Երևան +13°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:00 13-02-2024

Ընդունիր՝ խաղամոլ ես, հաշիվդ փակենք․ Հայաստանի բուքմեյքերների ծանր կանոնները

Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներ ունեցող և դրանցից հրաժարվել ցանկացող քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնած։

Բանն այն է, որ քաղաքացին չի կարողանում ջնջել իր խաղային հաշիվը, որպեսզի այլևս չխաղա, փոխարենը բուքմեյքերական ընկերություններն առաջարկում են ժամանակավոր ապաակտիվացնել այն։

Խաղային հաշիվն ընդմիշտ արգելափակելու տարբերակ կա, քաղաքացին պետք է ընդունի, որ ինքը խաղամոլ է, կախվածություն ունի և դրա վերաբերյալ տեղեկանք ներկայացնի համապատասխան ընկերությանը, որից հետո նոր միայն տվյալ օգտատիրոջ խաղային հաշիվը ցմահ կարգելափակվի, բայց չի ջնջվի։

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից Oragir.News-ին հայտնեցին, որ միայն նախորդ տարի 12 տեղեկանք են տրամադրել, որ քաղաքացիները խաղամոլության հակում ունեն։

«Ընդհանուր կոնսուլտացիա է եղել 75 հոգու հետ, բայց այս 75 հոգու մեջ եղել են մարդիկ, որ խաղամոլությունը որպես հարակից հիվանդություն է համարվել։ Այսինքն՝ եղել են թմրանյութեր և խաղամոլություն, կամ ալկոհոլ և խաղամոլություն։ Նշված 75 քաղաքացուց 12-ին տրամադրվել է խաղամոլության վերաբերյալ տեղեկանք»,- հայտնեցին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից։

Oragir.News-ը կապ է հաստատել ՀՀ-ում գործող 3 խոշոր բուքմեյքերական կազմակերպությունների աշխատակիցների հետ, հետաքրքրվել, թե քաղաքացին ինչպես կարող է ջնջել իր խաղային հաշիվը, որպեսզի այլևս այն չվերականգնվի։

«Ջնջելու հնարավորություն չկա, կարող եք արգելափակել։ Ջնջելու համար կարող եք մոտենալ դատարան, թուղթ են տրամադրում, որ կախում ունեք խաղերից, այդ թղթի հիման վրա մենք արգելափակում ենք ձեր խաղային հասցեն և ձեր դիմելու դեպքում էլ չենք վերաբացում։ Բայց խաղային հասցեն չի ջնջվում, պարզապես չենք վերաբացում»,- պարզաբանեց Totogaming-ի աշխատակիցը։

Vbet (VIVARO)-ից էլ փոխանցեցին, որ խաղային հաշիվը ընդմիշտ արգելափակելու համար կախվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնել պետք չէ, այն օնլայն է լրացվում․

«Ընդհանուր ջնջել հնարավոր չէ, կարող եք արգելափակում կատարել։ Քանի որ Ֆինանսների նախարարության կողմից կա հոդված՝ փողերի լվացման և ահաբեկչության դեմ, այդ պատճառով տվյալները ընդհանուր չեն ջնջվում, պահպանվում են կադրերում։ Պարզապես կայքի կողմից կատարվում է արգելափակում էլեկտրոնային հասցեի միջոցով, կամ գրասենյակ մոտենալով՝ դուք կարողանում եք խաղային հաշիվն արգելափակել ընդմիշտ, այսինքն՝ ցմահ, երկարաժամկետ։ Դուք արգելափակումը կարող եք կատարել էլեկտրոնային հասցեի միջոցով, ուղարկեք հաղորդագրություն, նշեք, որ կախվածություն ունեք, կամ գումարային կորուստ է ձեզ մոտ, ցանկանում եք խաղային հաշիվն արգելափակել ընդմիշտ՝ առանց վերաբացման պայմանով,ապա այն կարգելափակվի առանց վերաբացման պայմանով»։

Ճշտող հարցին՝ անհրաժեշտության դեպքում այս տվյալները հնարավո՞ր է տրամադրվեն նախարարության կամ այլ գերատեսչության աշխատակիցներին, Vbet-ի աշխատակիցը պատասխանեց․

«Եթե նմանատիպ կարիք է լինում, կամ թղթաբանության հարցեր են լինում, կայքի կողմից տեղեկանքներ կամ նմանատիպ քաղվածքներ տրամադրվում են, բայց միայն իրավապահ մարմիններին և նախարարությանը, այլ անձանց չի տրամադրվում։ Պարզապես նման դեպքի ես չեմ առնչվել»։

Adjarabet-ից հետևյալը հայտնեցին․ «Adjarabet-ի էջը հնարավոր չէ ջնջել, սակայն հնարավոր է արգելափակել առավելագույնը 5 տարի ժամկետով։ Այսինքն՝ծառայությունները ձեզ համար անհասանելի են լինելու, 5 տարի հետո այն վերաբացվելու է, որից հետո կարող եք դիմել և նորից 5 տարով արգելափակել։

Մյուս դեպքում, երբ դուք նման տեղեկանք եք մոտեցնում սպասարկման սրահ, ձեր խաղային հաշիվն արգելափակվում է և արգելաբացման ենթակա է լինելու, եթե դուք նորից մոտենաք սպասարկման սրահ։ Ուսումնասիրություն կիրականացվի, որից հետո որոշում կկայացվի՝ բացե՞լ խաղային հաշիվը, թե՞ ոչ։ Սակայն ջնջել խաղային հաշիվը հնարավոր չէ»։

Ստացվում է, որ քաղաքացին խաղային հաշիվը կարող է ցմահ արգելափակել միայն խաղամոլության հակում ունենալու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուց հետո, ինչը ենթադրում է խաչ քաշել սեփական կարիերայի վրա։