Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:04 27-11-2021

Էդմոն Մարուքյանի համար ապագա կա

Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո հրապարակվեց մի փաստաթուղթ, որի շուրջ բազմաթիվ տարընթերցումներ եղան։ Տարբեր մասնագետներ համացանցում ու ԶԼՄ-ներում տարբեր կերպ էին փորձում մեկնաբանել փաստաթղթի տեքստի տողատակերը։

Հիմնականում քննարկումների կարմիր թելը մեկն էր․ սա հայտարարություն էր ոչնչի մասին։ Տարբերվում էր միայն Էդմոն Մարուքյանի կարծիքը, որը ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձեց հուսադրել փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։ Նա հրապարակեց փաստաթուղթն ու ասաց․

«Ստորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ և իր զորքերի դուրս բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Սպասենք այս դրույթների իրագործմանը»։

Այսինքն՝ ըստ Էդմոն Մարուքյանի՝ երեկվա հայտարարությունից հետո Բաքվում պահվող հայ ռազմագերիները պետք է վերադառնան հայրենիք, իսկ ադրբեջանական զորքը հեռանա Հայաստանի տարածքից։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը չցանկացավ մեկնաբանել Էդմոն Մարուքյանի խոսքերը, քանի որ ենթադրությունը մեկնաբանել, ըստ նրա, ակադեմիական առումով այնքան էլ ճիշտ չէ։

«Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, այնտեղ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ տողատակերով չկա այնպիսի դրույթ, որը հիմք կտա ենթադրելու, որ նման համաձայնության են եկել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Էմիլ Օրդուխանյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այս քայլի մեջ քաղաքական լոյալության ժեստ է տեսնում․ «Ես շատ եմ հարգում Էդմոն Մարուքյանին, սակայն նա այն մարդն է, որն ասում էր, որ սուրճ է խմել ու վստահեցնում էր, որ Փաշինյանը չի պատրաստվում ոչինչ հանձնել։ Այնպես որ ես այստեղ հիմնավոր կասկածներ ունեմ, որ սա պարզապես ժեստ էր, որը քաղաքական լոյալության ազդանշան էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծում է քաղտեխնոլոգը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր էին պտտվում, որ նոր ՄԻՊ-ի՝ իշխանության թեկնածուներից մեկը Էդմոն Մարուքյանն է։ Վերջինս, սակայն, հերքեց այդ լուրը, որ իրեն որևէ առաջարկ են ներկայացրել ու շեշտեց, որ ինքն էլ առայժմ որևէ ցանկություն չունի այդ պաշտոնը զբաղեցնելու։

Աղվան Ասոյան