Երևան +15°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 21-03-2024

Իշխանության ռեյտինգը ցածր է․ խոստումներ ենք տվել, չենք կատարել․ Հովիկ Աղազարյան

Դա ընդդիմության իրավունքն է, ես դա կարևորում եմ։ Բայց կարևորելով հանդերձ՝ կարծում եմ, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա Սահմանադրության և օրենքի շրջանակում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնարավոր փողոցային պայքարի վերսկսմանը։

Oragir.News-ի հարցին՝ ցույցերը սաստկանալու դեպքում կրկին ուժ կգործադրվի՞ ընդդիմության հանդեպ, թե՞ վերաբերմունք է փոխվել նրանց նկատմամբ, Աղազարյանը այսպես պատասխանեց․

«Ովքեր երկար պոչերով մուրճերով կգան հանրահավաքների, նրանց նկատմամբ կկիրառվի օրենքն ամենայն խստությամբ, իսկ ովքեր Սահմանադրության և օրենքների շրջանում կարտահայտեն իրենց իրավունքն իշխող քաղաքական ուժի, ընթացող քաղաքական գործընթացների, ընթացող պետական գործընթացների նկատմամբ՝ նրանց խորին հարգանք։ Արցունքաբեր նռնակները մտնում են ոստիկանների գործիքակազմի մեջ, երբ նրանք պարտավոր են պաշտպանել հասարակական կարգը և կանոնը։ Ինքս կարևորում եմ ընդդիմության գործունեությունն օրենքների և Սահմանադրության շրջանակում։ Մյուս կողմից՝ նույնքան կարևորում եմ իրավապահ մարմինների գործունեությունը, որպեսզի պահպանեն ամենն օրենքների և Սահմանադրության շրջանակում։ Նրանք, ովքեր դուրս կգան այդ շրջանակից, իրավապահ մարմինները պետք է կիրառեն օրենքով իրենց վերապահված ամենախիստ գործիքակազմերը»։

Ճշտող հարցին՝ արդյոք ընդդիմության ակտիվացումը նախընտրական վաղ մեկնարկած արշավ է, Աղազարյանը նշեց․

«Դիտարկման հետ համաձայն չեմ։ Չնայած՝ այսօր իշխանության վարկանիշը բավական ցածր է նախորդ տարիների համեմատ, այդուհանդերձ՝ ընդդիմադիրների ռեյտինգը զրոյին մոտ է։ Հետևաբար՝ նրանք չեն պատրաստվում ընտրությունների։ Ընդդիմության հիմնական շրջանակը մեկ նպատակ ունի․ ժողովրդին հանել փողոց՝ օգտագործելով հարմար պահը, իրականացնել այն սև ծրագիրը, որ տարիներ ի վեր հետապնդում են, և հեղաշրջում իրականացնել մեր հանրապետությունում, ինչը իրավապահ մարմինները բոլոր հնարավոր գործիքակազմերով պիտի կանխեն։ Նրանք չեն գնում ընտրությունների, գնում են այլ ճանապարհով»։

Հարցին՝ ինչով է պայմանավորված իշխանության վարկանիշի ցածր լինելը, Աղազարյանն արձանագրեց․

«Մենք չենք կարողացել կատարել մեր խոստումները, որ տվել ենք ժողովրդին։ Օրինակ՝ հանցագործները, որոնք բոլորի կարծիքով՝ ակնհայտ հանցագործ են կոռուպցիոն, պետականության դեմ արած քայլերի իմաստով, գտնվում են ազատության մեջ։ Երբ դու ընդդիմություն ես, գալիս ես իշխանության ու ծրագիր ես ներկայացնում, միշտ չէ, որ 100 տոկոսով կարողանում ես ծրագիրն իրականացնել, առավել ևս՝ այն աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որում մենք գտնվում ենք։ Եվ դա, բնականաբար, ազդել է մեր վարկանիշի վրա»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի