copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:30 03-03-2024

Որոնք են ՀՀ-ում ամենից շատ օգտագործվող 3 թմրանյութերը

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում կտրուկ աճել են թմրանյութերի շրջանառության ծավալները, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Առավել մտահոգիչ է այն, որ թմրանյութերի օգտագործումը տարածվում է երիտասարդության, մասնավորապես՝ դպրոցահասակ երեխաների շրջանում: Վերջիններս ազատորեն կարողանում են ձեռք բերել թմրամիջոցներ հատկապես տելեգրամյան ալիքների միջոցով, որոնց հղումներին կարելի է հանդիպել մի շարք մեծ քաղաքների շենքերի և շինությունների վրա:

Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, 2023 թվականի հունվարի 1֊ի դրությամբ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված անձանց ընդհանուր թիվը կազել է 7854։
Ինչ վերաբերում է այս տարվա տվյալներին, 2024 թվականի հունվարի 1֊ի դրությամբ Երևանում թմրաբանական ծառայության կողմից թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված անձանց ընդհանուր թիվը կազմել է 4334, որից`
1974 անձ հաշվառված են կաննաբինոիդների,
2118 անձ օփիոիդային թմրամիջոցների, 223 անձ հոգեխթանիչների և այլ հոգեներգործուն նյութերի և
9 անձ կոկաինի գործածմամբ պայմանավորված։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ Հայաստանում և տարածաշրջանում տարածված հոգեներգործուն նյութերի խմբերը շատ տարբեր են, որոնք յուրովի են ազդում մարդու առողջության վրա:

«Նախ և առաջ ասեմ, որ հոգեներգործուն նյութերի խմբերը շատ տարբեր են։ Հոգեներգործուն նյութերի յուրաքանչյուր խմբի թմրամիջոց ունի իրեն յուրահատուկ բացասական ազդեցությունները մարդու առողջության վրա։
Մեր տարածաշրջանում և Հայաստանում առավելապես տարածված են մասնավորապես մի քանի խմբի թմրամիջոցներ»:

Նազինյանի բնութագրմամբ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ամենատարածված խմբի թմրամիջոցները կանաբինոիդայիններն են, որոնց ամենահայտնի ներկայացուցիչը մարիխուանան է, ինչը տարածված է մեր տարածաշրջանում, քանի որ աճում է վայրի պայմաններում.

«Մարիխուանան կախվածություն առաջացնող պոտենցիալով օժտված նյութ է, որի հոգեներգործուն ազդեցությամբ նյութը տետրահիդրոկանաբինոլն է՝ THC-ն, որը ազդում է մարդու գլխուղեղի կանաբինոիդային Cb1 ընկալիչների վրա՝ առաջացնելով որոշակի բացասական հետևանքներ։ Մարիխուանայի վտանգավորությունը կայանում է հատկապես նրանում, որ այն փաստացի առաջացնում է կարճատև փսիխոտիկ խանգարում մարդու մոտ։ Հաճախակի լինում են դեպքեր, երբ փսիխոտիկ խանգարումը կարող է կարճատև չլինել, և նույնիսկ միանվագ գործածման դեպքում տվյալ անձը կարող է հայտնվել հոգեկան առողջության կենտրոնում»։

Մասնագետի խոսքով՝ թմրանյութի օգտագործմամբ մարդու մոտ առաջանում է նաև կախվածության համախտանիշ։

«Թմրանյութերի հաջորդ խումբը, որ շատ է տարածված մեր երկրում, ափիոնային թմրամիջոցներն են, և ամենահայտնի ներկայացուցիչը հերոինն է։ Այս խմբի թմրանյութերը ստացվում են քնաբեր կակաչից, որոնք ապօրինի Հայաստանի Հանրապետություն են ներկրվում գերազանցապես Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից։ Այս խմբի թմրամիջոցների վտանգավորությունը կայանում է նրանում, որ շատ հաճախակի են մահվան ելքով գերդոզավորումները։ Բացի դա՝ այս խմբի թմրամիջոցները գործածում են գերազանցապես ներարկային եղանակով, ինչը առաջացնում է նաև արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և C-ի տարածման վտանգ: Եթե դիտարկենք վիճակագրությունը, ապա ափիոնային կախվածություն ունեցող մեր բուժառուների մեջ բավական տարածված է հատկապես հեպատիտ C-ն»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Նազինյանը:

Բացի նշվածից՝ ներարկային եղանակով գործածման արդյունքում նախ կախվածությունն է բավական արագ առաջանում:

«Նույնիսկ մեկ-երկու գործածումից հետո մարդու մոտ կարող է առաջանալ արտահայտված հիվանդագին հակում, հետագայում էլ շատ արագ ձևավորել կախվածության համախտանիշ։ Օփիոիդային կախվածությունը ծանր հիվանդություն է, և շատ արագ մարդու թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջությունը կործանվում են»:

Թմրանյութերի հաջորդ խումբը, որ վերջին տարիներին է իր տարածումը գտել և ոչ ավանդական նյութերի խումբ է, հոգեխթանիչներն են, որոնցից առավել հայտնի են մեթամֆետամինն ու ամֆետամինը, որոնք ակտիվացնում են մարդու կենտրոնական նյարդային համակարգը, նաև՝ մարդուն։

«Ցավոք, մեթամֆետամինը գերազանցապես տարածված է ակտիվ պարային ժամանց սիրող երիտասարդների շրջանում, ու ցավալիորեն ամենամեծ պահանջարկը ունի հենց երիտասարդների շրջանում։ Մեթամֆետամինն էլ կախվածություն առաջացնելու բարձր պոտենցիալով օժտված թմրամիջոց է, որը կարող է առաջացնել փսիխոտիկ խանգարումներ, ծանր կախվածության համախտանիշ, նաև՝ գերդոզավորումներ»։

Մասնագետի խոսքով՝ թմրանյութի յուրաքանչյուր տեսակի օգտագործման դեպքում կախվածության համախտանիշը տարբեր է, բայց բոլոր նյութերը խիստ վտանգավոր են մարդու առողջության համար, և ոլորտի մասնագետների խնդիրն է հնարավորինս իրազեկել հասարակությանը, ազգաբնակչությանը, որ ընդհանրապես չփորձեն։

«Ինչ վերաբերում է գործածելուն և կախվածության համախտանիշ առաջանալու դեպքին, ինչքան վաղ դիմեն բժշկական հաստատություն մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, այնքան հավանականությունը մեծ է, որ կայուն և երկարատև ախտադադար կլինի, այսինքն՝ դիմողը կլավանա»:

Նազինյանը նշեց նաև, որ չնայած թմրանյութերի ազատ շրջանառությանն ու օգտագործմանը, մարդիկ օգտագործումից առաջացած խնդիրները փորձում են թաքցնել հասարակությունից.

«Խնդիրը լատենտային է, այսինքն՝ հարազատներից են պահում, հետո ՝ հարազատները չեն ուզում ընդունել, որովհետև խարանի ու խտրականության խնդիր կարող է առաջանալ, բայց, այնուամենայնիվ, մարդը պիտի դիմի, որ փրկվի, և այդ ամենը հաշվի առնելով՝ մենք բավական բարեփոխումներ ենք կատարել վերջին 3-4 տարիների ընթացքում Առողջապահության նախարարության աջակցությամբ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից մինչև նոր ծառայությունների ներդրում։ Մեր հաստատությունը ամբողջովին հիմնանորոգվել է, համալրվել է նոր կահույքով, ծառայությունը մատուցվում է նոր սարքավորումներով»:


2020 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը ներդրել է սոցիալ-հոգեբանական ծառայություն, որն իրագործվում է դեղորայքային բուժումից զատ։

«Հոգեբաններն ու սոցիալական աշխատատողները բավական ինտենսիվ աշխատում են մեր բուժառուների հետ՝ համապատասխան ծառայությունների հետ կարգավորելով մնացած սոցիալական խնդիրները՝ հասարակ կացարանը, փաստաթղթերը, աշխատանքի տեղավորելը և այլն։
Կենտրոնում կան նաև նեղ մասնագետներ՝ հոգեբույժ, նյարդաբան, սրտաբան, սոնոգրաֆիայի և նոր հագեցած սարքավորումներով լաբորատորայի մասնագետներ՝ հաշվի առնելով, որ մեր բուժառուների մոտ հոգեներգործուն նյութերի մշտական գործածման արդյունքում առաջանում են բազմաթիվ սոմատիկ խնդիրներ։ Օրինակ՝ եթե բուժառուն ունի նաև լյարդի կամ թոքերի պաթոլոգիա, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, մեր նեղ մասնագետները բուժում են նշանակում նաև այդ հիվանդությունների համար»:

Oragir.News-ը փորձեց պարզել նաև, թե վերջին ժամանակներում կենտրոն դիմելիության ինչպիսի պատկեր կա:

«Դիմելիությունը, անշուշտ, մեծացել է, ինչը հիմնավորվում է երկու հանգամանքով․ առաջինը, ցավոք, թմրամիջոցների տարածվածության աճն է, որ ամբողջ աշխարհում է, այդ թվում՝ Հայաստանում․ Հայաստանը չի կարող զերծ մնալ ամբողջ աշխարհից, երկրորդը՝ մեր պայմանների բարելավումն է՝ վստահության բարձրացումը մեր կենտրոնում տրամադրվող օգնության նկատմամբ»:

Սուրեն Նազինյանի խոսքով՝ կենտրոնի՝ վերջին 4 տարվա աշխատանքները միտված են եղել թմրանյութերի օգտագործումից առաջացող բարդությունների իրազեկմանը.

«2020-2021 թվականներին «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հետ պիլոտային ծրագրով այցելել ենք 20-25 դպրոց՝ իրազեկման նպատակով հանդիպումներ ունենալով դեռահասների ծնողների և ուսուցիչների հետ։ 2023 թվականին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ կազմակերպություններից մեկը 50 դպրոցում իրականացրեց իրազեկման աշխատանքներ բարձր դասարանի դպրոցականների շրջանում։ Սա շարունակական գործընթաց է, որը Առողջապահության նախարարության աջակցությամբ դպրոցներում նախատեսել ենք իրականացնել նաև 2024 թվականին՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ։ Պլանավորում ենք իրականացնել նաև միջազգայնորեն ընդունված և չորս տարին մեկ Եվրոպական միության բոլոր երկրներում իրականացվող ուսումնասիրություն, որի նպատակն է հարցում իրականացնել 16 տարեկան դպրոցականների շրջանում՝ ունենալով արժանահավատ տվյալներ նրանց շրջանում ալկոհոլի և թմրամիջոցների տարածվածության մասին»:

Նազինյանի խոսքով՝ 2024 թվականին հանրապետությունում նախատեսված է միջազգային մեթոդաբանությամբ ընդունված հարցում.

«2024 թվականին Հայաստանը համապետական մասշտաբով՝ մարզերով և մայրաքաղաքով, անցկացնելու է միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ իրականացվող այս հարցումը»:

Oragir.News-ի հարցին՝ ինչպես կարելի է պարզել՝ արդյոք անձը օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞՝ ոչ, մասնագետը ասաց.

«Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպիսի ախտանշաններ ունի թմրանյութ օգտագործած անձը, կարող եմ ասել, որ դրանք տարբերվում են՝ ելնելով օգտագործված թմրամիջոցի տեսակից։ Ամեն թմրամիջոց ունի իր ազդեցության ձևը։ Թմրամիջոցի օգտագործման ընդհանուր նշաններից են դեռահասի մեկուսացումը, վարքի փոփոխությունը, ուշ տուն գալը, սովորական ընկերական խումբը փոխելը, բուն ախտանշաններից են անադեկվատ ծիծաղկոտությունը, տրամադրության հաճախակի փոփոխությունը՝ պաթոլոգիկ «դրական» տրամադրությունից մինչև խիստ «բացասականը», եղջերաթաղանթի կարմրությունը՝ մարիխուանայի գործածման դեպքում։ Եթե օգտագործված են ներարկային թմրամիջոցներ, մակերեսային երակների պրոյեկցիաներով ներարկման հետքեր կարելի է շատ պարզ տեսնել, որոնք խոսում են թմրանյութի օգտագործման մասին, իսկ եթե հոգեխթանիչներ են օգտագործված՝ մեկ օր կարող է պաթոլոգիկ ակտիվ լինել, մի օր շատ պասիվ։ Նաև առկա է լինում թուլություն, քնկոտություն, տրամադրության իջեցում, սկսում է նորմալ չսնվել, ժամանակի ընթացքում դիտվում է քաշի կորուստ»:

Անփոփելով զրույցը՝ Նազինյանը ներկայացրեց նաև դեռահասության շրջանի երեխաների կողմից թմրանյութ օգտագործման դեպքում ընտանիքում ցուցաբերվող ճիշտ վերաբերմունքը ծնողների կողմից.

«Այս ամենը դեռահասների պարագայում ավելի արտահայտիչ է սկսում երևալ, քանի որ նրանք ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ։ Ծնողը շատ արագ կարող է հասկանալ, որ երեխան ինչ-որ վնասակար նյութ է գործածում․ ալկոհոլի դեպքում գործը հեշտ է, քանի որ հոտը և վարքը բացահայտում են։ Բոլոր դեպքերում երեխային ճնշել չի կարելի, մեղադրանքներ ներկայացնել՝ ևս, որովհետև խնդիրը չի լուծվելու։ Անհրաժեշտ է պարզապես նորմալ կոնտակտ ստեղծել, հասկանալ՝ խնդիրն ինչումն է և դիմել մասնագիտացված կառույցի, օրինակ՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնին կամ գոնե հոգեբանի աջակցությանը։ Լավ կլինի դիմել հենց մասնագետի, որովհետև հոգեբանը բուժում ապահովել չի կարող, հատկապես, երբ կա կախվածության համախտանիշ։ Սակայն եթե բանը չի հասել այն կետին, որ դեղորայքային բուժում նշանակվի մասնագիտացված կառույցի մասնագետի կողմից, ապա հոգեբանը կարող է աջակցություն ցուցաբերել»:

Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված