copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 22:30 10-03-2024

Երբեմնի դասական քաղաքական գործչից բան չի մնացել

Հույսը, թե Նիկոլ Փաշինյանի զինակից, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականից հետո կարող է վերադառնալ ընդդիմադիր դաշտ և քաղաքական նոր ծրագիր առաջարկել հանրությանն, ի դերև ելավ։ Նա իր հրաժարականի պատճառների մասին ընդարձակ ելույթում պարզ ցույց տվեց, որ, մեծ հաշվով՝ հավատարիմ է մնում Նիկոլ Փաշինյանին։ Հետևապես՝ ո՞րն է հատուկ հանձնարարություններով դեսպանի հրաժարականի պատճառը։ Եվ քաղաքական դաշտի ո՞ր ճյուղին կարող է նա ծվարել։

Հատուկ հանձնարարություններով դեսպանի հաստիքի բացման իմաստը շատերի համար անհասկանալի էր։ Այս ելույթից հետո էլ պարզ չդարձավ, թե ինչ օգուտ է տվել պետությանն ու հասարակությանը մոտ 2 տարի աշխատելու, հարկատուների միջոցներով վճարվելու արդյունքում։ Ենթադրելի է, որ բոլորին ձանձրացրել էր նրա անիմաստ ու անպտուղ աշխատանքը։ Եվ, որպես թույլ օղակ, նա դուրս մղվեց։

Ասում են նաև, թե նրան ապարատում, պետական գաղտնիքին մոտ պահելու վերաբերյալ պայմանավորվածություն կար 2018-ին, երբ նախկինների և ռուսների աջակցությամբ Նիկոլ Փաշինյանն իշխանություն ստացավ։ Այս տեսանկյունից՝ Մարուքյանի հրաժարականը ցույց է տալիս, որ այդ պայմանավորվածությունները վերանայվում են, և ՔՊ-ն ազատվել է նրան պահելու պարտավորությունից։

Վրդովեցնող է, որ նախկին պաշտոնյան, մոտ 2 տարի լինելով Նիկոլ Փաշինյանի դեսպանը, կարծես՝ փորձում է հռետորական հացադրումներով տպավորություն ստեղծել, թե պատասխանատու չէ ՔՊ-ական իշխանության սխալների, ձախողումների, ժողովրդին ու պետության պատճառած աղետների մեջ։ Նա, հավանաբար, կարծում է, թե ընտրություններում ՔՊ-ի հավանական պարտությունից հետո հանրային պատասխանատվության չի ենթարկվելու։ Նա չի քննադատում ՔՊ-ական իշխանության արտաքին քաղաքականության ակնհայտ սխալները, որոնց մասին նա մյուսներից ավելի լավ է տեղյակ։ Նա չի ընդունում նաև, որ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու հայեցակարգը հանգեցրեց աղետին։ Զարմանալի է, որ նա Հայաստանի պարտություններում, բանակցային զիջումներում և մնացյալ ամեն ինչում մեղադրում միայն Բաքվին, ստվերում թողնելով Մոսկվայի ոչ բարեկամական դերակատարությունը։ Սա ևս առաջ է բերում կասկած, որ նրա հրաժարականը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններում սպասվող տեղաշարժերով։

Քաղաքական դաշտում նրա տեղի վերաբերյալ կանխատեսումն ավելի մռայլ է։ Ենթադրելի է, որ նրան չի հաջողվելու տեղ գտնել ընդդիմադիր հատվածում։ Եվ նա ստիպված տեղավորվելու է լուսանցքում, հանդես է գալու հատվածական քննադատություններով և չի փորձելու մասնակցել ընտրություններին։ Այս ենթադրության հիմք է այն, որ նա տխմարություն է որակում հանրային, լուսավոր ենթադրությունը, թե հրաժարական է տվել ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։

Սա, իհարկե, ցավալի է, քանի որ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը 2 տարում, ենթադրաբար, հասցրել է մեծ ծավալի տեղեկատվության տիրապետել։ Ու եթե չի փորձելու այն կիրառել քաղաքական ծրագրեր կազմելու և ներկայացնելու համար, ապա նրա հետագա գործունեությունը նույնիսկ ուշադրության արժանի չէ։

Նախկին դեսպանի ելույթում արդարացման փորձերի կողքին կար նաև զավեշտալի հատված, երբ նա փորձում է հերքել հանրային լավատեսական ենթադրությունը, թե իր հաժարականը վկայում է, որ ՔՊ-ական նավը խորտակվում է։ Սա վկայում է, որ Փաշինյանին 2 տարի ծառայելուց հետո նա կորցրել է քաղաքական հոտառությունն, ու երբեմնի դասական քաղաքական գործչից բան չի մնացել։

Ի վերջո, չի կարելի չտեսնել դրականը։ Այն է՝ ապարատն ազատվեց գրեթե ոչինչ չանող պաշտոնյայից, և այդ հորինված հաստիքը պահելուն ուղղվող հանրային միջոցները կարող են ուղղվել հանրությանն օգտակար մի բանի։ Կա նաև ապագային միտված լավատեսական ակնկալիք, որ Մարուքյանը տարիներ անց խիզախորեն հանդես կգա ժողովրդին հուզող բացահայտումներով, կգաղտնազերծի գաղտնի գրիֆի տակով անցած որոշ նյութեր։ Իսկ այդ օրերի քաղաքական գործիչը, կարդալով Մարուքյանի գաղտնազերծումները, չի կրկնի Փաշինյանի և նրա անփառունակ դեսպանի աղետալի սխալները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
00:00 Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան
12:05 Տղավարի պահեք ձեզի. լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին