Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 20:00 19-02-2023

Աննի Էռնո․ «Մադամ Ձվարանից» մինչև Նոբելյան մրցանակակիր

2022թ․-ին գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց Աննի Էռնոյին։ Նա 17-րդ և ազգությամբ ֆրանսիացի 1-ին կին հեղինակն է, որ երբևէ արժանացել է այս հեղինակավոր մրցանակին։
Էռնոյի ստեղծագործական կյանքն այնքան էլ հարթ չի ընթացել։ Իր կարիերայի սկզբում նա հիմնականում արհամարհվել է գրականագետների ու գրաքննադատների կողմից. նրա ստեղծագործությունները որակվել են անպարկեշտ, իսկ ֆրանսիական ամսագրերից մեկը նրան կնքել է «Մադամ Ձվարան» արատավոր մականվամբ։

Փարիզյան հրատարակիչներից մեկը Financial Times-ի հետ զրույցում ասել է․ «նրան արհամարհում էին, անվանելով՝ «փոքրամարմին գավառական ուսուցչուհի», «կին, որ գրում է միայն իր մասին»։ Հիմա էլ նա նման է Մարգարիտ Դյուրասին՝ գրում է իր մթերային ապրանքների ցուցակը, և բոլորը դա հիանալի են համարում:
Էռնոյի առաջին վեպը՝ “Les Armoires vides” («Դատարկ պահարանները») լույս է տեսել, երբ նա 34 տարեկան էր։ Ըստ Էռնոյի՝ նա գաղտնի է գրել վեպը՝ ձևացնելով, թե աշխատում է իր թեկնածուական թեզի վրա։ Երբ ֆրանսիական հեղինակավոր Gallimard հրատարակչությունը ստանձնել է վեպի տպագրությունը, նրա ամուսինը վրդովվել է. «Եթե դու կարողացել ես գաղտնի գիրք գրել, կարող ես նաև խաբել ինձ»։
Աննի Էռնոյի՝ “La Place” («Տեղը»՝ հայերեն թարգմանությունը Շուշանիկ Թամրազյանի, Եր․։ «Անտարես», 2017) և “Une Femme” («Մի կին») վիպակները համարվում են ֆրանսիական ժամանակակից դասընտիր գրականություն։



Էռնոն գրում է ֆրանսիական առօրյա կյանքի մասին, նկարագրում այն ամենը, ինչ կատարվում է իր շուրջ։ «Աշխարհի ճշմարիտ իրականությունը,- ասում է գրողը,- մոռացությունն է։ Մենք շատ բաներ ենք մոռանում հավաքական տեսանկյունից և միշտ զարմանում ենք, երբ օրինակ պատերազմ է սկսվում, ինչպես հիմա։ Դա ավելի շատ գալիս է մոռանալուց։ Գրել՝ նշանակում է պայքարել մոռացության դեմ»։
Առանց ավելորդ սենտիմենտալության, բայց սահուն ու նուրբ լեզվով նա գրել է իր նեղ անձնական ու տրավմատիկ փորձառությունների մասին՝ այդկերպ, փորձելով խոսել կանանց մտահոգող շատ ցավալի թեմաների, ծնող-երեխա, կին-տղամարդ հարաբերությունների մասին։
Աննի էռնոյի ստեղծագործությունները չեն համապատասխանում ո՛չ վեպի, ո՛չ ինքնակենսագրականի, ոչ էլ հուշագրության ստանդարտներին, այլ գտնվում են դրանց մեջտեղում՝ համարվելով յուրատեսակ իրապատում։ Հեղինակն ինքն իրեն չի ցանկանում սահմանափակել հատուկ ոճային կանոններով, այլ փորձում է ոճը համապատասխանեցնել իր ասելիքին։ Նրա հերոսուհին մի կին է, որը և՛ նա է, և՛ նա չէ: «Փորձել եմ իմ կյանքին նայել դրսից՝ այլ մարդու տեսանկյունից»,- ասում է նա։



Էռնոն աչքի է ընկնում իր ծայրահեղ ձախ քաղաքական հայացքներով, հանդես է եկել Էմմանուել Մակրոնի դեմ՝ աջակցելով «դեղին բաճկոնավորների» շարժմանը։ 2020-ին New York Times-ին տված հարցազրույցում ասել է․ «Ես սերում եմ մարդկանց այն դասից, որ կարող էին «դեղին բաճկոնավոր» լինել»։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների նման կողմնորոշմանը՝ շատերը դա վերագրում են Աննի Էռնոյի և Սովետական Միության դիվանագետի միջև եղած գաղտնի սիրավեպի արդյունք։ Ի դեպ, կյանքի այդ շրջանին նա անդրադարձել է իր ստեղծագործություններում, բայց թերևս ավելի մանրամասն նկարագրել է “Se perdre” («Մոլորյալը») ստեղծագործության մեջ։ Էռնոյի մագնում օպուսը համարվում է “Les Années” («Տարիները») վեպը, որի համար 2008-ին նա արժանացել է ֆրանսիական «Ֆրանսուա Մորիակ» մրցանակի։ Ի տարբերություն Էռնոյի մյուս ստեղծագործությունների՝ վեպը գրված է երրորդ դեմքով և նկարագրում է ֆրանսիական կյանքը 1940-2006թթ․, որտեղ նա անդրադառնում է և՛ արվեստին, և՛ քաղաքականությանը, և՛ մարդկային հարաբերություններին։ Guardian-ը անգամ համարձակվում է վեպը համեմատել Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» վեպի հետ։



Վեպի սյուժեն նորից հատվածներ են Էռնոյի կյանքից, բայց գլխավոր հերոսը Ֆրանսիան է, որ հեղինակը ներկայացնում է հերոսուհու միջոցով։ Հետաքրքրական է, որ Էռնոյի ոչ մի կերպար հիշվող չէ և ձուլվում է ընդհանուրի մեջ։ Նա երբեք չի հրաժարվում սոցիալական դետերմինիզմից, մինչդեռ օրինակ Լեւ Տոլստոյը, լինելով այս փիլիսոփայության հետևորդ, կերտել է հիշարժան կերպարներ։ Էռնոն հակադրվում է նաև Սարտրի էկզիստենցիալիստական փիլիսոփայությանը՝ համարելով, որ սեփական եսը կերտելը, իհարկե, գեղեցիկ բան է, բայց իրականում սոցիումն է կերտում անհատին։ Այլ կերպ ասած, նրա հերոսները հնարավորինս հասարակական կերպարներ են և ծայրաստիճան փոխկապակցված են իրար։
Ամեն դեպքում, Էռնոն հաջողել է ներկայացնել ու տալ այն, ինչ ուզում և պատկերացնում է որպես գրող, իսկ ընթերցողը ընդունել ու սիրել է հենց այդ ազնվությունը։ Նա ունի յուրահատուկ գրիչ, որ ունակ է իր շուրջ կատարվող ամեն ինչը գրականության վերածել։


Արմինե Մուրադյան