copy image url
Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:00 28-02-2024

Չի կարելի կիրառել չբարեկամ երկրների քաղաքական բառամթերքը 

Խորհրդային բռնազավթման վերջին տարիներին տեղի ունեցած Սումգայիթի ջարդերի կազմակերպման մեջ պատասխանատվության մեծ բաժին ունի Կրեմլը, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանն անկախ չէր, նրա ղեկավարությունը դրածո էր, կատարում էր Կրեմլի հրահանգները։ Սակայն Սումգայիթի ոճրագործության 36-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի փետրվարի 27-ին տարածած հայտարարության մեջ բառ չկա այդ մասին։ Հայտարարության երկրորդ հատվածում ընդարձակ անդրադրաձ կա անցյալ տարի ԼՂ բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և, ի վերջո, ուժի կիրառման միջոցով ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությանը։ Այստեղ ևս չի նշվում հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործության մեջ Ռուսաստանի մեղսակցության մասին։

Միաժամանակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս հրավիրելու վերաբերյալ հարցին, կարծիք է հայտնել, որ ճիշտ կլինի, որ ռուսներն այդտեղից դուրս գան։ «Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք։ Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան Ղարաբաղ՝ ի՞նչ արեցին։ Եկան Ղարաբաղ և հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին»,- ասել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանի այս խոսքի մեջ անթաքույց մեղադրանք կա ռուսների հասցեին, ինչը բացակայում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանը, հավանաբար, ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կորակի «հակաադրբեջանական»։ Ալեն Սիմոնյանի խոսքն էլ Մոսկվայում կորակեն «հակառուսական»։

ՀՀ պաշտոնյաները Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայկական հայտարարությունները, ելույթները չեն որակում «հակաադրբեջանական»։ Այս բառն ընդհանրապես՝ հայ քաղաքական խոսույթում բացակայում է։ Բայց «հակառուսական» բառն ակտիվորեն կիրառում են ՀՀ տիրույթում տեղի ունեցած իրադարձությունը կամ քաղաքական տեքստը գնահատելիս։

Ռուս քաղաքական գործիչը, նրա խոսնակը, գործակալը «հակառուսական» բառով որակում են ՀՀ-ի՝ Հռոմի ստատուտին միանալը, Ֆրանսիայից սպառազինություն գնելը, «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական ԱԴԾ ծառայողներին դուրս հրավիրելը, ՀԱՊԿ անդամությունը սառեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հարտարարությունը և այլն։

Թուրք քաղաքական-պետական գործիչը, նրա խոսնակը, գործակալը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները որակում են հակաթուրքական ցույցեր։ Հայերեն քաղաքական բառապաշարում «հակաթուրքական» բառը չկա։ Հայ մարդուն թուրքական գործակալ կանվանեն, կմեղադրեն դավաճանության մեջ, նույնիսկ ճակատին կթքեն, եթե նա ապրիլքսանչորսյան ավանդական երթը հակաթուրքական ցույց որակի, ինչպես որակում է թուրքական իշխանամետ մամուլը։ Իսկ ինչու՞ «հակառուսական» բառը կիրառողը նման խիստ վերաբերմունքի չի արժանանում մեզանում։

Դժվար չէ նկատել, որ «հակաթուրքական» բառը թուրքական քաղաքական տեքստերում է կիրառվում, «հակաադրբեջանական» բառը՝ ադրբեջանական տեքստերում, «հակառուսական» բառը՝ ռուսական տեքստերում։ Այս առումով՝ տարօրինակ է, թե ինչու են քաղաքական գործիչներն ու լրագրողները կիրառում «հակառուսական» բառն այնպես, ինչպես ռուս քաղաքական գործիչը, նրա խոսնակը, գործակալը։ Նույնիսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է կիրառում այս բառը փետրվարի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում։ Միթե՞ Ալեն Սիմոնյանը չգիտի, որ ՀՀ-ն անկախ-ժողովրդավարական պետություն է, ունի ազգային շահեր, որոնք տարբեր են այլ պետությունների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի շահերից։ Կամ արդյո՞ք գիտակցում է ԱԺ նախագահը, որ «հակառուսական» բառով բնորոշելով ՀՀ-ում հանրային տրամադրությունը, տպավորություն է ստեղծում, թե ինքն աշխարհին նայում է Կրեմլի պաուհանից։

Պարզ ասած, լավ կլինի, եթե բարձրաստիճան պաշտոնյան քաղաքական պատասխանատվությամբ ընտրի բառերը և հասկանա, որ չի կարելի քաղաքական խոսույթն իջեցնել լակոտական լեզվակռվի մակարդակի, չի կարելի կիրառել չբարեկամ երկրների քաղաքական բառամթերքը ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունը, ելույթը, հանրային տրամադրությունը կամ երևույթը գնահատելիս։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

16:57 Նորից դասադուլ կանենք․ Երևանի Նաիրի Զարյանի անվան դպրոցում բունտ է հասունանում
15:42 Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է
08:55 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
11:02 Երևանում Mazda 6-ը գլխիվայր շրջվել է. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. shamshyan.com
11:22 Ձրի գովազդ՝ քաղաքացիների հաշվին. գունավոր ծածկերով անհայտ մեքենաներ Բաղրամյանում
20:06 Շիրակի մարզում բախվել են Citroen Jumper-ը, Hyundai-ն ու Mercedes-ը․ կա 6 վիրավոր․ shamshyan.com
13:43 Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են. Պապոյան
16:09 Դանակահարություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, կա վիրավոր․ կասկածյալը հայտնաբերվել է տաք հետքերով․ shamshyan.com
21:02 Դատարանը կալանավորեց Երևանում՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին ու կատարողներին․ shamshyan.com
09:18 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տուգանվել է 10 հազար դրամով․ Ժողովուրդ