Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:37 17-03-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ նշելով, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ հնարավոր թիրախային և անհատական պատժամիջոցներն իրապես կարող են զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների առումով Ադրբեջանի դերը մեծացել է աշխարհում։ Նման իրողությունները գուցե ներշնչել են Իլհամ Ալիևին, որ էներգետիկ ռեսուրսների մատակարարման միջոցով հնարավոր է ստիպել Եվրոպային աչք փակել այն ռասիստական, ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Եվրախորհրդարանի բանաձևը հռչակում է նաև, որ հնարավոր են թիրախային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։ Սա իրապես կարող է զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար, սակայն արդարացի կլիներ, որպեսզի ադրբեջանական բռնատիրական և ցեղասպան վարչակարգը պատժվեր արդեն իսկ գործված հանցանքների համար։

Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Եկել է խոսքից գործին անցնելու և մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը։ Այնուհանդերձ, մենք կրկին կոչ ենք անում ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է