Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք Արտաքին 1 ամիս առաջ - 17:30 21-03-2024

Պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ. Բրյուսելի գագաթաժողովը ՀՀ-ին ոչինչ չի տա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նա մասնակցում է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Գագագաժողովի շրջանակներում Փաշինյանը երկկողմ հանդիպումեր կունենա նաև արտերկրի գործընկերների հետ։

Բրյուսլում Փաշինյանը պնդել է, որ ՀՀ-ի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է երկրի ինքնիշխանությունը։ Ըստ նրա՝ ատոմակայանի գործունեության ողջ պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության որևէ միջադեպի բացակայությունը խոսում է այս գործին ՀՀ-ի անսասան նվիրվածության մասին:

Oragir.News-ը 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե Փաշինյանի այցը Բրյուսել ու այս գագաթաժողովին մասնակցությունն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, պատերազմի սպառնալիքի կանխման, չեզոքացման համատեքստում։ Ի պատասխան՝ Պողոսյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկում, ցանկության դեպքում ամեն բան էլ հնարավոր է անել։

Քաղաքագետի խոսքով՝ այս գագաթաժողովում անհրաժեշտ է քննարկել այն հարցերը, որ Հայաստանն ունի ատոմակայան և գիտնականներ, որոնցով կարող է հետաքրքրել եվրոպացիներին, ինչպես նաև հնարավոր է այս ամենն օգտագործել երկրի անվտանգության համատեքստում։ Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ այս ամենը վերաբերում է պատերազմում խայտառակ պարտություն չկրած ու ազգային իշխանություններին։

Թևան Պողոսյանը նշեց, որ Բրյուսելում կայացած առաջին հանդիպումն օգտագործվեց ոչ թե հիշյալ խնդիրները բարձրաձայնելու, այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար, իսկ բոլորը, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեզ բացատրել են, որ դա տեղի չի ունենալու։

«Միգուցե ելնելով իրենց նեղ անձնական շահերից՝ գործող իշխանություններին այս միջոցառումը հետաքրքիր է, բայց հակված չեմ կարծել, որ դա կնպաստի Հայաստանի շահերի զարգացմանը, քանի որ պարտված իշխանություններից միայն նոր պարտություններ կարելի է սպասել։ Ոչ մի ակնկալիք չունեմ, պարզապես հերթական առիթն է գնալ այնտեղ ու հանդիպել մարդկանց հետ»,- ասաց նա։

Հարցին, թե ճիշտ աշխատանքի դեպքում այս հարթակն ինչպե՞ս էր հնարավոր օգտագործել Հայաստանի շահերի սպասարկման համար՝մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՀՀ-ն նախևառաջ պետք է օգտագործեր իր ողջ պոտենցիալը՝ սկսած գիտական պոտենցիալից մինչև ատոմակայան, որպեսզի կարողանար իր անվտանգության համար պայքարել։ Նա հիշեցրեց, որ անկախության տարիներից ի վեր Թուրքիան պահանջել է, որ Հայաստանի ատոմակայանը փակվի.

«Հիմա, նայում ենք այս պարտվողական իրավիճակին, երբ Թուրքիայի բոլոր պահանջները կատարվում են, այդ թվում Սահմանադրությունն են փոխում, պահանջելու են, որ ատոմակայանն էլ փակեն։ Դրանից հետո գնում են այս գագաթաժողովին, որ ի՞նչ անեն»։

Թևան Պողոսյանը կարևորեց, որ բանակցություններում ներգրավված լինեն Հայաստանի շահերով առաջնորդվող անձինք, այլապես տարբերություն չկա, թե բանակցությունները որտեղ կանցկացվեն՝ Բյուսելո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ Վաշինգտոնում։

«Որ գնացին էնտեղ ու խոսեցին, Տավուշի 4 գյուղերը հանձնելուց հե՞տ են կանգնելու, Արցախն են հե՞տ բերելու, վերհիշելո՞ւ են 2021 թվականի նախընտրական և կառավարության ծրագրերը՝ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի վերաբերյալ։ Ալիևը բացատրել է, որ մտադիր չէ Հայաստանի հետ ինչ-որ բան ստորագրել, ուստի նման ակնկալիքներ չպետք է ունենալ»,- ասաց նա։

Քաղաքագետը հավելեց, եթե Հայաստանում ազգային իշխանություն լիներ, ապա կարող էր այս գագաթաժողովը օգտագործել՝ տեսակետներ փոխանակելու և մի իրավիճակ ձևավորելու համար, որտեղ Տավուշի գյուղերը չէին հանձնվի։ Նա ասաց, որ ազգային իշխանությանը կհաջողվեր այս հարթակն օգտագործել՝ համագործակցության ու ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու համար, սակայն գործող իշխանություններն ի զորու չեն դա անել։

Դավիթ Գույումջյան