copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 19:59 23-03-2023

Երեք հայտնի Նոբելյան մրցանակակիր արձակագիրների ոչ հայտնի բանաստեղծությունները

Հայ իրականության մեջ այս գրողներն ավելի շատ ընկալվում են որպես արձակագիրներ, սակայն գերմանախոս հասարակության շրջանում շատ բարձր է գնահատվում նաև նրանց պոետական ձիրքը։ Ի դեպ, երեքն էլ պատվավոր Նոբելյան մրցանակի դափնեկիր են։

Հերման Հեսսե

Հերման Հեսսեն Նոբելյան մրցանակի է արժանացել 1946-ին «իր ոգեշնչող աշխատությունների համար, որոնք, գնալով ավելի համարձակ ու խորաթափանց դառնալու հետ մեկտեղ, ցույց են տալիս դասական մարդասիրական իդեալներն ու ոճի բարձր որակները»:



Անխոս շատերն են կարդացել ու խորասուզվել Հեսսեի «Տափաստանի գայլը», «Հուլունքախաղը», «Սիդհարթան», «Դեմիանը» և մի շարք այլ ստեղծագործություններ, որոնք փիլիսոփակայական, այլաբանական, ինքնամաքրման, ինքնաճանաչման ու ներդաշնակության մղող յուրօրինակ ստեղծագործություններ են, սակայն քչերը գիտեն, որ Հեսսեն ունի նաև բանաստեղծությունների 5 ժողովածու և այն, որ նա հեռավոր 1898-ին առաջինը հենց իր բանաստեղծություններն է տպագրել «Ռոմանտիկ երգեր» վերնագրով։ Ստորև ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից․

Մի աղջկա

Ինձ համար բոլոր ծաղիկներից Ամենասիրելին ես դու,
Քաղցր ու մանկական է համը քո բերանի,
Անմեղությամբ ու ուրախությամբ լի է քո ժպտուն հայացքը:
Ես առնում եմ քեզ, ծաղի՛կ, երազանքներիս մեջ,
Այնտեղ՝ գունագեղ ու դայլայլող
Կախարդական բույսերի մեջ,
Քո հայրենիքն է, այնտեղ դու չես թոշնի երբեք,
Մշտնջենական ծաղկունք է այնտեղ՝ իմ հոգու սիրո բանաստեղծության մեջ,
Եվ քո երիտասարդությունը՝ հարատև մտերմիկ բուրմունքով:
Շատ կանանց եմ ես ճանաչել, Շատերին՝ ցավով սիրել,
Շատերին ցավ եմ պատճառել,
Հիմա՝ հրաժեշտի պահին, ողջունում եմ ես քեզ
Մի անգամ ևս կախարդանքի ողջ ուժով,
Երիտասարդության հրաշալի անսպառ հմայքով:
Եվ երազանքների այգում Իմ գաղտնի բանաստեղծության
Ես կպահեմ քեզ՝ ժպտալով ու շնորհակալ լինելով անմահներին,
Որ ինձ այսպես շռայլորեն պարգևատրեցին:

Ի՞նչ է եղել կյանքն իմ
Ի՞նչ է եղել կյանքն իմ, երբ այն այսօր պետք է ավարտվի:
Երազային վաղանցուկ ակնթա՞րթ:
Կորսվա՞ծ:
Ո՛չ, այն լռին Հաճույքների շրջանակ է եղել, որ ձեռքերով լի
Վերցրել եմ, մեկ ուրիշին տվել ու նորը ստացել կրկին:
Այն աշխարհի հետ ինձ երջանկացրած սիրային կապ է եղել
Իր մշտագո գեղեցկությամբ
Եվ իմ նպատակը հզոր նշաններով առաջ է շարժել
Հավերժության մեջ շարունակ:
Նա եղել է ջրի, լեռնային քամիների, դաշտերի հետ,
Եղբայրական կապի հետ, որ չի խզում ոչ ոք,
Կապույտում ծվարած, միշտ այնտեղ եղող բոլոր ամպերի հետ,
Եվ մեր հայրենիքի մասին է երգը նրանց:
Այդ հավերժական ուժով զորեղ
Ես եղբայրական հավատարմությունն եմ պահել,
Իսկ մեղքերս այն տարիներն են,
Որ ինձ մարդկանցից ավելի սիրելի են եղել:

Էլֆրիդե Ելինեկ

Էլֆրիդե Ելինեկը Նոբելյան մրցանակի է արժանացել 2004-ին «իր վեպերում և պիեսներում ձայների և հակաձայնների երաժշտական​​հեղեղի համար, որոնք արտասովոր լեզվաբանական եռանդով բացահայտում են հասարակության կլիշեների անհեթեթությունն ու նրանց հպատակեցնող ուժը»։



Եթե Հեսսեի դեպքում ունենք հայերեն թարգմանված բազմաթիվ պատմվածքներ ու վեպեր, ապա Ելինեկը հայ ընթերցողին հայտնի է իր «Դաշնակահարուհին» վեպով, որն էլ հեղինակին համաշխարհային ճանաչում է բերել։ Վեպը ներկայացնում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է։ Ելինեկի նույնպես առաջինը տպագրել է իր բանաստեղծությունները՝ «Լիզայի ստվերը» (Մյունխեն 1967թ.):

Ողբ

Դու ինձ
քաշել ես սրնգի միջով
ինչպես մի ճիչ…
Քո տավղի լարերը
դեմքիս
ծերպեր են
գծագրել…
Դու ինձնից խլել ես
իմ կարմիրն
ու ձայնս…
Չոր են
շրթունքներս,
իսկ աչքերս
ողբացող թռչունը
ցրել է
քամու մեջ…

Պետեր Հանդքե

Պետեր Հանդքեն Նոբելյան մրցանակի է արժանացել 2019-ին «իր ազդեցիկ աշխատանքի համար, որը լեզվաբանական հնարագիտությամբ ուսումնասիրել է մարդկային փորձի շրջագիծն ու առանձնահատկությունը»։



Հանդքեն համարվում է ամենավիճահարույց մրցանակակիրներից մեկը։ Նրան մեծապես քննադատել են իր քաղաքական հայացքների պատճառով, քանի որ 1990-ականների Հարավսլավիայի պատերազմի ժամանակ Հանդքեն դրսևորեց սերբամետ դիրքորոշում (նրա մայրական կողմը սլովենական արմատներ ունի)։ Սակայն դա չխանգարեց նրա գրական ձեռքբերումներին։ Լավագույն ստեղծագործություններից է համարվում «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակը։ Հանքեն հեռու չի եղել նաև պոետական ապրումներից, սակայն ի տարբերություն Հեսսեի ու Ելինեկը նրա բանաստեղծությունները հաջորդել են լավագույն արձակ ստեղծագործություններին՝ լույս տեսնելով 2018-ին իր համահավաք գրքում, որտեղ ներկայացված է հեղինակի արձակը, պոեզիան, պիեսները։

Բառերի եզրը

Մենք նստում ենք արահետի եզրին և զրուցում:
Ամենամեծ նեղությունը երկար ժամանակ է՝ մեր կողքին է, որովհետև սառցադաշտի եզրին հանգչում են դիակները:
Ո՞վ է կանգնում դաշտի եզրին, մայրուղու եզրին:
Քերի Գրանտը[1]:
Գերեզմանի եզրին մի որդ է պառկել՝ բահից ազատված:
Աղբավայրի եզրը չորանում է արդեն:
Սարսափելի ցուրտ կլինի, և կապիտան Սքոթը[2] կբռնի վերքը՝
եզրից թարախակալած:
Հոգնածության եզրին մենք բոլորս խոսում ենք գլխավոր նախադասություններով:
Մեռածի կեղտոտ գրպանների եզրին
մատներն ու եղունգներն են կողոպտիչների:
Մենք նստում ենք արահետի եզրին, արահետի եզրին և զրուցում ենք,
զրուցում ենք:
Որտեղ պետք է լինի բառերի եզրը, այնտեղ չորացած տերևը սկսում է
այրվել եզրերին, և բառերը գալարվում են
իրար մեջ անվերջանալիորեն դանդաղ.
«Տխրության այս եզրերը»:
Այս եզրը տխրության:

[1] Անգլիական ծագումով ամերիկացի դերասան:
[2] Խոսքը Մեծ Բրիտանիայի ռազմածովային թագավորական տորմիղի կապիտան, բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթի մասին է:

Բանաստեղծությունները գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը։

Արմինե Մուրադյան