Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 09:00 02-03-2024

Արտահերթ ընտրությո՞ւն, թե՞ պատերազմ. ներիշխանական առնետավազքի հակառակ կողմը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած իշխանության ներկայացուցիչների հավաստիացումներին՝ վերջին օրերին նկատելի է, որ իշխանական նավը սկսել է ճոճվել, ու բազմաթիվ իշխանամետ գործիչներ այլևս նպատակահարմար չեն գտնում նույնացվել գործող իշխանությունների հետ։ Այս գործիչներն այժմ սկսել են նկատել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր վտանգներն ու մարտահրավերները, մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հաջորդած ժամանակահատվածում կա՛մ չէին նկատում, կա՛մ պատասխանատվության սլաքներն ուղղում էին նախկին իշխանություններին։

Մասնավորապես նախօրեին Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» Նիկոլ Փաշինյանին սեփական պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ որպես պատճառ նշելով իրենց միջև առկա արտաքին քաղաքական տեսլականների տարբերությունները, որոնք այլևս համատեղ աշխատանքն անհնարին են դարձնում։ «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանի պաշտոնից ազատվելու պատճառների վերաբերյալ մեր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ կուսակցության ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանություններ տալուց՝ վստահեցնելով, որ Մարուքյանն առաջիկա օրերին անձամբ կխոսի պատճառների մասին։

Հատկանշական է, որ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2022-ի մարտին, երբ նախորդ տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերջինիս գլխավորած ուժը ստացել էր ձայների 1 տոկոսից մի փոքր ավելին։ Երբ Մարուքյանը ստանձնեց հատուկ հանձնարարություններով դեսանի պաշտոնը, շատերը վերջինիս մեղադրեցին կեղծ ընդդիմադիր դիրքերից հանդես գալու, իսկ իրականում՝ Փաշինյանի օգտին ձայներ փոշիացնելու մեջ, իսկ վերջիս էլ պնդեց, թե համաձայնել է նշանակվել այս պաշտոնում՝ արտաքին քաղաքական բլոկում Հայաստանի շահերն առաջ մղելու նպատակով։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը խիստ քննադատության ենթարկեց նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը վերջին 3 տարիներին առիթը բաց չի թողել Փաշինյանին չքմեղեցնելու, վերջինիս ռազմական ձախողումների և Արցախի հանձնման մեղքը նախկինների վրա բարդելու համար։ Ազատությանը տված հարցազրույցում Բաբայանը համոզմունք էր հայտնել, որ Փաշինյանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ»-ի ծրագիրը Հայաստանը տանում է ոչ թե խաղաղությալ նոր պատերազմի և ընդգծել անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Վերջին շրջանում նկատել է, որ Նիկոլ Փաշինյանին մշտապես աջակցող և վերջինիս լեգիտիմությունը կասկածի տակ չդնող բազմաթիվ մարդ-կուսակցություններն էլ են սկսել քննադատել վերջինս վարած քաղաքականությունը։ Վերջիններս իրենց տարբեր հարցազրույցներում սկզբունքային անհամաձայնություններ են հայտնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսի հետ՝ պնդելով, որ վերջինս ամբողջովին ձախողվել է, մինչդեռ ամիսներ առաջ, նրանց պնդմամբ, Փաշինյանը ՀՀ ինքնիշխանության համար կենաց-մահու պայքար էր մղում, ընդ որում հաջողում էր։

Փաստացի ներկայումս ներիշխանական կուլիսներում յուրօրինակ առնետավազք է սկսվել, և մի շարք գործիչներ ձգտում են մաքրվել ու այլևս չնույնանալ Նիկոլ Փաշինյանի հետ, թեև ամիսներ առաջ վերջինիս իր քաղաքական թիմի անդամներից ավելի ջանասիրաբար էին պաշտպանում քննադատություններից։ Փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ ներիշխանական առնետավազքը պայմանավորված է կա՛մ ընթացիկ տարում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կա՛մ էլ առավել վտանգավոր՝ Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ պատերազմի հեռանկարով, ինչի վտանգը չափազանց մեծ է։

Առաջին տեսակետի կիսողները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն անկախ իր կամքից ստիպված է լինելու այս տարվա հունիս-հուլիս ամիսներներին արտահերթ ընտրություններ անցկացնել և վերարտադրել սեփական իշխանությունները։ Փաշինյանի վարկանիշը ներկայումս այնքան ցածր է, որ վերջինս այլևս միանձնյա իշխանության չի կարող հավակնել, իսկ տվյալ իրավիճակում հիշյալ մարդ-կուսակցությունները խնդիր ունեն մի կողմից ընդդիմության ձայները փոշիացնել, ինչպես դա արեցին 2021 թվականին, իսկ հաջողության դեպքում խորհրդարան անցնել և կոալիացիայի ճանապարհով նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը։ Երկու դեպքում էլ այս ուժերին նախընտրական շրջանում անհրաժեշտ է չասոցացվել Փաշինյանի հետ, որպեսզի հաջողվի ստանալ վերջինիցս դժգոհ, բայց միևնույն ժամանակ նախկին իշխանությունների վերադարձը բացառող ընտրողների քվեները, որոնց թիվն ամենամեծն է։

Մյուս տեսակետի համաձայն՝ Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգը չափազանց մեծ է, և այն ունենալու է աղետալի հետևանքներ։ Նոր հարձակմամբ Ադրբեջանը փորձելու է մի կողմից բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ մյուս կողմից՝ գրավել «անկլավները», որոնք Հայաստանն առ այսօր հրաժարվում է հանձնել։ Նման զարգացման պարագայում միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանա իշխանությունը պահպանել, այլ նաև կենթարկվի քրեական պատասխանատվության, ուստի իշխանամետ գործիչները նախքան աղետալի զարգացումները ձգտում են գոնե առերևույթ խզել Փաշինյանի հետ ունեցած կապերը։

Դատելով Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կոշտ, երբեմն էլ ագրեսիվ հռետորաբանությունից, ինչպես նաև Freedom House-ի վերջին զեկույցից՝ կարծում ենք, որ երկրորդ սցենարն առավել իրատեսական է, ուստի ներիշխանական առնետավազքը պայմանավորված է թշնամու կողմից նախապատրատվող նոր ագրսիայի իրողությամբ, և երբեմնի ընկերները չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական և իրավական պատասխանատվություն կիսել։

Ադրբեջանական նոր հարձակումը շաբաթների, եթե ոչ օրերի խնդիր է, քանի որ Բաքուն ոչ մի կերպ չի ուզում բավարարվել Արցախի բռնազավթմամբ և ամեն գնով փորձում է խոշոր տարածքներ օկուպացնել նաև ՀՀ ինքնիշխան տարածքներից՝ նոր ճնշումներ գործադրելու և սեփական ծավալապաշտական ծրագրերն իրագործելու համար։

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական ինտրիգներ հրահրելու և դրանց միջոցով դիվիդենտներ շահելու փոխարեն՝ գործող իշխանությունները պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումներ գեներացնելու ուղղությամբ, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխել թշնամու նոր ագրեսիան, որի մտադրությունը վերջինս ունի։ Եթե Ալիևին հաջողվի Հայաստանի դեմ նոր հարձակման համար միջազգային կոնենսուս ձևավորել, աղետալի հարձակումն արդեն ժամերի հարց կլինի՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։

Դավիթ Գույումջյան