copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 15:00 17-10-2024

Ներիշխանական գզվռտոցն և տիտղոսային ընդդիմության ողջ պերճանքն ու թշվառությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որն անխուսափելիորեն վերածվելու էր ծեծկռտուքի, եթե ուժային մյուս կառույցների ղեկավարները չմիջամտեին, շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում գերակշռում են այն տեսակետները, որ ներիշխանական գզվռոցը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն սկսել է ճաքեր տալ, ոմանք էլ չեն բացառում, որ այն բեմադրվել էր հենց կառավարության ղեկավարի կողմից՝ հանրության ուշադրությունն առավել լուրջ հարցերից, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վարերացման գործընթացից շեղելու համար։

Ցանկացած պարագայում անընդունելի է, որ Քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանական երկրի թիվ 1 ամբոնից հանդես է գալիս նման բառապաշարով ու հռետորաբանությամբ՝ անկախ նրանից, թե ինչն էր դարձել վերջինիս նման պահվածքի պատճառը, իսկ մյուս կողմից սա վկայում է, որ Փաշինյանը նշանակումներ կատարելիս, հատկապես ուժային կառույցներում, առաջնահերթություն է տալիս ոչ թե անհատի պրոֆեսիոնալիզիմին, այլ լոյալությանն ու իրեն հավատարմությանը։ Բացի այդ, հերթական անգամ համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային ներկայացուցիչներն ինչպիսի անհարգալից վերաբերմունք ունեն պետական ինստիտուտների նկատմամբ, և եթե Հայաստանն իսկապես համապատասխաներ ժողովրդավարության այն արժեքներին որոնց մասին իշխանականներն օր ու գիշեր հայտարարում են, ապա ՔԿ նախագահն արդեն պաշտոնանկ արված կլիներ, Աղազարյանն էլ՝ սեփական խմբակցության ճշման ներքո վայր կդներ մանդատը։ Առ այս պահը տեղի չի ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներսում սկսված այս գզվռտոցը յուրօրինակ խանդավառություն է առաջացրել Հայաստանի տիտղոսային ընդդիմության շրջանում, որը երեքուկես տարի առաջ իր համակիրներին խոստանում էր՝ խորհրդարան է գնում իշխանությանն օր ու արև չտալու և ամենակարևորը՝ իշխանափոխության օրակարգը կյանքի կոչելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմության առանցքային ներկայացուցիչներն այս օրերին իրենց հրապարակային խոսքում մեծ ոգևորությամբ նշում են, որ Փաշինյանի իշխանությունը սկսել է ճաքեր տալ՝ տպավորություն ստեղծելով, որ իշխանափոխությունը եթե ոչ ժամերի, ապա առնվազն օրերի խնդիր է այլևս։

Տիտղոսային ընդդիմության նման ոգևորությունը տեղին և հասկանալի կլիներ, եթե իշխանությունը սկսեր ճաքեր տալ ոչ թե ներքին հակասությունների, այլ հենց ընդդիմության գործողությունների արդյունքում․ օրինակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան» շարժումը, որին ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորներն էլ աջակցում և ակտիվորեն մասնակցում են, այնպիսի համաժողովրդականություն վայելեր, որը հանգեցներ Նիկոլ Փաշինյանի իշխանության փլուզմանը։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ ինչպես այս, այնպես էլ նախորդ տարիներին ընդդիմության նախաձեռնած բոլոր շարժումները ոչ միայն չեն կարողացել իշխանության ներսում ճաքեր առաջացնել, այլև ավելի են ամրապնդել Նիկոլ Փաշինյանի դիրքերը, ով լավագույնս օգտվել է ընդդիմադիրների բացթողումներից ու դրանք մատնացույց արել հանրությանը՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ եթե ինքը վատն է, ապա ընդդիմադիրներն իրենից ավելի վատն են և ի զորու չեն հաղթահարել իր կառավարման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակը։

Չենք ցանկանում պնդել, որ խորհրդրանական ընդդիմությունը միտումնավոր կերպով է ամրապնդում իշխանության դիրքերը և տուրք տալ այժմ ընդդիմության դաշտում դիրքավորված Նիկոլ Փաշինյանի երբեմնի համախոհների այն դավադրապաշտական պնդումներին, որ քանի դեռ ներկայիս ընդդիմություն չի հեռացել քաղաքական դաշտից, Փաշինյանին հաջողվելու է պահպանել իր իշխանությունը, որոնց, ի դեպ անդրադարձել ենք՝ խստորեն քննադատելով դրանք, սակայն միևնույն ժամանակ չենք կարողանում հասկանալ այս հրճվանքի շարժառիթները։ Եթե ընդդիմությունն իսկապես ձգտում է օգտվել այս իրավիճակից և հասնել իշխանափոխության, ինչը միանգամայն ողջունում ենք, ապա հանրությանը պետք է իրական ծրագիր և ճանապարհային քարտեզ ներկայացնի, փարատի մարդկանց բոլոր մտահոգությունները, այլապես հերթական անգամ հայտնվելու է նույն կոտրած տաշտակի առաջ՝ ակամայից ամրապնդելով իշխանության դիրքերը։

Ընդդիմությունը պետք է հաշվի առնի նաև հանգամանքը, որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը բեմադրվել էր հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, ինչը թեև քիչ հավանական է թվում, սակայն չի բացառվում։ Կառավարության ղեկավարը չափազանց լավ գիտակցում է, որ իր զանազան շոուների բեմադրմամբ կարողանում է մոբիլիզացնել իր ընտրազանգվածին, ուստի, հնարավոր է, որ վերջինս 2026-ի ընտրություններին ընդառաջ շարժվում է հենց այս ճանապարհով։ Եթե առաջիկայում նման շոուները հաճախակիանան, իսկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը քաղաքական գնահատականի չարժանանա, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ գործ ունենք հենց այս սցենարի հետ։

Կարճ ասած՝ տիտղոսային ընդդիմության այս ոգևորությունը հերթական անգամ մատնացույց է անում վերջինիս ողջ պերճանքն ու թշվառությունը, ինչը ներիշխանական գզվռտոցի ֆոնին առավել ակնհայտ է դառնում։ Ընդդիմադիր գործիչներին բարեկամար հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել բացառապես իշխանափոխության օրակարգը կյանքի կոչելու շուրջ, այլապես հերթական անգամ հուսահատեցնելու են իրենց հավատացող ու իրենց հետ հույսեր կապող հարյուր հազարավոր քաղաքացիներին։ Ինչպես ասում են, հաջորդ ընտրությունները սարերի հետևում չեն, և եթե ընդդիմությունը այս իրավիճակից հետևություններ չկատարի, ապա չի բացառվում, որ 2026-ին կարող է առհասարակ ԱԺ-ից դուրս մնալ՝ իր տեղը զիջելով Փաշինյանի իշխանության հետ գործակցող այսպես կոչված արտախորհրդարանական ընդդիմության մաս կազմող ուժերին։ Ի դեպ, վերջիններս այս օրերին ակտիվորեն աշխատում և այսպես կոչված «Եվրաքվե»-ի կեղծ օրակարգով առավելապես ձգտում են հաջորդ գումարման ԱԺ-ում զբաղեցնել ընդդիմությանը բաժին հասնող տեղերը՝ մասամբ կամ ամբողջովին։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում