Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 26-02-2024

ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքակրթական նշանակությունն ու ՔՊ-ի ջայլամությունը

ՔՊ-ական իշխանությունը հերթական անգամ անպատասխանատու ջայլամի կեցվածք է դրսևորում։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին պարզաբանում էր պահանջել ՀՀ-ից Նիկոլ Փաշինյանի՝ France24-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ-ի անդամությունը սառեցելու մասին հայտարարության վերաբերյալ, սակայն պատասխան չկա։

ՔՊ-ական գործիչները բազմիցս են նշել, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն կատարել պայմանագրային պարտավորությունները, չեն ճանաչում ՀՀ սահմանները, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան իրավունքները։ Բայց այս հիմնավորումներով իրազեկում չեն ուղարկել ՀԱՊԿ երկրներին, չեն տեղեկացրել դուրս գալու մտադրության վերաբերյալ։ Փետրվարի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս անդրադարձել է թեմային, նշելով, որ Հայաստանի դուրս գալով, ՀԱՊԿ-ը չի փլուզվի։ Այսպես՝ առաջին անգամ ՀԱՊԿ-ի փլուզման ռեալ մտավախություն է հայտնվել։ Ինչու՞ ՔՊ-ական իշխանությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսում։ Այս հարցն արդեն նյարդայնացնում է հանրության մի մասին։

ՀԱՊԿ-ը գոյության ընթացքում մեկ անգամ է հավաքականորեն կիրառվել՝ Ղազախստանում։ Հետևաբար՝ հարկ է պարզ ասել, որ ՀԱՊԿ-ը ռուսական ազդեցությունը պահպանելու գործիք է։ Եվ ՀՀ-ի անդամությունը սահմանների պաշտապանության համար չէ, այլ նրա համար, որ եթե որևէ քաղաքական ուժ, ի հեճուկս Մոսկվայի՝ հաղթի ԱԺ ընտրություններում ու ՀՀ-ում իշխանություն ձևավորի, ապա ՀԱՊԿ-ը պատրաստ է միացյալ զորք մտցնել Երևան, վերականգնել ռուսական ազդեցության գոտին։

Այս առումով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը քաղաքակրթական նշանակություն ունի։ Ռուսական ազդեցության գործիքները չեզոքացնելուց հետո կարելի է խոսել ՀՀ-ում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին։ Սրանով է բացատրվում արևմտյան, եվրոպական հետաքրքրությունը և ռուս-բելառուսական մտավախությունը ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի վերաբերյալ։ Երբ ՀՀ-ն չի ուզում ՀԱՊԿ-ից դուրս գալ, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարվել ռուսական հովանավորությունից, ընտրություններում պարտվելու ռիսկ առաջացնել։ Իսկ Մոսկվան վրդովվում է Նիկոլ Փաշինյանի խոսքերից, քանի որ վախենում է վերջնական կորցնել ազդեցությունը Հարավային Կովկասում։

Մի քանի տարի առաջ արևմտյան գործընկերները մատնանշում էին ՀՀ-ի ՀԱՊԿ անդամությունն ու չէին աջակցում անվտանգային, պաշտպանական հարցերում։ Այդպիսով՝ ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանին համարում են ռուսական գործակալ։ Ուկրաինա-ռուսական պատերազմը փոխեց ռուսական ազդեցության գոտիների նկատմամբ վերաբերմունքը։ Եվ հիմա ԵՄ-ն դիտորդական առաքելություն է իրականացնում, Ֆրանսիան ու Հնդկաստանը սպառազինություն են մատակարարում։ Օրերս առաջընթաց արձանագրած հայ-ֆրանսիական գործակցությունը փաստացի ռազմակավարական դաշնակցության մակարդակի վրա է։ Բայց այս առաջընթացը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմա չկա։

Բանն այն է, որ Հարավ-հյուսիսի բացումից առաջ պահանջվելու է ՀՀ սահմաններն ու ճանապարները մաքրել ռուս զինվորներից և տեղակայել ԱԱԾ սահմանապահներ, որ ՀՀ-ն կարողանա երաշխավորել դրանցից օգտվելու անվտանգությունը։ Խաղաղության կամ սահմանազատման պայմանագրեր ստորագրելուց հետո ևս պահանջվելու է ռուսական զորքերը դուրս բերել ՀՀ-ից, որ չեզոքացվեն ռուսական սադրանքները։ Իսկ Արցախում ռուսներին փոխարինելու են միջազգային խաղաղապահները ԵՄ դրոշի ներքո, որպեսզի հնարավոր լինի երաշխավորել արցախցիների վերադարձը, իրավունքներն ու անվտանգությունը։

Պարզ ասած՝ եթե ՔՊ-ական իշխանությունն ուզում է, որ ազատ, արդար ընտրություններ լինեն, Հյուսիս-հարավ ճանապարհը բացվի, խաղաղություն ու սահմանազատում լինի, Արցախը նորից ազատ լինի, ապա պիտի աներկբա հայտարարի՝ «Ռուսաստանը վստահելի, բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում»։ Այնուհետև պիտի ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլև ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիա իրականացնելու, երկաթուղին ազգայնացնելու նախաձեռնություններով հանդես գա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին