copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:16 21-04-2022

Կարելի էր շատ բան ներել, կարելի էր, բայց ներել պետք չէ, տղերքը մեզ չեն ների... Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք վաղուց արդեն դադարել ենք զարմանալ, դադարել ենք, որովհետև ամեն ինչ տեսանք: Երկրի կամ էլ տարբեր գերատեսչությունների ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ ինչ հայտարարություն ու միտք ասես չեն ասել վերջին չորս տարվա ընթացքում: Շուտով կլրանա չորս տարին, երբ իսկական աղետալի շրջապտույտի մեջ ենք, երբ քաղաքացին, որ, այո, փոփոխություն էր ուզում տեսնել երկրում, հավատաց և ինքն իր ձեռքով իշխանության բերեց նրանց, ովքեր հետագայում այդ նույն իշխանությունն իրենց քիմքին վայել ու ի չարս երկրի և ժողովրդի օգտագործեցին:

Չենք զարմանում, որովհետև ինչ-որ մի շրջան միամտաբար հավատում էինք, որ, դե, երկրի վիճակը վատ է, աշխատանք կա անելու, մարդիկ նոր են եկել իշխանության, կգա ժամանակը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, լավ կապրենք: Իսկ հիմա քննարկում ենք հարցը՝ կապրե՞նք արդյոք Հայաստանի անկախ Հանրապետությունում, չենք դառնա՞ Թուրքիայի վիլայեթ կամ էլ ռուսական «գուբերնիա»: Բայց դեռ այն ժամանակ՝ 2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և Հայաստանում մի իսկական ցնծություն էր (քանի որ գլխներիս գալիքը չգիտեինք), հրապարակներում ու փողոցներում մարդկանց շարքերի մեջ շատերը վանկարկում էին՝ պրծանք, ներկաներից մեկն ասաց՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Այն ժամանակ շատերիս համար դրանք ուղղակի խոսքեր էին, գուցե կարծեցինք, թե նկատի ունի, որ հետհեղափոխական երկրին շատ դժվարություններ են սպասվում, բայց հիմա տարիների հեռվից հասկանում ես, որ անհանգստությունն Արցախի համար էր, անհանգստություն, որն իրականություն դարձավ նաև Հայաստանի մասով: Զրուցակիցներիցս մեկը, ով մասնակցել է, ինչպես ինքն է ասում, իշխանափոխությանը միտված ցույցերին և հիմա էլ դա չի հերքում, հիմա արդեն ինքն իրեն, գուցե նաև ուրիշներին խոստովանում է՝ դեռ այդ օրերին ասում էին, որ գալիս են Արցախը հանձնելու, ու մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ դա կարող է մի օր իրականություն դառնալ: Շատերիս համար Արցախն արժանապատվության ու պատվին հավասարազոր արժեք է, դրա կորուստը ու թշնամու հոխորտանքը՝ մեզ համար պատվազրկում: Գուցե նաև այդ պատճառով Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը կարելի էր շատ բան ներել, գրեթե ամեն ինչ՝ բացի պատվազրկումից:

Շատերս նաև ասում ենք՝ իսկ ինչու մինչ այժմ որոշ մարդկանց շրջանում առկա թմբիրը չի անցնում, չէ՞ որ այդ նույն հայն էր, որ 1988 թվականին ոտքի ելավ՝ հանուն Արցախի, հանուն հայության, ինչո՞ւ հիմա հանկարծ այս պատերազմից հետո, որը մեր ապագան տարավ, մարդիկ շարունակում են ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել: Շարունակում են ընտրել իշխանության թիմակիցներին տարբեր համայնքներում, ընտրում են, քանի որ իրենց խոստանում են՝ «ապագա կա»... Իսկ ապագան այն տղաներն էին, որոնք գնացին դեպի հավերժություն՝ մեզ թողնելով ամոթի, ոչ խաղաղության դարաշրջանում: Ամոթի, որտեղ երկիրը ղեկավարողն օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնից հայտարարում է. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։

Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Բաներ կան, որոնք հիմա հրապարակային չեմ կարող ասել, որովհետև կվնասեմ ապագա բանակցություններին»։ Շատ հեշտ ու հանգիստ է խոսում զոհերի մասին՝ մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրը մի տան ճրագ էր, ապագայի մեր հույսը, գիտնականը, գյուղատնտեսը, զինվորականը, բժիշկը, հայրը... ու քանի տղա այդպես էլ հայր չդարձավ: Հանուն հայրենիքի տղերքը զոհաբերեցին ամենաթանկը՝ կյանքը, մայրերը փոխարենն իրենց որդիների հետմահու մեդալները ստացան, փակ դագաղներ՝ հնարավորություն չունենալով անգամ վերջին անգամ տեսնել նրանց դեմքը, շատերը բացառապես մասունքներ հուղարկավորեցին, շատերն անգամ չգիտեն՝ ո՞ղջ են իրենց որդիները, թե՞ նահատակված, գերեվարվա՞ծ են, թե՞ ոչ, ծնողները հարցեր ունեն, որոնց պատասխանը չեն գտնում:

Տղաներից մեկի քույրը մի անգամ ինձ հետ զրույցում ասաց՝ եղբայրս զոհվել է, բայց մինչև հիմա չգիտենք, թե ինչպես: Նրա կյանքի պատմությունն ընդհատվել է, ամիսներ անց ունենք բազմաթիվ հարցեր ու զրո պատասխան: Մյուսի որդուն գտել էին զոհվելուց ինն ամիս անց, մյուսին մորն էին վերադարձրել հենց նրա ծննդյան օրը: Ու ես ամեն անգամ կարկամում եմ ծնողների խոսքերի առջև, ես, որ ո՛չ մեղավորն եմ, ո՛չ պատասխանատուն, երկու տարուց ավելի է՝ ինչ ապրում եմ մեղավորության զգացումով՝ ինչո՞ւ այսպես եղավ, մեղավորներ կայի՞ն, պատժվեցի՞ն: Այո, այս իշխանություններին կարելի էր շատ բան ներել, կարելի էր, բայց ներել պետք չէ: Տղերքը մեզ չեն ների...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: