Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 22:00 22-02-2024

Տնտեսական շահը հակադրվում է սոցիալական վիճակին․ «խոպանչիներին» հարկելու օգուտները չնչին են

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է արտագնա աշխատողներին հարկելու մասին որոշումը, որը հանրության շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել։ Մասնավորապես Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մի խումբ բնակիչներ նախօրեին փակել էին մայրաքաղաք տանող ճանապարհը՝ պահանջելով չեղյալ հայտարարել հիշյալ որոշումը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նախօրեին պնդեց, որ արտագնա աշխատողներին հարկելու մասին որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ։ Նրա խոսքով՝ հարկատեսակը եկամտային հարկ է, ՌԴ-ում կազմում է 13 տոկոս, Հայաստանում՝ 20 տոկոս, ուստի տարբերությունը՝ այսինքն՝ 7 տոկոսը, պետք է վճարեն Հայաստանում։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշեց՝ բազմիցս ասել է, որ Հայաստանում տնտեսական զարգացումներն ու շահերը հաճախ հակակշռվում է սոցիալալան խնդիրներով։ Նրա խոսքով՝ Հայաստանը մի երկիր է, որն ունի ընդգծված սոցիալական խնդիրներ՝ գործազրկություն, աղքատություն, մեծ թվով աշխատանքային միգրանտներ, ովքեր արտերկրում գումարներ են աշխատում և իրենց ընտանիքները պահում են, և այդ մարդկանց չենք կարողանում մեր երկրում աշխատանքով ապահովել, ուստի տնտեսական ռեֆորմներ կատարելիս պետք է զգույշ լինել և հաշվի առնել նաև սոցիալական խնդիրները։

Տնտեսագետը նկատում է, որ թեև աշխարհում ընդունված պրակտիկա է, որ արտագնա աշխատանքի մեկնողները հաշվետվություն են ներկայացնում իրենց եկամուտների մասին, ու եթե հարկերի տարբերություն կա, պետությունը կարող է այդ հարցն առաջ քաշել, սակայն սոցիալական խնդիրն այն է, որ 100 հազարավոր ընտանիքներ այդ միգրանտների գումարներով են ապրում, այդ միգրացիայի ժամանակ մարդիկ ենթարկվում են թրաֆիքինգի, հարկադիր աշխատանքի, ստորացման, սակայն դիմանում են այդ ամենին և իրենց ընտանիքներին գումար են ուղարկում։ Նրա խոսքով՝ այս որոշման կիրառությանը պետք է զգույշ վերաբերվեն, թեկուզ այն 2018 թվականից առաջ է կայացվել։

«ՊԵԿ-ը պետք է հաշվարկի, թե այս գումարները որքանով են պետբյուջեն լցնում, հնարավոր է բոլորի հարկերը միասին վերցրած պայմանական 5 միլիոն դոլար կազմեն։ Միգուցե ներկայումս պետք չէ այդ 5 միլիոն դոլարի համար իրավիճակը սրել, որովհետև մարդկանց տրամադրությունները լարված են, Ադրբեջանին սահմանակից շրջանների բնակչությունը կամուկացի մեջ է, ոնց որ ասում են փշերի վրա են ապրում և այս պայմաններում, դժվարությամբ իրենց ընտանիքները պահում են»,- ասաց նա։

Մեր զրուցակից նշում է, որ այս շրջանների մարդկանց ապրուստը պայմանավորված է նաև եղանակով։ Նա ասաց, որ գործի բերումով շփվում է բնակիչների հետ և տեղյակ է, որ հողերի մի մասը անջրդի են ու հույսը դնում են հացահատիկ ցանելու վրա, ջուր ունեցողները կարտոֆիլ են ցանում, իսկ մյուսները անասնապահությամբ են զբաղվում։

«Դրա համար էլ երիտասարդները հեռանում են, դիմոգրաֆիական խնդիրներ են առաջանում և այլն։ Ուստի պետությունը պետք է իր շահը գնահատի, իսկ շահը միայն հարկի մե՞ջ է, թե՞ կարելի է հարկը զիջելով ցույց տալ, որ մարդիկ շարունակեն ապրել իրենց համայնքներում, չհեռանան, իրենց ավելի ուրախ զգան, ոչ թե ավելի լարվեն։

Քանիցս ասել եմ, որ Հայաստանի 6 մարզեր, այդ թվում՝ Գեղարքունիքը, գտվում են շատ ցածր սոցիալ-տնեսական վիճակում, հետևաբար այս մարզերում պետք է փաթեթային զարգացման լուծումներ առաջարկել։ Հիմա եթե մենք այդ մի քանի միլիոն դոլար հարկի համար, որը գուցե մեր ներկայիս բյուջեում մեծ թիվ չի կազմում, նեղացնում ենք այդ մարդկանց, ես ռիսկային եմ համարում»,- նշեց նա։

Մակարյանը կարծում է, որ այս որոշումը կարելի է հետաձգել, քանի որ ներկայիս լարված իրավիճակում կարիք չկա նոր լարում առաջացնել։ Նրա համոզմամբ՝ խելամիտ կլինի, որ ՊԵԿ-ը կառավարությանը դիմի և առաջարկի որոշման կիրառումը 1-2 տարով հետաձգել, ինչը որոշ չափով կմեղմի իրավիճակը։

Հարցին, թե արդյոք արտագնա աշխատողներին հարկելը ԵԱՏՄ-ի պահանջն է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ փորձում են այս հարկատեսակը կիրառել, և Հայաստանը առաջինը չէ։ Նրա խոսքով՝ այս մոտեցումը շատ հստակ կիրառվում է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, ԵԱՏՄ-ում նույնպես այն կա, սակայն Հայաստանն ունի մի շարք առաձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել։

«Եթե մարզերում շատ ցածր կենսամակարդակ է ու շատ վատ սոցիալ-տնտեսական իրավիճակ, մենք այսպիսի իրավիճակով մենք կարող ենք գրգռել, որ այդ բացասական երևույթները սրվեն, ինչը պետությանը ձեռնտու չէ։ Մենք չենք ուզում, որ մեր բնակիչները հեռանան երկրից, համայնքները դատարկվեն, ուզում ենք, որ սահմանամերձ համայնքները զարգանան և այլն, ուստի այս իրավիճակներում գուցե պետք չէ այդ գումարների հետևից ընկնել։ Եթե 2023 թվականին մենք հավաքել ենք 5 միլիարդ 400 միլիոն դոլարի չափով հարկեր, ինչի մասին պետությունը հայտարարում է, և անձամբ ես այդ թվերին հավատում եմ, ուստի այդ թվերի մեջ կարող է մի քանի միլիոն դոլար հարկ հավաքելը իմաստ չունանա, կարող է այդ հարկերը մի քանի միլիոն դոլարի էլ չհասնի»,- կարծում է նա։

Գարիկ Մակարյանի համոզմամբ՝ կարիք չկա այստեղ սկզբունքի հետևից ընկնել, քանի որ պետության շահը չնչին է, բայց այդ նույն շահը կորցնելու ենք մյուս երևույթների մեջ, երբ մարդկանց գրգռում ենք, սպիպում ենք, որ տրամադրվեն պետության դեմ, բողոքի ակցիաներ անել, ինչը կարող է նաև թշնամու կողմից օգտագործվել։ Նա կարծում է, որ այս պահին պետության շահերից է բխում, որ որոշման կիրառությունը ժամանակավորապես դադարեցվի։

Տնտեսագետն ընդգծեց, որ եթե անգամ որոշումը կիրառվի, ապա պետք է հաշվարկներ կատարել, հասկանալ ակնկալվող գումարների չափը, ինչպես նաև սահմանել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար մարելու ռեժիմ։ Ըստ նրա՝ նման դեպքում արտագնա աշխատանքի մեկնողը հնարավոր է հաջորդ տարի չցանկան մեկնել արտագնա աշխատանքի ու այստեղ աշխատի՝ մտածելով, որ պետք է հարկեր վճարի։

«Հիմա արտագնա աշխատանքի մեկնողներն ակակնկալի են եկել, քանի որ պլանավորել էին, թե իրենց աշխատած գումարները ինչպես պետք է ծախսեն, իսկ երբ պետությունն այդ պլանավորումը խախտում է և գումարներ է պահանջում, այդ մարդիկ դրանից գրգռվում են ու զայրանում են։ Մարդը նաև զայրանում է, քանի որ պետությունը ոչ մի կերպ իրեն չի աջակցել, ինքն իր ուժերով է աշխատանք գտել ու գումար վաստակել, իսկ հիմա պետությունն իրենից հարկ է պահանջում»,- ասաց նա։

Մակարյանը հավելեց, որ այստեղ առկա է նաև պարզաբանման խնդիր ու քարոզչության խնդիրներ էլ կան, ուստի ՊԵԿ-ը գոնե այս տարի պետք է որոշման կիրառությունը հետաձգի, քարոզչական աշխատանք կատարի, մարդիկ էլ իրենց հերթին որոշեն՝ ցանկանո՞ւմ են մեկնել արտագնա աշխատանքի, հետո հարկեր վճարել, թե՞ ոչ։

Դավիթ Գույումջյան