copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 20:00 18-04-2024

Էրդողանը ճիշտ էր, Պուտինը սխալվեց․ ռուս խաղաղապահների ողջ պերճանքն ու թշվառությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության տարածքում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը քննարկվել է բանակցային գործընթացի գրեթե բոլոր փուլերում։ Միջազգային հանրությունը գիտակցում էր, որ հարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանին կատարվելիք հնարավոր զիջումներից հետո, երբ ադրբեջանական զինուժը մոտենալու էր Արցախի խաղաղ բնակավայրերին, անհրաժեշտ էր ապահովել տեղի խաղաղ բնակչության անվտանգությունը, որի լավագույն տարբերակը խաղաղապահների տեղակայումն էր։

Խաղաղապահների տեղակայման վերաբերյալ բանակցություններում, այդ թվում նաև բուն 44-օրյա պատերազմի օրերին, ակտիվորեն քննարկվում էր, թե վերջիններս որ երկրների զինված ուժերի ներկայացուցիչներն են լինելու։ Մինչ շատերը կողմնակից էին, որ Արցախում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայվի, օրինակ՝ սկանդինավյան երկրներից և այլն, ռուսական կողմը, որն այս տարածաշրջանը համարում է իր ազդեցության ամենակարևոր գոտիներից մեկը, առավել մեծ ջանքեր էր գործադրում, որ Արցախում հենց ռուս խաղաղապահները տեղակայվեն, ինչին Արևմուտքը կարծես թե դեմ չէր։

Արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետի համաձայն՝ Արցախի հայկական մնացած հատվածում և Լաչինի միջանցքում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը։ Հայտարարության հաջորդ կետը սահմանում էր, որ խաղաղապահ զորակազմը տեղակայվում էր Արցախից հայկական զինուժի դուրսբերմանը զուգահեռ, իսկ նրա գտնվելու ժամկետը սահմանվում էր 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Անշուշտ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հայ ժողովրդի երազանքների փաստաթուղթը չէր, սակայն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայումն արտաքուստ անվտանգության երաշխիքներ էր ստեղծում, որ ադրբեջանական զինուժն այլևս չի հանդգնի խախտել հայտարարության արդյունքում ձևավորված շփման գիծը։ Հենց այս անվտանգության զգացման, ինչպես նաև անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից տրված հրապարակային երաշխիքների արդյունքում Արցախի բնակչության մեծ մասը մի քանի օրվա ընթացքում վերադարձավ իր հայրենիք՝ վերջապես խաղաղ ապրելու ու արարելու հույսով։

Սակայն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայումը իրականում չապահովեց այն ցանկալի անվտանգությունը, որն անհրաժեշտ էր բնակչությանը, իսկ խաղապահների շուրջ ստեղծված բոլոր միֆերը հօդս ցնդեցին նրանց տեղակայումիս շուրջ մեկ ամիս անց, երբ 2020-ի դեկտեմբերի 13-ին ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին ու օկուպացրեցին Հադրութի շրջանից հայկական մնացած 2 գյուղերի՝ Հին Թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ ու գերեվարեցին ավելի քան 6 տասնյակ հայ զինծառայողների։ Սա խաղաղապահների ու առհասարակ ՌԴ-ի հեղինակությանը հասցված առաջին լուրջ հարվածն էր, ու որքան էլ Մոսկվան փորձեր տարբեր քարոզչական թեզերով հակառակն ապացուցել, այնուամենայնիվ, ինչպես ռուսներն են ասում, գնացքն արդեն գնացել էր։

Պաշտոնական Մոսկվան իր առաջին տապալումը փորձում էր արդարացնել, թե իբր ռուսական ուժերը դեռ չէին հասցրել տեղակայվել Հադրութի շրջանի 2 գյուղերում, որի հետևանքով էլ նման միջադեպ էր գրանցվել։ Ընդ որում, այդ օրերին ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակվեց խաղաղապահների պատասխանատվության գոտու մի քանի քարտեզ, որոնցից առաջիններում Հին Թաղերն ու Խծաբերդը ներառված էին դրանցում, սակայն արդեն հաջորդ քարտեզներից այս բնակավայրերը բացակայում էին, ինչն էլ փաստեց, որ Ադրբեջանը մտադիր չէ հետ քաշվել նախքան դեկտեմբերի 13-ը զբաղեցրած բնագծերը։

2021 թվականին ադրբեջանական կողմը Արցախի՝ ռուս խաղաղապահների գոտում գտնվող հատվածից բնակավայրեր օկուպացնելու փորձեր չարեց, սակայն պարբերաբար վերջինս խախտում էր հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ արձակելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերի, այնպես էլ դաշտերում աշխատող խաղաղ գյուղացիների ուղղությամբ։ Նման միջադեպերից հետո Ռուսաստանի համապատասպան գերատեսչությունները հանդես էլ գալիս ոչինչ չասող ու մերկապարանոց հայտարարություններով՝ պնդելով, որ խաղաղապահներին հաջողվել է կանխել իրավիճակի հետագա սրացումը, թեև խաղաղապահ տերմինը ենթադրում է, որ վերջիններիս առաքելությունը պետք է լիներ խաղաղության պահպանումը։

Ադրբեջանի կողմից Արցախում նոր բնակավայր օկուպացնելու հաջորդ դեպքը 2022-ի մարտին էր, երբ վերջինս օկուպացրեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, իսկ ռուս խաղաղապահները կրկին կրավորական կեցվածք դրսևորեցին Այնուհետև՝ 2022-ի օգոստոսին, տեղի ունեցավ ադրբեջանական զինուժի տխրահռչակ «Վրեժ» գործողությունը, որի հետևանքով Բաքվին հաջողվեց պարտադրել, որ Լաչինի միջանցքի երթուղին սահմանված ժամկետից ավելի քան մեկ տարի անց փոխվի ու հաշված օրերի ընթացքում իրեն հանձնվեն Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը, որոնք գտնվում էին 5 կմ լայնությամբ միջանցքի ներսում։ Այս իրավիճակում նույնպես Մոսկվայի մոտեցումը նախորդներից չէր տարբերվում, ինչն էլ ավելի մեծացրեց Բաքվի ախորժակը։


Ոգևորվելով սեփական հաջողություններից՝ շատ չանցված՝ Ադրբեջանն արդեն նոր արկածախնդրության դիմեց և սկզնական շրջանում կեղծ բնապահպանական պատրվակներով 2022 թվականի դեկտեմբերի 12-ին փակեց Լաչինի միջանցքը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում էր։ Ռուսական կողմը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո գործնական քայլեր չձեռնարկեց, որպեսզի Ադրբեջանին պարտադրեր օր առաջ բացել Լաչինի միջանցքը, ինչը խրախուսեց վերջինիս, որ արդեն 2023-ի ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրի միջանցքի սկզբնամասում, իսկ ավելի ուշ՝ հունիսի 15-ից արգելի այնտեղով բոլոր տեսակի բեռնափոխադրումները՝ փաստացի սովի մատնելով շրջափակված Արցախի բնակչությանը։

Ադրբեջանն այս ամենից էլ ավելի ոգևորվեց և սկսեց Լաչինի միջանցքից առևանգել Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ինչը նույպես Մոսկվայի կողմից լուրջ հակազդեցության չարժանացավ։ Արդեն 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա իրականցրեցին ավելի քան 9 ամիս շրջափակված Արցախի բնակչության դեմ, որի հետևանքով տեղի ավելի քան 100 հազար բնակչությունն էթնիկ զտման ենթարվեց և սպիտված եղավ բռնագաղթել Հայաստան։

Հատկանշական էր, որ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո, երբ տեղի բնակչության անվտանգության երաշխավորի պարտականություներ ունեցող ռուսական խաղաղապահ առաքելությունը սահմանափակվեց միայն արցախցիներին Հայաստան ուղեկցելով, պաշտոնական Մոսկվան՝ հիմնականում Մարիա Զախարովայի և Դմիտրի Պեսկովի շուրթերով, կրկին պնդում էին ու առ այսօր շարունակում են պնդել, որ խաղաղապահները «պատվով կատարել են իրենց առաքելությունը»։ Ավելին՝ Արցախի հայաթափումից հետո, երբ թվում էր, թե որ ռուս խաղաղապահներն այլևս այնտեղ անելիք չունեն, նրանք շարունակեցին իրենց ներկայությունը, ինչը բազմաթիվ իրարամերժ պնդումների պատճառ դարձավ առ այն, որ անկախ նրանցից Արցախում հայեր կապրեն, թե չեն ապրի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը կշարունակի իր ներկայությունն այնտեղ։

Նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Մոսկվայից արդեն պնդում են, որ Արցախում հակամարտող կողմեր այլևս չկան, ուստի այնտեղ խաղաղապահների կարիքն այլևս չի զգացվում։

Այսպիսով՝ Արցախի ամբողջական հայաթափումից 6 ամիս անց Բաքուն այլևս մտադիր չէ «իր տարածքում» հանդուրժել ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը, ում գործունեության, իսկ ավելի ճիշտ կլինի ասել անգործության պայմաններում իրեն հաջողվեց ամբողջովին բռնակցել ու հայաթափել Արցախը։ Չնայած Մոսկվան Բաքվին հաճոյանալու առիթը բաց չէր թողնում ու պարբերաբար հայտարարում էր, որ այսուհետ Արցախի հետ կապված հարցերը քննարկելու է բացառապես Բաքվի հետ, այնուամենայնիվ դա չգոհացրեց Իլհամ Ալիևին, որպեսզի վերջինս խաղաղապահներին հանդուրժեր գոնե մինչև իրենց գործունեության ժամկետի ավարտը՝ 2025 թվականի նոյեմբերը։

«Էրդողանը ճիշտ էր, Պուտինը սխալվեց» արտահայտությունը լավագույնս բնորոշում է ներկայումս Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ տարի ամռանը կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները 2025 թվականին դուրս կգան Արցախից, ինչը պաշտոնական Մոսկվան հերքել էր՝ Անկարային հիշեցնելով, որ վերջինս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ։

Ահա սրանք էին ռուսական խաղաղապահ առաքելության երեքուկեսամյա գործունեության «արդյունքերը», որոնք դեռևս շատ կքննարկվեն ու իրարամերժ գնահատականների կարժանանան։ Հստակ է մի բան, որ այս ամենի արդյուքնում հայաթափվեց Արցախը և վերջին 3000 տարում սա առաջին դեպքն է, երբ երբեմնի հայկական երկրորդ հանրապետության տարածքում այլևս հայ չի մնացել, իսկ հայ ժողովուրդը հերթական անգամ խայտվեց աշխարահաքաղաքական դերակատարների կենտրոնում։

Որքան էլ իրավմամբ Մոսկվային մեղադրենք, այս իրավիճակի համար իր մեղավորության ահռելի բաժինն ունի նաև Նիկոլ Փաշինյանն՝ իր վարած անհեռատես ու անհետևողական քաղաքականությամբ՝ ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմից նախորդած, այնպես էլ հաջորդած շրջաններում։ Հենց Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, որն ագրեսիայի գնալու հարցում արձակեց Ադրբեջանի ձեռքերը, իսկ ՌԴ-ին թույլ տվեց հղում կատարել այդ հայտարարությանը և չկատարել սեփական պարտավորությունները։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
09:18 Մյասնիկյան պողոտայում Kia-ն կոտրել է արագաչափն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
16:40 Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս պայթյունից վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել. shamshyan.com
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
08:07 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ Հրապարակ
21:33 Հովհաննես Դավթյանը` որպես ուղիղ ճանապարհ. արցախցի հայտնիներն էլ քաղաքականությամբ չէին զբաղվում
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
13:30 Հերոսների ծնողներին քարշ տալը «մարսած» Հայկազ Ջոմարդյանն անցել է լրագրողներին 
15:40 Փաշինյանը վտանգավոր շեշտադրումներ է անում. Մայիսի 1-ն ի՞նչ տոն է
19:57 Երևանը պետք է ոտքի կանգնի․ Ժիրայր Սեֆիլյան