Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:00 12-09-2024

Ալեն Սիմոնյանի ակնարկը ռուսներին դուրս հրավիրելու մասին բլեֆ է

Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ։ Այս մասին օրեր առաջ ակնարկել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որին հակադարձել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ 1992 թվականին Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին անժամկետ պայմանագիրն է։ Քաղաքական օրակարգում կա՞ ռուս սահմանապահներին դուրս հրավիրելու հարց։ Եվ ինչպե՞ս կարելի է լուծել 1992-ի պայմանագիրը։

Աներկբա է, որ անկախության ամրացմանը զուգահեռ ՀՀ-ից դուրս են գալու ռուսական զորքերը։ Այստեղ մտածելու բան չկա։ ՀՀ իշխանությունները պարզապես պետք է կամք ցուցաբերեն և հարցը բերեն օրակարգ, եթե իրոք անկախության ջատագով են։ Իսկ եթե հարցը դեռ ակնարկների մակարդակում է, նշանակում է՝ ՀՀ իշխանություններին կաշկանդում է ոչ թե 1992-ի կամ 1995-ի հայ-ուսական պայմանագրերն, այլ 2018-ի իշխանափոխության ժամանակ կնքված գաղտնի քաղաքական պայմանավորվածությունը, որը ՆԻկոլ Փաշինյանը չի համարձակվում խախտել։

1992-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագիրը։ Այս ժամանակ Հայաստանը փաստացի պատերազմ էր մղում Արցախի ազատագրման համար։ Հակամարտության սկզբում Մոսկվան պաշտպանում էր Ադրբեջանին, կռվում հայ ժողովրդի դեմ։ «Կոլցո» գործողությունը ռուս-ադրբեջանական զինակցության վառ վկայություններից է։ Այս շրջանի ՀՀ իշխանությունները 1992-ի սեպտեմբերի 30-ի պայմանագրով Ռուսաստանին իրավունք են տվել զորքեր ունենալ Հայաստանում, փոխարենը ստացել են նրա չեզոքությունը պատերազմում։ Այս պայմանագիրը ստորագրելուց հետո ռուսները Ադրբեջանին չեն օգնել Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքում։

Այսինքն՝ 1992-ի սեպտեմբերի 30-ի պայմանագրով Ռուսաստանը ստացել է շատ ավելի մեծ քաղաքական իրավունք տարածաշրջանում, քան կարող էր ակնկալել Ադրբեջանի հետ դաշնակցության արդյունքում։ 1994-ի զինադադարից առաջ, սակայն, միջնորդների և կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ զինադադարի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանից, Արցախից, Ադրբեջանից։ Ըստ այդ պայմանավորվածության՝ Ադրբեջանից ու Արցախից դուրս են բերվել ռուսական զորքերը, իսկ Հայաստանում ռուսական զորքերի ներկայության շարունակության համար ստորագրվել է 1995-ի մարտի 16-ի պայմանագիրը, որն, ի դեպ՝ հայերեն բնօրինակ չունի և ՀՀ պաշտոնական աղբյուրներում հրապարակված չէ։ Հետևաբար՝ ուժ չունի։ 1995-ի մարտի 16-ի պայմանագիրը ստորագրվել է, քանի որ 1992-ի սեպտեմբերի 30-ինը ուժը կորցրել է զինադադարի պայմանավորվածությունների շրջանում։ Եթե 1992-ինը ուժ ունենար, ապա 1995-ին պայմանագիր կնքելու կարիք չէր լինի։

Այսպիսով՝ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ ո՛չ 1992-ի սեպտեմբերի 30-ի, ո՛չ էլ 1995-ի մարտի 16-ի պայմանագրերը ուժ չունեն Հայաստանում։ Եվ ՀՀ իշխանությունը ցանկացած պահի կարող է դուրս հրավիրել ռուս սահմանապահներին։

Ի վերջո՝ 1992-ի սեպտեմբերի 30-ի պայմանագրի նշանակությունն այն էր, որ Ռուսաստանը չաջակցի Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում։ 2020-ին այս հիմնական պայմանը խախտվել է։ Մոսկվայի աջակցությամբ Ադրբեջանը զավթել է Արցախն ու ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Հետևաբար՝ 1992-ի սեպտեմբերի 30-ինը բարոյական ուժ էլ չունի։

Պարզ ասած՝ ռուսներին ՀՀ-ից դուրս հրավիրելու և ՀՀ անկախությունն ամրացնելու համար ՀՀ իշխանություններին կաշկանդում է ոչ թե պայմանագրերը, այլ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսներին տված խոստումները։ Հետևաբար՝ Ալեն Սիմոնյանի ակնարկը ռուս սահմանապահներին դուրս հրավիրելու մասին՝ բլեֆ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան