Ուղիղ եթեր
Արտահերթի պահանջ կա, բայց Նիկոլի հետ ընտրության գնալու դեպքում նա կվերընտրվի
copy image url

Արտահերթի պահանջ կա, բայց Նիկոլի հետ ընտրության գնալու դեպքում նա կվերընտրվի

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 13-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած նախորդ տարեվերջից քննարկվում էր, որ գործող իշխանությունները 2024 թվականի ընթացքում պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և վերաարտադրվել, վերջիններս տևական ժամանակ չէին մեկնաբանում դրանք՝ նպատակ ունենալով ստուգել հանրային տրամադրությունները։ Սակայն վերջին շրջանում իշխանություններն ամենաբարձր մակարդակով սկսել են հայտարարել, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում։

Նախօրեին իր ասուլսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդեց, որ խոստումներ է տվել և իրականացրել է դրանք, եղել են նաև խոստումներ կամ իրավիճակներ, որոնք փոխվել են իրենց բնույթով կամ պարզապես ոչ ամբողջական են մեկնաբանվել։

Oragir.News-ը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ, քաղաքական անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ հանրային պահանջ միանշանակ կա, որովհետև գործող խորհրդարանը, քաղաքական ուժերի դասավորությունն ու առաջին հերթին գործող իշխանությունն այլևս չի ներկայացնում հանրության գերակշիռ մեծամասնությանը։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին հետևել է պրոիշխանական՝ ավելի ճիշտ պրոնիկոլական «Ազատություն» ռադիոկայանի եթերով, որի հետևորդները հիմնականում 2018 թվականի թավշյա իշխանազավթումից հետո պրոիշխանական, պրոնիկոլական էլեկտորատն էր։ «Ես, որ ասուլիսին «Ազատության» եթերով հետևում էի՝ զուտ հանրային տրամադրությունները մոնիթորինգ անելու համար, զարհուրեցի այն անեծքներից, որոնք գրվում էին նրա հասցեին։ Եթե ես ասուլիսին հետևեի առավել ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցների եթերով, ապա այդ մարդկանց գնահատականներն օքեյ կլիներ, բայց ես հետևում էի հատկապես պրոնիկոլական «Ազատություն» ռադիոկայանով և պարզապես զարհուրեցի այն ատելության լավայից ու թշնամանքից, որը կար նրա անձի հանդեպ»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը նկատում է, որ պետք չի հատուկ սոցհարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, որ այսօր հասարակության, 2021 թվականին այս իշխանությանը ձայն տված պայմանական 680 հազար հատվածի շուրջ 80 տոկոսն այլևս այս իշխանության ոչ միայն համակիրը չէ, այլ նաև շատ ավելի արմատական է տրամադրված, քան ամենաարմատական զանգվածը կարող է լինել։ Նրա խոսքով՝ այս առումով փաստ է, որ գործող իշխանությունն այլևս չունի հանրության վստահության մանդատը, որովհետև վերջիններս չեն կատարել իրենց խոստումները.

«2021 թվականին նրանք իշխանությունը վերցրել են Շուշիի և Հադրութի դէօկուպացիա, Արցախի անջատում՝ հանուն փրկության բանաձևով, իսկ դրանից հետո հանձնել են Արցախը, պատմության մեջ առաջին անգամ հայաթափել են Արցախը և երեկ էլ շատ հանգիստ, անվրդով, հավասարակշիռ, իրեն ոչ բնորոշ հանդարտությամբ Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ չէ, ինքը հանրագիտարանում տեսել է, որ 40-50 քառակուսի կմ պակաս է և ազդարարեց Տավուշի գյուղերի հանձնման գործընթացի մեկնարկը։ Սրա համար նրան մանդատ չեն տվել, իսկ բանտիկով մուրճը, որը նա թափահարում և քվե էր հավաքում, այսօր նա ոչ միայն չի իրականացրել, այլ նաև շատ պարզ՝ խաբել իր ընտրողներին»։

Նաիրա Զոհրաբյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, այս առումով իշխանության փոփոխության հանրային պահանջ կա, որի միակ ճանապարհն էլ ընտրությունների անցկացումն է, սակայն գործող իշխանությունների հետ ընտրության գնալը ռիսկային է։ Նա շեշտում է, որ ներկայումս Հայաստանում անգամ ամենավերջին ժեկի պետն այլևս ՔՊ կուսակցության անդամ է։

«Հիշո՞ւմ եք Նիկոլն ինչ էր ասում ՀՀԿ-ի, ջրվեժ չոլկա ունեցող դասատուների ու մանկապարտեզների և դպրոցների տնօրենների մասին։ Այսօր ոչ միայն այդ տնօրեններն են պարտավոր լինել երդվյալ ՔՊ-ականներ, այլև անգամ ամենավերջին կանալիզացիա բացողը. կա՛մ պիտի լինի ՔՊ-ական, կա՛մ նա ոչ մի շանս չունի այդ կանալիզացիան բացելու։

Ես նրա հետ ընտրությունների գնալու դեպքում շատ մեծ ռիսկեր եմ տեսնում, որովհետև վարչական ռեսուրսով, ահաբեկումներով, ընդդիմախոսներին կալանավորելով ինքը փորձելու է ապահովել իր վերարտադրությունը՝ ունենալով այնպիսի հզոր արտաքին աջակցություն, ինչպիսին Արևմուտքի և դրան գումարած Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունն է։ Միակ տարբերակը, որը ես այս պահին անիրատեսական եմ համարում, այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները վերջապես նրան հասկացնեն, որ իր իսկ փրկության համար լավագույն տարբերակը հրաժարական տալն է և խորհրդարանով նոր վարչապետ ընտրելը, որով էլ ճանապարհը կհարթվի արտահերթ ընտրությունների համար»,- կարծում է նա։

Նաիրա Զոհրաբյանը, ամփոփելով իր խոսքը, հավելեց՝ Նիկոլով ընտրությունների գնալը նշանակելու է Նիկոլ վերընտրություն՝ ցանկացած գնով, այդ թվում Հայաստան չլինելու։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել