Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 2 ամիս առաջ - 21:53 21-02-2024

Նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն․ Վահագն Դավթյանի հիշատակի օրն է

«Վահագն Դավթյանի ստեղծագործությունն ամբողջական մի աշխարհ է, ամբողջական մի շենք: Այդ շենքը նման է միջնադարյան վանքի՝ հիմքերը որձաքարե ժայռերի մեջ, գմբեթը՝ երկնքում: Եվ այդ վանքն այնքան է ներդաշնակ իր շրջապատին, այնպես է ձուլված ու խառնված բնությանն ու բնականին, որ շատ հեռուներից է երևում: Տեսնելու և նրան հասնելու համար պետք է հավատավոր լինել ու արվեստի ուխտավոր, որպեսզի հաղթահարես ճանապարհի դժվարությունը... Սիրում եմ 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, բայց խանդում եմ միայն Վահագնին, որովհետև նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և ունի սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որ ուրիշ խոսքով մեծ տաղանդ է նշանակում»,- գրել է Համո Սահյանը:



Այսօր բանաստեղծ Վահագն Դավթյանի հիշատակի օրն է։

Վահագն Դավթյանն իր հուշերում պատմում է, որ իր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը եղել է Ավետիք Իսահակյանի հետ հանդիպումը։

«1938 թվի ամռանն եմ տեսել Ծաղկաձորում: Պիոներական ճամբարի հրապարակում խաղում էինք, երբ լսեցինք՝ Իսահակյանն է գալու, հանդիպում է լինելու բանաստեղծի հետ։ Մեջտեղ եկան Իսահակյանի գրքերը: Մի քանի օր անընդհատ ճամբարային սենյակներից, թփերի տակից Իսահակյանի բանաստեղծություններն էին հնչում:

Ինձ հանձնարարված էր արտասանել իմ սեփական բանաստեղծություններից:

Եվ ահա ընկեր Վիրապը՝ մեր ճամբարի պետը, թևանցուկ արած բերեց Իսահակյանին: Նա եկավ, նստեց շրջանի կենտրոնում դրված աթոռին ու սկսեց զրուցել մեզ հետ: Ու ինձ պատեց երկրորդ զարմանքը. շատ էր «հասարակ» խոսում, դանդաղ, կմկմում էր ու կակազում... Մինչդեռ ես այլ, բոլորովին այլ բան էի սպասում, ես կարծում էի, թե նա գեղեցիկ, շքեղ, մինչ այդ չլսված խոսքերի հեղեղ պիտի տեղա մեզ վրա...



Հիմա ես նրա ասածներից ոչինչ չեմ կարողանում մտաբերել. հիշողությանս մեջ է մնացել միայն նրա խոսքի դանդաղ, անշտապ տոնը:

Հետո ընկեր Վիրապի պահանջով երեխաները սկսեցին հարցեր տալ Իսահակյանին: Այդ հարց ու պատասխանից էլ քիչ բան եմ հիշում և հիշածս հետևյալն է. մի շատ ակտիվ պատանի, որ հետո կոմերիտական ղեկավար աշխատող դարձավ, համարձակորեն առաջ եկավ, զգաստ կանգնեց ու ասաց.

- Ընկեր Իսահակյան, պատմեցեք, թե արտասահմանում կապիտալիստներն ինչպես էին ճնշում Ձեզ...

Համոզված էի , որ այդ հարցը տեղին չէ, ու այդ պատանու փոխարեն ինձ շատ անհարմար զգացի:

Իսահակյանը ժպտաց ու ասաց.

-Տղա ջան, կապիտալիստները բանվորներուն կճնշեն , ինձի ինչո՞ւ պիտի ճնշեն...

Հարց տվող տղայի հիասթափությունը կատարյալ էր:

Ես արտասանեցի մի փոքրիկ բանաստեղծություն.

Ամպերը գանգուր
Հագան կարմիր քող
Թաքնվեց հեռվում
Արփին ոսկեշող:
Երեկոն իջավ
Ու բերեց անդորր
Եվ իր թևի տակ
Ծածկեց հանդ ու ձոր... և այլն:



Երբ ավարտեցի Իսահակյանը ձեռքի շարժումով ինձ կանչեց մոտը:

-Անունդ ինչպե՞ս էր...

- Վահագն...

-Վահագն, լավ անուն է... Գիտե՞ս, թե ով էր Վահագնը...

Բարեբախտաբար գիտեի, ասացի:

-Ապրիս: Լավ է, որ բնության մասին ես գրում, այդպես էլ շարունակե»:

Վարպետի ձեռքով էլ Դավթյանն օծվեց բանաստեղծ․․․



Իսկ այս դեպքից տարիներ անց Իսահակյանն իր բարձր գնահատականը տվեց արդենկայացած բանաստեղծին․ «Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է...»։

Ամենից շատ դիտված