Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 ամիս առաջ - 21:30 16-02-2024

Հասարակությունը պատրաստ է. Փաշինյանին հեռացնելու համար մահապարտ առաջնորդներ են պետք

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ամիսներ շարունակ նախազգուշացնում էին փորձագիտական ու վերլուծական շրջանակները, Ադրբեջանը չի սահմանափակվելու Արցախի բռնազավթմամբ, իսկ Հայաստանի դեմ այդ երկրի հաջորդ ագրեսիան պարզապես ժամանակի խնդիր է։ Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակում գործեցին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղակայված հայկական դիրքերի վրա, որի հետևանքով 4 հայ զինծառայող զոհվեց։

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն ընդունեց անգամ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս բառացի հայտարարեց՝ Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ զարմանում է, որ դեռևս կան մարդիկ, ովքեր զարմանում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանն իր մարզային այցերից մեկի ժամանակ խոստովանեց, որ Հայաստանն ականապատված էր.

«Մի հատ հարց. իսկ ո՞վ է ականապատել Հայաստանը։ Հայաստանն ականապատել է թիվ 1 ականապատող Նիկոլ Փաշինյանը։ Նա այնպես է ականապատել Հայաստանի Հանրապետությունը՝ որ կողմ էլ գնանք, պայթելու է։ Ցավոք սրտի, պայթելու է ոչ թե այս իշխանությունը, այլ ՀՀ-ն, անկախ նրանից թե, որ կողմ կշարժվենք՝ հյուսիս, հարավ, արևելք, թե արևմուտք։ Ո՞ւմ բանակցությունների արդյունքում է այսօր Ալիևն այնքան սանձարձակ դարձել, որ թքելով միջազգային հանրության վրա՝ ամեն օր նոր ուլտիմատումներ է ներկայացնում»։

Զոհրաբյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, նշեց՝ պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը, Stratfor-ը, ինչպես նաև միջազգային այլ ճգնաժամայի կենտրոններն առաջիկայում նոր էսկալացիաներ են կանխատեսում։ Նրա խոսքով՝ բանաձևը շատ պարզ է. Ադրբեջանը փորձելու է փոքր ու լոկալ էսկալացիաներով լուծել իր խնդիրները։

Հասարակական-քաղաքական գործիչն ընդգծում է, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը փաստացի ամրագրում է այն, ինչի մասին խոսվում էր կուլիսներում։ Նա հիշեցրեց, որ հայտարարության մեջ ասվում էր՝ Հայաստանի իշխանությունների հետ կա պայմանավորվածություն, համաձայն որի՝ անկլավները պետք է վերադարձվեն։

«Ի՞նչ իրավունքով կամ ումի՞ց ստացած մանդատով է Նիկոլ Փաշինյանն Ալիևին խոստացել վերադարձնել այդ 8 անկլավային գյուղերը՝ 7-ը՝ Տավուշում, 1-ը՝ Արարատում։ Ես եղել եմ Տավուշի այդ բնակավայրերում և նորից պնդում եմ՝ այդ անկլավների վերադարձը Հայաստանը վերցնելու է ադրբեջանական բլոկադայի մեջ։ Այսինքն՝ մեր ամենակարևոր մագիստրալներից մեկը՝ ՀՀ-Վրաստան մայրուղին, հայտնվելու է Ադրբեջանի նշանակետի տակ, հանձնեցին Տիգրանաշենը՝ Քյարքին, ապա ամենակարևոր մյուս մագիստրալն է հայտնվելու թշնամու նշանառության տակ»,- ասաց նա։

Զոհրաբյանն ընդգծում է՝ խոսք անգամ չկա, որ Ադրբեջանն Արծվաշենը կվերադարձնի, բայց եթե անգամ այդ ամենի դիմաց դա տեղի ունենա, ապա Արծվաշենի ռազմավարական նշանակությունը 0-է։ Նրա համոզմամբ՝ երբ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլ տարբերակ չկա, ինքը դրանով հասարակությանը պատրաստում է նոր պարտության, նոր կապիտուլյացիաների։

«Ինքն ուզում է ասել, որ տարբերակը սա է՝ եթե չեք ուզում նոր պատերազմ, ապա պիտի համաձայնեք, որ հանվենք, պիտի, ըստ էության, ինչքան ուզում է Ալիևը հանվենք, մինչև ուր ուզում է հանվենք, պետք լինի մեր վարտիքներն էլ հանենք, որ Ալիևը չկատաղի, ինչպես ցուլը լաթից։ Ես էլ ասում եմ՝ կա երրորդ տարբերակը, որն այս հարցին գլոբալ լուծում կտա, դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, բայց քանի որ ես իրեն լավ գիտեմ, վստահ պնդում եմ, որ նա ոչ մի իրավիճակում իր կամքով հրաժարական չի տալու, իրեն այդ հրաժարակը պետք է պարտադրվի ժողովրդի միջոցով։

Ինքը ժողովրդական ալիքի վրա է եկել, իհարկե ժողովուրդն այդպես էլ չիմացավ, որ իր ցասումն ուղղորդվում էր արևմտյան խամաճիկավարների կողմից, բայց ինքը պիտի հեռանա փողոցով, փողոցով եկել է, փողոցով էլ պիտի հեռանա։ Որքան անտինիկոլ էլիտան ուշացնում է այս պրոցեսը, այնքան ամեն օր ունենալու ենք զոհեր և հանձնված հայրենիքի ևս մի կտոր»։

Հարցին, թե ընդդիմությունն ինչ կարող է անել, որ ՔՊ-ական իշխանությունը հնարավորինս քիչ զիջումներ անի բանակցություններում, ինչպես նաև պատերազմի վտանգը չեզոքացվի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այսօր ոչ մի անտինիկոլ գործիչ և քաղաքական ուժ չի կարողանալու այդ արհավիրքը միայնակ կանգնեցնել։ Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է մի կողմ դնի իր ամբիցիաները, վերջ նա ներկայիս մանկապարտեզին։

Նաիրա Զոհրաբյանը նկատում է՝ քանի դեռ ընդդիմության որոշ առանցքային ուժերի համար կարևորը ոչ թե իշխանափոխությունն է, այլ այն որ նոր իշխանությունը հենց իրենց դեմքով լինի, ոչինչ չի ստացվելու, Նիկոլ Փաշինյանի հաղթարշավը՝ թուրք-ադրբեջանական օրակարգով, շարունակվելու։ Ըստ նրա՝ առաջին պլան պիտի գա հայրենիքը փրկելու մոտիվացիան՝ առանց մտածելու, թե դրանից հետո ով կլինի իշխանության մեջ։

«Եթե այդ պարզ գիտակցումը լինի, կստացվի՝ պետք չի ժողովրդի գրպանը գցել՝ ասելով, որ ժողովուրդը պատրաստ չի։ Պատերազմից հետո ժողովուրդը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է, պարզապես չկան այն վճռական ու մահապարտ լիդերները, ովքեր կարող են ժողովրդին փողոցում կեսից մենակ չթողնել ու գնալ տուն։ Ահա այդպիսի լիդերշիփ է պետք, որը, ցավոք սրտի, այս պահին չկա»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ այս պահին կա արդեն ամենակարևորը՝ ջինը շշից բաց է թողնված, և Նիկոլը որքան էլ անի, այդ ջինը չի կարողանալու բռնել և խցկել շշի մեջ, որքան էլ Վահան Քերոբյանին կալանավորի, տնային կալանք տա և այլն։ Նա ասաց նաև, որ եթե Փաշինյանը վաղն անգամ իր ընտանիքի անդամներին կալանավորի, հասարակության էմոցիաները հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելու համար, ապա դա այլևս ազդեցություն չի ունենալու։ «Հասարակության ադեկվատ հատվածը, իսկ ես Ձեզ վստահեցնում եմ, որ դա 70%-ն է, այդ մասին են վկայում սոցիոլոգիական բոլոր հարցումները, ճիշտ և գրագետ մարտավարության դեպքում գալու է փողոց ու չի գնալու՝ մինչև այս իշխանության հրաժարականը»:

Դավիթ Գույումջյան