Երևան +14°
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:00 22-02-2024

ՀՀ-ում իշխանությունը զավթված է. եթե ազգային զարթոնք լինի, Փաշինյանը չի կարող կանգնեցնել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Փետրվարի 20-ին լրացավ Արցախյան ազատագրական շարժման 36-րդ տարեդարձը, որը յուրօրինակ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում, քանի որ հենց այս շարժման հիմքի վրա ծնունդ առան հայկական երկու պետականությունները՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները։ Հատկապես այս տարի առանձնահատուկ էր օրվա խորհուրդը․ 36 տարի անց Արցախը կրկին գերության մեջ է, իսկ նրա որդիները՝ տնավեր ու փախստական։

Հատկանշական էր, որ Նիկոլ Փաշինյանն այս տարի անտարբերության մատնեց պատմական այս իրադարձությունը՝ իր լռությունը կոծկելով մյունխենյան աշխատանքային այցով։ Պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը մշտապես իրեն հատուկ խանդավառությամբ ուղերձներ է հղել Արցախյան շարժման սկզբնավորման օրվա առիթով, անգամ 2021-ին, երբ արդեն մասնակիորեն կորսված էր Արցախը, սակայն առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին։

Oragir.News-ը 4-րդ և 5-րդ գումարումների ԱԺ պատգամավոր, ներկայումս Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե իր համոզմամբ ինչո՞ւ Փաշինյանն անտարբերության մատնեց նշանակալի այս իրադարձության տարեդարձը։ Ի պատասխան Փոստանջյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել տվյալ անձնավորությանը, քանի որ վերջինս այնքան անկարևոր անձ է մեր կյանքում, որ նրա արարքները մեկնաբանելու կարիք չի տեսնում։

Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ղեկավարը՝ Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, որ մեր պետությունը 2018 թվականից զավթված է։ «Մեր պետության մեջ իշխանությունը զավթված է, հետևաբար ես իրեն Հայաստանի Հանրապետության իշխանություն չեմ ճանաչում»,- ասաց նա։

Հարցին, թե իշխանությունները մտավախություն ունե՞ն, որ օրերից մի օր Արցախյան նոր շարժում կծավալվի և նման գործողություններով փորձո՞ւմ են դա կանխել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ գործող իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն կարող անել։ Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանում նման շարժում ծավալվի, ապա իշխանությունները չեն կարող դրան միջամտել։

«Պարզապես ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) և այդ զավթումը, որը տեղի է ունեցել, բոլորին ձեռք է տալիս, իսկ ազգային-ազատագրական պայքարը կանխելու ուղղությամբ իր ջանքերն արդյունավետ չեն լինելու։ Զարթոնքը ինքը չի կարող կանգնեցնել»,- ասաց նա։

Մեր հարցին, թե իշխանությունները մտավախություններ ունե՞ն, որ կրկին կարող է նման շարժում ծավալվել՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ գործող իշխանությունները ներդրված մարդիկ են, ովքեր որպես գործիք օգտագործվում են։ «Իրենք ո՞վ են, ոչինչ են, իրենք գործիք են, և իրենցից ոչինչ կախված չէ»,- եզրափակեց Փոստանջյանը։

Դավիթ Գույումջյան




Ամենից շատ դիտված