«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով ամիսներ առաջ զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը ու իր պաշտոնավարման ողջ ընթացքում հանրության առաջ փորձում էր չքմեղացնել սեփական առաջնորդի տապալումներն ու ֆիասկոները, այժմ կրկին դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում, սակայն առավելապես պայքարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության, այլ նախկին 2 նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ։ Մարուքյանը հենց նախկին նախագահներին է մեղադրում, որ Նիկոլ Փաշինյանն առ այսօր իշխանության ղեկին է՝ վերջիններիս առաջարկելով, երբեմն էլ նրանցից պահանջելով հեռանալ քաղաքական ու դաշտից ու իրեն թույլ տալ երկրում իշխանափոխություն իրականացնել։
ԼՀԿ առաջնորդը հաճախ է պնդում, որ Նիկոլ Փաշինյանը սարսափում է այն մտքից, որ նախկին նախագահները կարող են հեռանալ քաղաքականությունից, ինչի պարագայում ինքը կզրկրվի իր քաղաքական հենարանից ու այլևս չի կարողանա պահպանել սեփական իշխանությունը։ Այս համատեքստում ներկայումս և 2026 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ վերստին ընդդիմադիր դաշտում դիրքավորված քաղաքական գործիչն իր այս պնդումը հիմնավորում է՝ հղում կատարելով 2021-ի գարնանը ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթներից մեկին, որում նա պնդել էր, որ նախկին նախագահների մասնակցությունը երաշխավորելու է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, իսկ հակառակ պարագայում իրենք կկարողանան ՔՊ-ին իշխանությունից զրկել ու դարձնել փոքր մի խմբակցություն։
Թեպետ Էդմոն Մարուքյանի խոսքում որոշակի ճշմարտացիություն կա և նախկին 2 նախկին նախագահների հակավարկանիշն այսօր էլ օբյեկտիվ ու սուբեյկտիվ պատճառներով բավականին բարձր է, սակայն մյուս կողմից քաղաքական դաշտից հեռանալու և իրենց տեղն իրեն զիջելու Էդմոն Մարուքյանի առաջարկը քաղաքական նոնսենս է, ինչի նախադեպը աշխարհի որևէ այլ երկրում մեզ չհաջողվեց գտնել։ Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ուժերը պայքարում են ոչ միայն իշխանության, այլև տիտղոսային ընդդիմության դերի համար, և ՀՀ-ում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների գերակշիռ մասը 2021-ի ընտրություններում որոշում է կայացրել, որ ՀՀ-ում տիտղոսային ընդդիմության դերը պետք է ստանձնեն երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած քաղաքական ուժերը՝ անկախ այն բանից, այս իրողությունը Էդմոն Մարուքյանին դուր գալի՞ս է, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ նախկին նախագահների հեռացումը պահանջելով՝ Էդմոն Մարուքյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նախևառաջ վերջիններիս օգտին քվեարկած քաղաքացիների նկատմամբ, որոնց թիվը, ըստ ընտրությունների արդյունքների գերազանցում է 336 հազարը։
Բնականաբար նախկին նախագահների ստվերում թաքնվելն ու սեփական ձախողումների համար ի սկզբանե մեղավորներ նշանակելը շատ ավելի հեշտ զբաղմունք է, քան իշխանափոխության իրական օրակարգ գեներացնելն ու դրա համար պայքար ծավելալը։ Անկախ տիտղոսային ընդդդիմության նկատմամբ ունեցած վերաբերմունքից և վերջինիս գործունեության արդյունքներից, պետք է արձանագրենք, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի չի գնացել և բազմաթիվ անգամներ իշխանափոխության օրակարգ է գնացել, մինչդեռ նույն Էդմոն Մարուքյանը 2021-ի ընտրություններից ամիսներ անց ընդունեց Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու դրանով վերջինիս հետ քաղաքական պատասխանատվություն կիսեց իր հետագա գործողությունների համար, որոնց անխուսափելիորեն հանգեցրեցին Արցախի լիակատար բռնազավթմանն ու հայաթափմանը։
Ընթերցողները հավանաբար հիշում են, որ թեպետ Էդմոն Մարուքյանը 2021-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրությանը վստահեցնում էր, որ կոալիցիա չի կազմելու ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայիս իշխանությունների հետ, սակայն ընտրություններից ամիսներ անց նույն Նիկոլ Փաշինյանից պաշտոն ընդունեց։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք ողջամիտ կասկած ունենալ, որ եթե 2021-ի ընտրություններում ԼՀԿ-ն ինչ-որ հրաշքով հաղթահարեր անցողիկ շեմը, ինչպես զարմանալիորեն դա տեղի ունեցավ 2018-ին, ապա անհրաժեշտության դեպքում այս քաղաքական ուժը կոալիցիա կձևավորեր ՔՊ-ի հետ՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։
Էդմոն Մարուքյանը համառորեն չի ցանկանում պատասխանել նաև այն հարցին, թե ինչո՞ւ իր քաղաքական ուժին չի հաջողվում օրինակ ՏԻՄ-երի մակարդակում ՔՊ-ին զրկել իշխանությունից, ավելին՝ ինչո՞ւ Լուսավոր Հայաստանը համայնքների մեծ մասում առհասարակ չի հաղթահարում անցողիկ շեմը։ Հարկ ենք համարում հիշեցնել նույն Երևանի ավագանու վերջին ընտրությունները, որոնցում Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժը կարողացավ ստանալ ընդամենը 4174 քվե կամ վավեր ձայների 1․8 տոկոսը։ Ընթերցողին հիշեցնենք նաև Էդմոն Մարուքյանի ծննդավայրում՝ Վանաձորում, 2021-ի դեկտեմբերի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ԼՀԿ-ի արձանագրած ֆիասկոն, երբ այս ուժը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչից հետո սեփական դեմքը փորձում էր փրկել զանազան դատական գործընթացներով, սակայն ապարդյուն։
Այսպիսով՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ուղղված Էդմոն Մարուքյանի առաջարկը ոչ միայն լեգիտիմ չէ, այլև քաղաքական նոնսենս է։ Քաղաքագիտության մեջ չկա որևէ նախադեպ, երբ որևէ քաղաքական ուժ իր տեղը զիջում է մեկ այլ քաղաքական ուժի, որպեսզի վերջինս գա և իշխանափոխություն իրականացնի՝ առավել ևս, երբ նման պահանջ ներկայացնող քաղաքական ուժն իր գործունեությամբ բազմիցս ապացուցել է, որ կարող է օրվա իշխանության հետ գործարքի գնալ և նպաստել վերջինիս վերարտադրությանը։ Եթե քաղաքական գործչի օրակարգում իսկապես իշխանափություն իրականացնելն է, այլ ոչ թե իմիտացիա անելը, ապա վերջինս պետք է սեփական ծրագրերով ու գործողություններով դա անի, իսկ եթե դրա համար խանգարում են օրինակ նախկին նախագահները, ապա նույն այդ գործողություններով վերջիններիս հեռացնի քաղաքական դաշտից։
Կարճ ասած՝ աշխահում՝ առավել ևս Հայաստանում սկուտեղի վրա իշխանություն կամ ընդդիմություն չեն հանձնում իրար, իսկ եթե կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում նման բան այնուամենայնիվ տեղի է ունենում, ապա հանրությունը երկար ժամանակ ստիպված է լինում քաղել դրա դառը պտուղները։
Դավիթ Գույումջյան