Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:00 15-12-2024

Աննա՝ վարչապետ. ռեբրենդի՞նգ, թե՞ տագնապալի բլեֆ

Օրեր առաջ որոշ հանրային գործիչներ կանխատեսումներ արեցին, թե հաջորդ ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Աննա Հակոբյանը։ Մամուլը նույնպես անդրադարձավ թեմային՝ նշելով, թե իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Արդյոք Աննա Հակոբյանը պատրաստվո՞ւմ է վարչապետ դառնալ։ Եվ ինչո՞ւ են ընտրություններից 1,5 տարի առաջ շրջանառում այս թեման, որը հանրային լայն արձագանք է ստանում։

Նիկոլ Փաշինյանի կինը մեծ ծավալի աշխատանք է կատարում թիմում։ Նրա ղեկավարած հիմնադրամը լուրջ դրամահավաքներ է կազմակերպում, հասարակական ծրագրեր իրականացնում, որոնք ծառայում են ՔՊ վարկանիշի բարձրացմանը։ Դրանից զատ՝ նա ուղեկցում է ամուսնուն պետական, պաշտոնական այցերի ժամանակ։ Այս ամենը, սակայն, հիմք չէ ենթադրելու, թե Նիկոլ Փաշինյանի ժամանակն ավարտվել է, նա հայտնվել է փակուղում, որից չի կարողանալու դուրս գալ, ստիպված հեռանալու է, ու ՔՊ-ն ռեբրենդինգ է անելու՝ փոխելով առաջին դեմքին։

Դժվար է միանշանակ պնդել, թե այս կանխատեսումներն ու բամբասանքները մանիպուլյատիվ հնարքներ են։ Սակայն նկատելի է, որ դրանց արդյունքում մեծանում է Աննա Հակոբյանի ժողովրդականությունը։ Եթե մինչ օրս նրա խոսքն ու գործն ուղղակի ասոցացվում էին Նիկոլ Փաշինյանի հետ, ապա նրա վարչապետ դառնալու վարկածը շարունակաբար շրջանառելու արդյունքում նրա ազդեցությունը երկրում բազմապատկվելու է։ Ավելի շատ մարդիկ են լուրջ ընդունելու նրա նախաձեռնությունները, ավելի շատ նվիրատվություններ են անելու «Իմ քայլին», ՔՊ-ին, անառարկելիորեն կատարելու են նրա հանձնարարությունները և այլն։ Այսինքն՝ Աննա վարչապետի մասին կանխատեսումների արդյունքում հավելյալ ռեսուրսներ են գեներացվելու ՔՊ-ի համար, ինչը կարող է արտահայտվել նաև ընտրությունների արդյունքների պատկերում։

Մյուս կողմից հնարավոր չէ չնկատել, որ Աննա վարչապետի մասին կանխատեսումներն ու բամբասանքները վտանգավոր են։ Նա զբաղվել է հասարակական գործունեությամբ, նրա խոսքը մեծ մասամբ ապաքաղաքական է եղել։ Այս կերպ ցույց են տալիս, թե մի մարդ, որը քաղաքական բովանդակության որևէ խոսք չի ասել, քաղաքականությամբ չի զբաղվել, քաղաքական գործիչ չէ, կարող է դառնալ ՀՀ ղեկավար։ Մի քանի համեմատություններ անենք, որպեսզի պարզ դառնա, թե ինչ ռիսկային է այս ենթադրյալ հեռանկարը։ Եթե ավտոմեքենայի ղեկին նստի վարել չիմացողը, ապա աղետալի վթարի հավանականությունը մեծ է։ Եթե բժշկությունից հեռու մարդ վիրահատի հիվանդին, ապա ռիսկ կա, որ բուժառուն կմնա սեղանին։ Եթե կոշկակարությունից հեռու մարդը կարի Ձեր կոշիկը, ապա ռիսկ կա, որ ճանապարհի կեսին բոբիկ կմնաք։ Նույնկերպ ենթադրելի է, որ եթե ապաքաղաքական մտածողություն ունեցող Աննա Հակոբյանը երկրի ղեկավար դառնա, բնականաբար, կոպիտ, աղետալի սխալներ է թույլ տալու, պետությունը կորուստներ է ունենալու, ժողովուրդը աղետների միջով է անցնելու։

Այս առումով մտահոգիչ է այն, որ ՔՊ-ն պաշտոնապես չի հերքում Աննա վարչապետի մասին բամբասանքները, չի վստահեցնում, որ ռիսկերի չեն ենթարկելու պետությունն ու կորուստներ չեն պատճառելու ժողովրդին։ Այս անտարբերությունը կասկած է առաջացնում, որ հենց ՔՊ-ն էլ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում, որ տագնապ պատճառի ժողովրդին։ Իսկ երբ ընտրությունների շեմին ՔՊ ցուցակը կրկին գլխավորի Նիկոլ Փաշինյանը, ապա մարդիկ հանգիստ շունչ կքաշեն, որ վտանգավոր փորձությունը շրջանցեցին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից