Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 04-03-2024

Ռուսամետ դիրքորոշումը բլեֆ է, փորձում են չեզոքացնել ռուսական վտանգը 

ԱԺ նախագահի մեղադրանքներն ու ակնարկները Ռուսաստանի հակահայկական քայլերի և ծրագրերի մասին օրեցօր թափանցիկ են դառնում։ Փետրվարի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է՝ «Չե՛ք պատկերացնում՝ հայ ժողովուրդը 2021 թվականին ինչ արեց․ աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով, միգուցե ինչ-որ տեղ գիտակցելով, աշխարհաքաղաքական պլան է տապալել։ Հայաստանը դարձնել Ռուսաստան Բելառուս միութենական պետության անդամ․ սա է եղել մեծ պլանը»։ Այսպիսով ակնարկում է, որ ՌԴ-ն ՀՀ անկախության դեմ է։ Ու եթե 2021-ի ընտրությունների մասնակից այլ կուսակցություն հաղթեր, ապա ՀՀ-ն կտանեին բելառուսացման, կնահանջեին անկախությունից։ Ինչու՞ են ծանր մեղադրանք հասցեագրում մյուս կուսակցություններին։

Ընդհանրապես՝ ՀՀ-ում ՌԴ-ի հետ սերտաճման ջատագով, այսպես կոչված՝ «ռուսամետ» կուսակցություն գոյություն չունի։ Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2001 թվականի հունվարի 25-ին, ՀՀ-ն դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ։ Եվրաինտեգրացիան ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային 3 առաջնահերթություններից մեկն էր, Արցախի հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հետ միասին։ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017-ի նոյեմբերի 24-ին, ստորագրվել է SEPA-ն, եվրաինտեգրացիայի խորն ու համապարփակ հմաձայնագիրը։ Այսօրվա ընդդիմությունը ՔՊ-ից շատ բան է արել ՀՀ-ի եվրաինտեգրացիայի և աշխարհաքաղաքական ընտրության ուղղությամբ։ Եվ կասկածը, թե նրանք ՀՀ անկախության դեմ քայլեր կանեն՝ համոզիչ չէ։

Ավելի հեռուն գնալով, կարող ենք հիշել, որ 1996-ին Վազգեն Մանուկյանին կասկածում էին ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Ասում էին, թե ցուցարարներին ջարդեցին Բաղրամյան պողոտայում սեպտեմբերի 26-ին, քանի որ Մոսկվան էր ուզում տապալել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ՀՀ-ն կրկին վերադարձնի իր ազդցեության գոտի։ 1998-ին Կարեն Դեմիրճյանին էին նույնպիսի մեղադրանք վերագրում։ Իշխանության քարոզիչներն ասում էին, թե եթե Քոչարյանը չընտրվեր, ապա ՀՀ անկախությունից բան չէր մնա։ 2003-ին նույն մեղադրանքը հասցեագրվում էր Ստեփան Դեմիրճյանին։ 2004-ի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ջարդեցին ցուցարարներին, քանի որ նրանց առաջնորդներն, իբր՝ ուզում էին ՀՀ-ն տանել Ռուսաստան-Բելառուս։ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ պայքարը դարձյալ որակում էին Մոսկվայի կողմից ուղղորդվող, որի հաջողության արդյունքում ՀՀ-ն, իբր՝ ռուսամետ կուրս էր ընտրելու։ Իշխանության կողմնակիցները Մարտի 1-ն արդարացնում էին, ասելով, որ Տեր-Պետրոսյանը մեծ զիջումներ էր անելու հօգուտ ՌԴ-ի։ Մարտի 1-ից մինչև ապրիլի 19-ը թույլ չէին տալիս հանարահավաքներ անցկացնել նույն պատճառաբանությամբ։

Այս բոլոր ժամանակներում ընդդիմությունն ըստ հարկի՝ խաղակցել է, ձևացրել, թե «ռուսամետ» է, հակաքաղաքակրթական ելույթներ ունեցել։ Ներկայում դա արվում է գռեհիկ։ Մի քանի տարի առաջ Կառավարության շենքի հարևանությամբ Նժդեհի արձանը կանգնեցրած ու այդ տարվա ամենառուսաֆոբը ճանաչված կուսակցությունն այսօր «ռուսամետ» է ձևանում։ Դրանով ո՞ւմ են օգնում կամ վնասում։

Ասում են՝ եթե Սադամը քաղաքական մրցակից ունենար, այսինքն՝ եթե Իրաքում արևմտամետ ընդդիմություն լիներ, ապա ԱՄՆ-ն չէր ռմբակոծի Բաղդադը։ 1991-ից մինչև հիմա ՀՀ-ի դեմ ռուսական ռևանշի վտանգ կա։ Ուղիղ առճակատումը ռիսկային է գնահատվում։ Ներկայում ՀՀ-ի դեմ հիբրիդային սպառնալիքներ կան, որոնց մասին ակնարկ կա նաև Եվրախորհրդարանի զեկույցում։ Եվ Ալեն Սիմոնյանը հիշեցնում է «ռուսամետ» ուժերի առկայության մասին, որ ՌԴ-ն ագրեսիա չկիրառի կամ չթիրախավորի ՀՀ բարձր պաշտոնյաներին, այլ աջակցի ընդդիմությանը և հույս փայփայի, որ նրանց օժանդակությամբ իշխանափոխություն կանի, կհաստատի դրածո վարչախումբ։

Պարզ ասած՝ «ռուսամետ» դիրքորոշումը քաղաքական բլեֆ է։ Հայ ոչ մի քաղաքական գործիչ «ռուսամետ» չի եղել և անկախության դեմ չի եղել։ Այսօր ընդդիմադիրը ռուսամետ է ձևանում ռուսական հավանական ագրեսիան չեզոքացնելու համար։ Ավելին՝ այսօրվա «ռուսամետը» վաղն իշխանություն դառնալուց հետո, հնարավոր է՝ ավելի կոշտ քննադատի ՌԴ-ի հակահայկական քայլերն ու դիրքորոշումը։ Բայց մինչ այդ պետք է հնարավոր ամեն ինչ անի, որ ռուսական հավանական ագրեսիան ոչ մի արդարացում չունենա։ Ու երբ Մոսկվան հրաժարվի ՀՀ-ի նկատմամբ հավակնոտ նկրտումներից, ու ռուսական վտանգը վերանա, հաջորդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունների օգտին ոչ մի խոսք չի լսվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների