ, ունի ուսանողներ թե՛ Շիրակի, թե՛ Լոռվա մարզերից, անգամ մայրաքաղաք Երևանից, ինչը նաև բացատրվում է մատչելի վարձավճարներով. «Երևանից էլ ուսանողներ ունենք, որոնք նախընտրել են բուհը՝ նաև վարավճարներից ելնելով. մեր մարզում մատչելի է: Եթե Երևանից նախընտրում են գալ Գյումրի և սովորել, չեմ կարծում, որ գյուղերից կամ հարակից շրջաններից գալը հետագայում չի լինի, հատկապես եթե լինի կենտրոնացված՝ չմոռանալով այն փաստը, որ առաջին ինստիտուտը եղել է Գյումրիում, և լուծարել, փլուզել պատմական նշանակություն ունեցող համալսարանի պատմությունը ու միացնել ակադեմիական քաղաքին, ես՝ որպես Ուսանողական խորհրդի նախագահ, դեմ եմ»:

Հարցին՝ ՈՒԽ-ը և՞ս կիսում է իր հայացքները, Մուրադյանը վստահեցրեց.

«Ուսանողական խորհուրդը ևս կիսում է դիրքորոշումս. մեր ժողովներին քննարկում ունեցել ենք: «Ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի մեր մարզում ունենանք համալսարան»,- ամփոփելով զրույցը՝ նշեց ՇՊՀ ՈՒԽ նախագահը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»