copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:00 14-07-2022

Գրանտակեր ՀԿ-ների պերճանքն ու թշվառությունը. մի ահասարսուռ մահափորձի պատմություն

Մեր երկրում այնքան են թացն ու չորը խառնվել, որ արդեն սթափ դատողություն ունեցողներս ենք կասկածում՝ որն է թաց, որը՝ չոր։ Երեկ լուր տարածվեց, որ լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի բնակարանի վրա կրակել են, դրանից առաջ եղել էր 2-րդ կրակոցը, իսկ ավելի վաղ առհասարակ տան մուտքի դուռն էին հրկիզել։ Սարսափելի էր կարդալ դեպքի մասին գրառումը, միեւնույն ժամանակ կասկածելի էր ամեն ինչ։ Եթե կյանքի նկատմամբ ոտնձգությունները նման պարբերական բնույթ ունեն, ինչո՞ւ մեր գործընկերը չի բարձրաձայնել, ինչի՞ հետեւանք են այս ոտնձգությունները, ի՞նչ վարկածներ կան․․․ Մի տեսակ կասկածելի էր, որ այս մահափորձերը ուղղված են լրագրողի, ակտիվիստի դեմ, քանի որ հանուն արդարության՝ պետք է նշել, որ Թեհմինեն այսօր հանդես չի գալիս սուպերընդդիմադիր դիրքերից, անողոք չի քննադատում իշխանությանը, որոշ ժամանակ ակտիվ էր Ամուլսարի համար պայքարում, բայց մի շարք այլ հարցերով անտարբեր է, լուռ, հարմարվողական։ Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչու պետք է իշխանությունը թիրախավորի նրան, կարծում ենք՝ ընդդիմադիրները «նման ղալաթ» չէին համարձակվի անել, քանի որ առանց այդ էլ իշխանությունը ընկած «հանցագործ» ընդդիմադիր է փնտրում, որ նստեցնի։

Կասկածելի էր դեպքը նաեւ նրանով, որ այսօր իշխանությունը կարծես «կրակել-սպանելու» լեզվով չի խոսում լրագրողների հետ, ավելի «քաղաքակիրթ» մեթոդներ կան՝ քրեական գործեր հարուցել, կալանավորման վտանգի տակ պահել, ֆինանսական լծակներից կտրել, «կեղտոտ» նյութեր «սլիվ» անել յուրային սունկ կայքերով, իշխանության ամենամեծ եւ մանր տրամաչափի գործիչների կողմից թիրախավորել՝ սկսած վարչապետից վերջացրած թիվ մեկ ուսապարկից։ Բայց շատերը թերեւս երկար-բարակ չմտորեցին այս հարցի շուրջ, սկսվեց դատապարտումների շարքը, թե Հայաստանում այսօր կրակում են լրագրողի տան վրա։ Ըստ էության՝ պնդման մեջ ոչ մի իմաստային սխալ չկա, կրակոցը եղել է, չէ՞։ Բայց որքանո՞վ է ազնիվ եւ ճիշտ այս դեպքը օգտագործել իբրեւ լրագրողի, ակտիվիստի նկատմամբ ոտնձգություն։

Քավ լիցի, այնպես չէ, որ մենք Փաշինյանից չենք սպասում նման բաներ, էլ բեթարին էլ են ընդունակ, բայց եկեք սպիտակին՝ սպիտակ, իսկ սեւին՝ սեւ ասենք՝ չարժեզրկելով սպիտակն էլ, սեւն էլ։ Ինչ է պարզվում․ Ենոքյանը իրավապահ մարմիններին հայտնել է, որ այս ոտնձգությունների հեղինակը իր նախկին ամուսինն է, բայց չգիտես ինչու վերջին կրակոցի դեպքը հանրայնացնելիս այդ մասին լռել է՝ թույլ տալով մեզ հեռուն գնացող եզրակացություններ անել։ Իսկ այսօր մի շարք ՀԿ-ներ դատապարտող հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «Թեհինե Ենոքյանի և նրա մոր կյանքի նկատմամբ հանցավոր արարքների շարժառիթները կարող են պայմանավորված լինել ինչպես Թեհմինե Ենոքյանի հասարակական-բնապահպանական գործունեությամբ, այնպես էլ դրդված լինել անձնական և գենդերային հիմքով»։ Այստեղ պետք է կանգ առնել․ ամուսինը թիրախավորել է կնոջը անձնակա՞ն հողի վրա, թե՞ հասարակական, այսինքն՝ նրա հետ չպարզած հաշիվնե՞ր ունի, թե՞ դուր չի գալիս Ենոքյանի լրագրողական, հասարակական գործունեությունը, անհամաձայնություններ ունի, չգիտի ինչպես արտահայտել։

Երկրորդ դիտարկումը ՀԿ-ների հայտարարության մեջ․ «Հատկապես մտահոգիչ է, որ Հայաստանում գենդերային հիմքով կանանց հետապնդումների ու սպանությունների ամոթալի բարձր թվի ֆոնին՝ ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են անպատասխանատու կերպով թույլ տալ, որ հասարակական-մասնագիտական ակտիվություն դրսևորող կնոջ կյանքի նկատմամբ սպառնալիքները շարունակվեն և չկանխվեն նույնիսկ այն դեպքում, որ տուժող Թեհմինե Ենոքյանն առկա գործով և նախկինում պատշաճորեն չքննված հրկիզման գործով քննիչներին ներկայացրել է իրեն ենթադրաբար հետապնդողի մասին իր կասկածները»։ Այսինքն՝ ստացվում է՝ Ենոքյանը շատ լավ գիտի եւ հայտնել է իրեն հետապնդողի մասին տեղեկությունները, հավանաբար նաեւ պատճառները, իսկ ոստիկանությունը անգործ է, չի կանխում հասարակական-մասնագիտական ակտիվություն դրսևորող կնոջ կյանքի նկատմամբ սպառնալիքները։ Իսկ որ ոստիկանությունը, քննիչը, դատախազը «պա ժիզնի» անգործ են, չեն կանխում ոտնձգությունները Հայաստանի տարբեր շրջաններում գտնվող կանանց, երեխաների նկատմամբ, դա ոչինչ, քանի որ նրանք հանրային չեն, նրանց մասին ոչ ոք չգիտի․․․

Հիմա ի՞նչ տարբերություն նրանց եւ Ենոքյանի մեջ, եթե վերջինիս նկատմամբ ոտնձգությունները ոչ թե լրագրողի, ակտիվիստի նկատմամբ ոտնձգություն են, այլ կնոջ։ Եւ ինչո՞ւ այս նույն ՀԿ-ները այսքան սրտացավ չէին, չէին դիմում իրավապահ մարմիններին, ՄԻՊ-ին, երբ իսկապես ընդդիմադիր լրագրողների դեմ քրեական գործեր են հարուցվում, նրանց մասին անթույլատրելի արշավներ են իրականացնում, նրանց երեխաներին թիրախավորում են, ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնների կողմից բռնության են ենթարկվում։ Այնպես որ, խնայե՛ք այն բոլոր ընդդիմադիր լրագրողներին, որոնք այս ընթացքում ճնշումների են ենթարկվում «գրանտակերների լուռ համաձայնության» ֆոնին եւ օբյեկտիվության շղարշ մի՛ ստեղծեք՝ «մահափորձ լրագրողի նկատմամբ» գլխագրերով։
adv_banner

Ամենից շատ դիտված