Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 19:00 20-02-2024

ԵՄ դիտորդներն Ադրբեջանի վրա ազդելու իրական հնարավորություններ չունեն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Հանդիպման ընթացքում Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023-ի փետրվարից, մանդատը երկու տարի է։ Պաշտոնական Բրյուսելի համոզմամբ՝ առաքելությունը «նպաաստում է սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ այս առաքելությունը ոչ մի արդյունք չի տվել։ Ըստ նրա՝ առաքելության արձանագրած միակ արդյունքն այն է, որ Հայաստանի համար նոր խնդիրներ են առաջացել իր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի Դաշնության և հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության համար։

«Եվրոպական միությունն այստեղ զբաղված է միայն քարոզչական գործունեությամբ, ցույց են տալիս, թե իբրև ներդրում ունեն տարածաշրջանի կայունության ապահովման գործում, սակայն նրանց հիմնական նպատակը տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխել և իրենց համար կարողանում են այդ խնդիրը հաջողությամբ լուծել»,- ասաց նա։

Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ Հայաստանն այս գործընթացից ոչինչ չի շահում, ընդհակառակը՝ կորցնում է։

Հարցին, թե այս առաքելությունն ինչպե՞ս է ազդում հայ-իրանական հարաբերությունների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Իրանը մշտապես խոսում է այն մասին, որ արտատարածաշրջանային ուժերը միայն լարում են մտցնում տարածաշրջանում, ինչպես նաև չեն նպաստում անվտանգության ապահովմանը։ Նա ընդգծեց, որ 2021-22 թվականներին Սյունիքում տեղի ունեցած սրացումների ժամանակ, ըստ էության, Իրանն է դարձել ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցող հիմնական ուժը, եթե չասենք երաշխավորը։

«Հիմա Իրանն, ըստ էության, հրաժարվում է այդ դերակատարումը ստանձնել՝ հղում անելով այն փաստին, որ ՀՀ-ն իր տրամադրած անվտանգային երաշխիքները փոխարինել է Եվրոպայից տրամարդրվող իբրև թե երաշխիքներով՝ դիտորդներով։ Իրանը լավ հասկանում է, որ ԵՄ-ի և ընդհանրապես Արևմուտքի նպատակն է ամեն կողմից մոտենալ իր սահմաններին, այնտեղ ռազմական ներկայություն ունենալ, որն իրենց համար որպես սպառնալիք են ընկալում։ Քանի դեռ ՀՀ տարածքից իրենց համար սպառնալիք կա, բնականաբար Իրանը պայքարելու է դրա դեմ»,- կարծում է նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ուշադրությունն է հրավիրում այն բանին, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս բարձրաձայնել է այս մասին։ Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին շատ հստակ և միանշանակ այդ մասին խոսեց։

«Դրա համար էլ ես կարծում եմ, որ եվրոպացի դիտորդների ներկայության պատճառով թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ առաջող խնդիրները միանշանակ ու անկհայտ են։ Այլ հարց է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները կարծես թե նպատակաուղղված են գնում այդ երկրների հետ հարաբերությունների վատացմանն ու սրմանը։ Այս մասին է վկայում նաև Մյունխենում Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունները՝ հիմնականում ուղղված Ռուսաստանին, բայց ինչու ոչ նաև Իրանի դեմ ուղղված բողոքներ է հնչեցրել այնտեղ, և ես համոզված եմ, որ դրանք նույնպես Հայաստանի համար անհետևանք չեն մնալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Մոսկվան ու Թեհրանն ամեն անգամ հղում են կատարելու Փաշինյանի այդ խոսքերին՝ իրենց անգործությունն ու ՀՀ-ի դեմ ուղղված քայլերն արդարացնելու համար։

Ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ եվրոպացի դիտորդների ներկայության շնորհիվ վերջին շրջանում սահմանին իրավիճակը բավականին հանգիստ է, իսկ Ներքին Հանդը, որտեղ վերջերս թշնամին սադրանքի գնաց, միակ տեղն է, որտեղ եվրոպացի դիտորդները չեն կարողանում մուտք գործել, ապա Մելիք Շահնազարյանը դրանք քարոզչական գնահատականներ որակեց։ Նա նշեց՝ Ադրբեջանի կողմից սադրանքների թիվը չի պակասել, բոլորովին վերջերս 4 զոհ ունեցանք։

«Այս պահին Ադրբեջանին զսպելու այլ գործիքներ կան, որոնք նույնպես կապված են տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Եվրոպացի դիտորդներն իրականում այստեղ ոչ մի դերակատարություն չեն ունենում, իսկ թե որքան է Ադրբեջանի վրա Եվրոպայի ազդեցությունը, մենք դա տեսնում ենք այն հարթակներում, որտեղ այդ երկրի հետ մրցակցություն է առկա։ Ակնհայտ է, որ Ալիևը ուշադրություն չի դարձնում եվրոպացիների ջանքերին, ցուցադրաբար արհամարհում է Շառլ Միշելի կազմակերպվող եռակողմ հանդիպումները և այլն»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս ամենից ելնելով՝ եվրոպացի դիտորդների վերաբերյալ հնչեցվող վերոհիշյալ գնահատականները որակում է ոչ թե փորձագիտական, այլ քարոզչական։ Նա նշեց, որ նրանք Հայաստանում Արևմուտքի քաղաքական շահերի տարածողներն են, ուստի նման հայտարարություններով են հանդես գալիս։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ