Անկեղծ ասած՝ մտքովս անգամ չէր անցնում, որ անհրաժեշտ կլինի հերքել այն պնդումը, թե ինչ-որ մեկը իմ համար միջնորդել կամ խնդրել է Վահագն Ալեքսանյանին։ Ինձ ճանաչող մարդկանց համար նման պնդումը միայն ժպիտ կարող էր առաջացնել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ ոչ ոք առանց իմ թույլատվություն չի կարող իմ հարցով ինչ-որ մեկին խնդրել, պայմանավորվել կամ միջնորդել։
Երկրորդ՝ Վահագն Ալեքսանյանն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ որևէ մեկի մտքով անգամ անցնի իրեն դիմել։ Նախ պետք է դիմելու սուբյեկտ լինես, որպեսզի որևէ մեկը քեզ դիմի։
Վահագնի պարագայում, կարծում եմ, այս նախապայմանն ակնհայտորեն բացակայում է։
Երրորդ՝ եկեք պատկերացնենք, որ միջադեպից հետո ես վախեցել, անհանգստացել և դիմել եմ մեր պատգամավորներից որևէ մեկին՝ խնդրել-պայմանավորվել նրա հետ։ Վստահեցնում եմ՝ նույնիսկ իմ ամենահամառ խնդրանքների դեպքում մեր պատգամավորների մեջ չէր գտնվի մեկը, որը Վահագն Ալեքսանյանին խնդրանքով կդիմեր։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի, հենց այս սկզբունքային դիրքորոշման վրա է նաև կառուցված մեր թիմը:
Ի վերջո, ինչքան պետք է անարժեք մարդ լինես, որ Վահագն Ալեքսանյանին որևէ բան խնդրես։ Հուսով եմ՝ նման տպավորություն չենք թողել։
Իրականում այս հարցին ընդհանրապես չէի անդրադառնա, եթե տարբեր հարթակներում այն չշրջանառվեր։ Կարծում եմ՝ բնական է, որ նման հարցեր են առաջացել, բայց եթե այդ հարցերը տվողները գոնե փոքր-ինչ ճանաչում են ինձ, ապա նման բան նրանց մտքով անգամ չպետք է անցներ։ Իսկ եթե անցել է, ապա առնվազն հիմա պարզաբանումս պետք է բավարարի։
Հ.Գ. 4-րդ անգամ չպայմանավորվելու արդյունքում կալանավայրում հայտնված Քոչարյանի դեմքն ուղղակի պատկերացրեք, երբ հանկարծ լսի, թե մենք Վահագնին ինչ-որ բան ենք խնդրել-պայմանավորվել»։